Երթուղին սպասարկող ընկերությունը հրաժարվել է սպասարկել Արարատի մարզի սահմանամերձ գյուղերին

Երթուղին սպասարկող ընկերությունը հրաժարվել է սպասարկել Արարատի մարզի սահմանամերձ գյուղերին
Արարատի մարզի Նորամարգ, Ռանչպար և Հովտաշեն համայնքները, կարելի է ասել, 4-5 օր է մեկուսացված են։ Բանն այն է, որ վերոնշյալ համայնքներից դեպի Երևան աշխատող տրանսպորտը արդեն մի քանի օր է՝ բնակիչներին չի սպասարկում։ Ինչպես մեզ հետ զրույցում ասաց Նորամարգ համայնքի բնակիչներից մեկը, երթուղին սպասարկող ընկերությունը որպես պատճառաբանություն է ներկայացրել ճանապարհների վատ վիճակը՝ ասելով, որ ճանապարհների ոչ բարվոք վիճակի պատճառով իրենք վնասով են աշխատում, ուստի հրաժարվում են երթուղին սպասարկել այնքան ժամանակ, քանի դեռ ճանապարհները չեն նորոգվել։ Արդյունքում տուժում են համայնքների բնակիչները․ գյուղատնտեսական այս եռուն շրջանում, երբ պարբերաբար գյուղմթերք էին տեղափոխում Երևան, այլևս չեն կարողանում հասնել մայրաքաղաք․



«Նորամարգ, Ռանչպար և Հովտաշեն գյուղերում Երևանի հետ կապող տրանսպորտը մի քանի օր է սկսում է ընդհանրապես չաշխատել։ Մինչ այս նորմալ աշխատել է, հիմա պատճառաբանում են, որ ճանապարհների վիճակը շատ վատ է, դրա համար չեն աշխատում, ու կաշխատեն էն ժամանակ, երբ որ ճանապարհները կնորոգվեն, բայց այդ դեպքում էլ տուժում է բնակիչը։ Մենք էլ ասում ենք՝ եթե դուք վնասով եք աշխատում, էն ժամանակ, երբ էդ գիծը դուք շահեցիք, տեսաք, չէ՞, որ էդ պայմաններն ա, համաձայնեցիք, չէ՞, որ աշխատեք, հիմա մինչև վերջ աշխատեք, ի՞նչն է պատճառը, որ հիմա չեք աշխատում։ Իրենք ասում են, որ գյուղապետները սարքեն, մենք էլ մի քանի անգամ բացատրել ենք, որ գյուղապետները սարքելու լինեին, մինչև հիմա կսարքեին, դժվար գյուղերը էդպիսի միջոցներ ունենան, որ էդ ճանապարհները ասֆալտապատեն, առավել ևս՝ էն ճանապարհները ասֆալտապատեն, որոնք համայնքի տարածքից դուրս են։ Ամեն դեպքում նոր ընտրված գյուղապետներ են, ամեն միջոց օգտագործում են, որ էդ հարցը լուծվի, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ իրենցից կախված հարց չի։ Ես առավատյան զանգահարեցի տրանսպորտի վարչություն, ուրեմն էնպես ներկայացրին, որ տեղյակ են խնդրին։ Եթե տեղյակ են ու խնդիրը չեն լուծում, ի՞նչ է՝ բնակիչները պետք է ծայրահեղ քայլերի դիմե՞ն, որ հարցը լուծվի։ Էդ տենդերը պայմանագրով են, չէ՞, շահել , եթե չեն աշխատում, թող համապատասխան պատասխանատվության ենթարկեն, էնպես չէ, որ երբ ուզեն աշխատեն, երբ ուզեն՝ ոչ։ Եթե պայմանագիր է կնքում, ծառայություններ պետք է մատուցի, եթե չի մատուցում, պետք է պատասխանատվության ենթարկեն։ Կամ հասկանանք՝ եթե չեն ուզում աշխատել, թող նոր մրցույթ հայտարարեն, կարող է մարդիկ լինեն, որ էդ պայմաններում ուզենան աշխատել։ Իրենք ուզում են գյուղապետների վրա ճնշում գործադրեն, որ էդ հարցը լուծեն, բայց դա հաստատ գյուղապետների լուծելու հարցը չի։ Մենք՝ բոլորս էլ հասկանում ենք, որ ճանապարհ ասֆալտապատելը իրենից լուրջ ծախսեր է ենթադրում, որ սարքող լինեին, մինչև սա կսարքեին, ի՞նչ է, մի գազելի գծատեր պետք է ասի՝ սարքեք, նո՞ր պիտի սարքեն։



Նորամարգ համայնքի նորանշանակ ղեկավար Արման Թադևոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ խոսել է երթողին սպասարկող կազմակերպության տնօրենի՝ ոմն Կարենի հետ, իրեն ասել է, որ համայնքի նախկին ղեկավարները իրեն խոստացել են ճանապարհները նորոգել, սակայն նրանք այլևս չեն աշխատում, իսկ ինքը շահագործումից ավելի շատ վնաս է ստանում, քան օգուտ․



«Համայնքի տրանսպրոտը՝ Մասիս- Երևան և Մասիս- Նորամարգն է, այդ երթուղին աշխատում է, իսկ Երևան- Նորամարգ երթուղին Նորամարգի գիծը չէ, ուղղակի Նորամարգի մեջով այդ գիծը անցնում է։ Ես տենդերը շահողի հետ խոսել եմ, ինքը մի 3-4 ամիս առաջ էլ՝ մինչև իմ ընտրությունները հրաժարվում էր ճանապարհի ոչ բարվոք լինելու պատճառով։ Մեր ուժերով ճանապարհը ինչքան կարողացել ենք, փոսային լցումներ ենք կատարել, ինչ -որ չափով նորոգել ենք։ Նորաշենում արդեն սկսել են աշխատել, մի անգամից չենք կարող ճանապարհները նորոգել, դա տևում է ամիսներ, 3կմ է Նորամարգի ճանապարհը, ինչպե՞ս կարող ենք միանգամից այդ հարցը լուծել, ուզում են, որ միանգամից կտրուկ էդ հարցը լուծվի։ Բնականաբար, եթե մրցույթին մասնակցել են, ճանապարհը տեսել են, այնպես չէ, որ ճանապարհը բարվոք է եղել, մենք եկել քանդել ենք, որ իրենք քանդած ճանապարհով երթևեկեն։ Ինքը միջպետական ճանապարհ է, համայնքի ճանապարհը չէ, մեր ենթակայության տակ չէ, իմ ուժերի չափով ինչ կարողանում եմ, անում եմ՝ այստեղից այս մեկին, այտեղից այն մեկին խնդրելով։ Ես ուղղակի զարմանում եմ՝ այդ մարդը, որ շահել է մրցույթը, չի՞ տեսել՝ ինչ վիճակ է այդ ճանապարհը, տեսել է, չէ՞։ Ինքը ասում է՝ ինձ խոսք են տվել, հիմա ինձ խոսք տվածները դուրս են եկել աշխատանքից, բա ես ի՞նչ անեմ»։



**Կորյուն Սիմոնյան**