Հաղթական ճանապարհը, կամ ուղղակի՝ Գարեգին Նժդեհ

Հետևեք մեզ նաև Տելեգրամում
Հաղթական ճանապարհը, կամ ուղղակի՝ Գարեգին Նժդեհ
Երջանկություն է գրել, մտածել, վերընթերցել մի հերոսի պատմություն, որը մեր ժամանակի ոգին է դարձել: Եթե փորձեմ հակիրճ բնութագրել Նժդեհին, ապա պիտի մեջբերեմ մեծանուն գրող Չարենցի «Մահվան տեսիլ» բանաստեղծությունից հատված, որն անկախ ինձնից իրեն է հիշեցնում.



Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,

Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան.

Եվ թող տեսնեն ի՛մ աչքերի մեջ կախվածի,

Իմ բո՛րբ երկիր, լուսապսակ քո ապագան:



Նա այն միակն էր, որ ապացուցեց աշխարհին՝ հաղթությունները ռազմական տեխնիկաներով, անթիվ-անհամար զորքերով և զորագնդերով չեն կերտվում, այլ սեփական ուժերի նկատմամբ եղած մեծ հավատով և նույն այդ երկրի նկատմամբ ունեցած նվիրումով: Նժդեհյան նամակագրություններում անթիվ գեղեցիկ պատկերներ կան: Մտքերը ապրված երազանքներ են, որ հիմա էլ՝  անկախ հայրենիքի մեծ երազանքը կարողանում են տարածել մարդու մեջ: Տարբեր շրջաններում գրված նամակագրություններում հաղորդվում է լավատեսությունը և պատում է այսօրվա մարդուն: Իմ կիսախամրած հավատը ներկվում է իր հավատի գույներով և զորացնում այսօրը: Յուրաքանչյուր ժամանակաշրջան ունի իր ավերիչ քարը, որով էլ հետաքրքրացնում է մարդու ընթացքը: Իր նման եթե կանգնել կարողանանք ճագատագրից մեզ բաժին ընկած այդ ավերիչ քարի առջև, ապա մեր հավատի հաշվին այդ քարը կփշրվի և մեզ կբացվեն նոր հորիզնոններ...

Հոդվածներում, նամակներում շեշտը դրված էր  վաղուց իրենց հայրենիքում ապրող, բայց օտարված հայրենակիցներին դեպի հայրենիք վերադարձնելու մեծ ցանկությունը: Հզոր հայրենիք ունենալու գաղափարի ճանապարհին նա զոհաբերեց ինքն իրեն, իր ընտանեկան երջանկությունը և ուղղակի բարեկեցիկ կյանքը: ժամանակի մեջ եղած պիղծ քամիներն անգամ անզոր էին կոտրել այդ մեծ նվիրումի գաղափարները, որոնց մեջ իր ողջ կյանքն էր քամել: Օրինակ՝ նա իր դուստր Լիլիային նամակ գրեց, որի մեջ անսահման թախիծ կար, բայց ոչ երբեք իր ճանապարհի նկատմամբ ափսոսանք.



«Իմ թանկագին դուստր Լիլիա



...Հասկանալու համար, թե նամակդ կարդալիս ինչ վերապրեցի, պետք է այնպիսի ողբերգական ճակատագրով հայր լինել, ինչպիսին ես եմ : Չէ՞ որ սիրելիս, ես քեզ չեմ տեսել: Երբ դու ծնվել ես, ես Երևանում չեմ եղել: Մայրդ ինչպես է քեզ մեծացրել, չգիտեմ, բայց ենթադրում եմ, որ հեշտ չի եղել: Ես հավերժ երախտապարտ եմ նրան՝ մորդ : Նա անհնարինության չափ բարի էր, քնարական խառնվածք ուներ, իդիալներով կին էր. մի խոսքով՝ հրաշալի մարդ, բայց մեզ վիճակված չէր միասին ապրել... Երջանիկ կլինեմ, եթե ուղարկես մորդ, քո և իմ սիրելի թոռնուհիների լուսանկարները: Համբուրում եմ բոլորիդ :

Քո հայր Գարեգին 12 ապրիլի, 1955 թ.»



