Մրցակցային բառը պետք է հանել մշակույթի դիսկուրսից

Մրցակցային բառը պետք է հանել մշակույթի դիսկուրսից
«Հեղափոխություն՝ մշակույթո՞վ, թե՞ առանց մշակույթի» թեմայով այսօր Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրել էր քննարկում, որին մասնակցում էին մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, ճարտարապետ Միսաք Խոստիկյանը, բանաստեղծ Վիոլետ Գրիգորյանը, «Հայեր» համահայկական մեդիահարթակի գլխավոր խմբագիր Արայիկ Մանուկյանը, նկարիչ Սամվել Սաղաթելյանը։ Լիլիթ Մակունցը, շուրջ երկու ամիս աշխատելով որպես նախարար, եկել է այն եզրակացության, որ պետք է ապահովել թափանցիկ եւ հավասար մրցակցության դաշտ, նաեւ՝ ներքեւից վերեւ պետք է փնտրել լուծումներ։ Իսկ արվեստագետներից էլ պետք է ակնկալել օրիգինալ արժեքների ստեղծում։



Վիոլետ Գրիգորյանը հակադարձեց, թե մրցակցային բառը պետք է հանել մշակույթի դիսկուրսից, պետությունը պետք է ունենա մշակույթի զարգացման տեսլական։ Իսկ մրցակցայինը, ըստ նրա, կոմերցիոն, սպառողական հասարակությանը բնորոշ տերմին է։ Արվեստը, ըստ Վիոլետի, կարող է անմիջապես պրոդուկտ չտալ, բայց արվեստագետները կարող են ակնկալել համապատասխան մթնոլորտ։ Իսկ դա կարող է կապ չունենալ փողի հետ։ Միսաք Խոստիկյանն էլ կարծում է, որ ստեղծագործական հարցերը չպետք է դրվեն անորոշ կոնտեքստի մեջ, մեթոդիկ խոսակցություններ պետք է ծավալվեն։ Սամվել Սաղաթելյանը նկատում է, որ իր մոտեցումներում առաջնային է արվեստը, մշակույթը ստեղծվում է դրա հիմքի վրա։ Արայիկ Մանուկյանը հիշեց, թե տարբեր երկրներում՝ Շվեդիայում, Իրանում, Վրաստանում, այլուր կինոյի զարգացման ինչ մոդելներ են գործում։



Եվ քանի որ նա առավելապես հետաքրքրված է կինոյով, ասաց, թե ինչպես է Շվեդիայի դոկումենտալ կինոյի հիմնադիրներից մեկն արձագանքել իր այն հարցին, երբ հետաքրքրվել է, թե Շվեդիայում անցնո՞ւմ են արվեստի պատմություն, թե՞ ոչ։ Պարզվում է, որ Շվեդիայում չեն անցնում արվեստի պատմություն արդեն 25 տարի, ինչից էլ Արայիկ Մանուկյանը եզրակացնում է, որ մենք 25 տարով հետ ենք մնացել։ «Իրենք ավարտում են բուհը, նկարում են վավերագրական ֆիլմեր, մենք ավարտում ենք, չենք իմանում, թե ոնց բռնենք տեսխացիկը»,- ասաց Արայիկ Մանուկյանը։ Իսկ մշակույթի նախարարությունը, ըստ նրա, պետք է լինի 10-15 հոգանոց կառույց, որը կզբաղվի ժառանգության պահպանմամբ, քաղաքականության մշակմամբ։