 Պիտի փաստեմ, որ նժդեհյան ոգեշունչ նամակներում հենց հոգու չխմբագրված այն շնչավոր խոսքն էր, որով այսօրվա հուսլաքված հոգիներն են զորանում: Բանտային անհրապույր պայմաններում շատ մարդիկ ուղղակի լքում են իրենց գաղափարները հանուն լավ պայմանների, հանուն ազատ կյանքի, իսկ Նժդեհի մոտ հայրենիքի արմատները, երկրի հետ միահյուսված, գնում էին իրենց անկասելի ընթացքով: Նժդեհի երազանքներն ու երազները նաև իր բանտային գրառումների մեջ են ամփոփվում, երբ հավատով լցված իր պատգամներն էր շարունակ տալիս մեզ՝ եկողներիս: Այդ բանտային գրառումներում երևում էր նրա՝ դեպի իրական Աստծո տաճար ճախրել պատրաստվող գեղեցիկ հոգին: Մահին պարտության մատնած և շարունակ խավարի իշխանության մեջ մնալով՝ նա կրկին ուսուցանում էր մեզ, որ հայրենիքի ամենամեծ միավորը սեփական երկրի մշակույթի հանդեպ ունեցած սերն է, որ դարձնում է մարդուն հայրենապաշտ և իր թշնամիների դեմ կանգնեցնում նրանց՝ որպես երկրի մահապարտ զինվորներ...



Նժդեհը գիտեր երկրի պատմությունը: Նա, սիրահարված լինելով սեփական երկրի պատմությանն ու մշակույթին, կարողանում էր կյանքի ամենադաժան պայմաններում չխոնարհվել թշնամու առաջ և իր անսահման զորությամբ ստեղծում պայքարի նոր ուղիներ: Հենց մշակույթի նկատմամբ ունեցած  այդ մեծ սերը հաղթեց  բոլոր այն թշնամիներին, որոնք ունեին այս երկիրը քանդելու մեծ ցանկությունը...

 Լուսահոգի հզոր արձակագիր Հրանտ Մաթևոսյանն էր ասում. «Երկրները առհասարակ պարտվում են իդեոլոգիաների պարտությունից հետո, մշակույթների պարտությունից հետո, երկրները, պետությունները զոր ու զորքով գրոհում են, իհարկե, մշակույթների նախնական գրոհումներից հետո։ Եվ մի մշակույթը տեղի է տալիս մի այլ մշակույթի, որից հետո հաջորդում է գրոհող երկրի զորքերի ներխուժումը»: Այո՛, մշակութային պարտությունից հետո սեփական երկրիդ զինվորն անգամ իրական վտանգ է հանդիսանում հենց հայրենիքի համար...

 Իր բանտային գրառումներից մեկում Նժդեհն հետևյալն էր քարոզում. «Ազգերի կեանքը, ըստ էութեան, գոտեմարտ է մահուան հետ: Նրանք՝ ազգերը, միայն այն չափով են կենսունակ ու ստեղծագործ, ինչ չափով վերապրած և իմաստավորած են իրենց անցեալը, իրենց պատմութիունը»:



Այս զորավոր պատգամով նա ինձ ու եկողներին սովորեցնում է՝ սեփական հայրենիքի պատմության նկատմամբ չլինել անտարբեր, ու,  որ սեփական երկրի մշակույթը չճանաչելով՝ չես կարող երկիրդ անսասան պահել քո ժամանակում և փոխանցել անվնաս եկող սերունդներին...

1912 թվականին սկսվեց Բալկանյան առաջին պատերազմը: Նա թուրքի դեմ կռվելու համար Անդրանիկի հետ միասին ստեղծեցին կամավորական մի վաշտ: Այդ պատերազմում անգամ Նժդեհը վիրավորվել է: Մեր վաշտը աչքի ընկավ մի շարք հաղթական մարտերով: Բալկանյան պատերազմի տարիներին նաև ցավալի վեճ եղավ հայկական վաշտի երկու ղեկավարների միջև: Դրա արդյունքում՝ մենք նորից պառկտվեցինք...



Առաջին աշխարհամարտին ցարական կառավարության կողմից ներման արժանանալուց հետո վերադառնում է Կովկաս, որ մասնակցի կրկին Թուրքիայի դեմ մղվող պատերազմին: Նա այդ կռիվների սկզբնական շրջանում եղել է հայկական կամավորական երկրորդ գնդի փոխհրամանատարը, իսկ հետո՝ անձամբ ղեկավարել առանձին զորամաս: Իր զորքերով Նժդեհը 1918 թվականի մայիսին վճռում է ազգի ճակատագիրը: Հենց Ալեքսանդրապոլում կռվի բռնվելով թուրքական զորքերի հետ՝ Նժդեհն իր խմբով նահանջում է դեպի Ղարաքիլիսա: Ղարաքիլիսայում էին նահանջի մատնվել նաև խուճապի մատնված մեր հայ փախստականները: Այդ օրհասական պահին մեր ազգն իսկապես կանգնած էր ճակատագրական մի փուլում, որտեղ այսօրվա Հայաստանը կարող էր մնալ միայն երազանք մազապուրծ եղած հայորդիների կողմից: Նժդեհի ոգեշնչող, ապրեցնող, զորավոր ձայնը շունչ է հաղորդում զորքին և բարձրացնում նրանց մարտական ոգին: Դիլիջանի եկեղեցու բակում էր հենց, որ նա իր անպարտելի կեցվածքով, իր հաղթական ճառով կարողացավ հոգեփոխել հուսալքված, հավատը կորցրած, այդ զորավոր խոսքին կարոտ հայերին և նրանց առաջնորդեց դեպի բախտորոշ ճակատամարտ: Իր հայտնի «Դեպի ճակատ, այնտեղ է մեր փրկությունը» վճռական, ինքնավստահ ձայնով բերեց հաղթանակը մեր: Նրա արարքները մերկապարանոց քմահաճույքներ չէին, նա իսկական առաջնորդ էր և շատ լավ էր գիտակցում առաջնորդի դերն ու նրա վրա դրված պատասխանատվության աստիճանը. «Անեծք է առաջնորդի տգիտությունը, եսականությունը, նախանձը: Չի եղել ավելի զարհուրելի թույն, քան վատ օրինակը առաջնորդի, որ միշտ վարակիչ է: Եսակա՞ն է` անասնանում են նրա հետ առնչվողները: Ծո՞ւյլ է մտաւորապես` հոգեւոր հնավաճառներ են դառնում նրան շրջապատողները: Անհայրենապա՞շտ է – հակահայրենիք հրեշներ են վխտում նրա շուրջը: Իսկ անարի է` զգալիորեն երկչոտ են դառնում նրա իշխանությունը վայելողները»:



Ղարաքիլիսայի եռօրյա հերոսականով հայը հաստատեց իր  հարատևելու անվերջանալի կամքը այս տիեզերքում գտնվող մոլորակի վրա, և այդ հավաքական կամքի զորացման գործում անուրանալի էր Գարեգին Նժդեհ երևույթը... 



Ղարաքիլիսայում վարած կռիվների համար Նժդեհը նաև արժանացել է քաջության շքանշանի: 1918 թվականի վերջին Նժդեհը նշանակվում է Նախիջևանի գավառապետ, հետո՝ 1919 թվականի օգոստոսին՝ Կապանի, Արևիկի և Գողթանի ընդհանուր հրամանատար: Ամենադաժանը դեռ առջևում է: ԵՎ ահա Նժդեհը 1919-1921 թվականներին, ապավինած հայկական լեռներին, իր սեփական անպարտելի ոգու զորությանը, «ատամներով» պահպանեց Զանգեզուրը և տվեց մեզ շրջափակումից խուսափելու գեղեցիկ այօրը: Այս անկախական, հզոր կերպարը, երբ 1920թ-ին քննարկվում էր Կարմիր բանակի ներխուժման դեմն առնելու խնդիրը,   բոլորի՝ այդ թվում և Դրոյի հետ տարաձայնություններ ունենալով, մնաց իր սկզբունքներին անդավաճան: Սյունեցին Նժդեհի ղեկավարությամբ վարեց իր հաղթական դյուցազնամարտը, որն ինձ համար իսկապես մի նոր Ավարայր էր: Հայաստանի կառավարությունը ավելորդ խնդիրներ ունենալուց խուսափելու համար պարզապես ոչ մի կերպ չփորձեց ինչ-որ բան անել այս հարցի վերաբերյալ: Նժդեհյան այդ քաջության և նվիրվածության հաշվին, իր զորքի զորավոր ոգու իրողության հաշվին նա անիրականը ուղղակի իրականություն դարձրեց և մատուցեց սեիորնդներին: Նա պարզապես չկատարեց իր ռազմական նախարարի՝ Սյունիքը թողնելու հրամանաը: Նժդեհն իր դավիթբեկյան ուսմունքով անմահացրեց հայ զինվորին ու փշրեց բոլոր թվացյալ պարիսպները՝ հիմնելով Լեռնահայաստանը: Որոշ ժամանակ հետո նա հեռացվում է դաշնակցությունից, բայց շարունակում է իր գաղափարակից ընկերոջ՝ Հայկ Ասատրյանի հետ տարածել ցեղակրոնության գաղափարը հայության մեջ: «Կար Ցեղակրոն շարժման անհրաժեշտությունն ընդգծող մի կարևորագույն հանգամանք ևս. դա մեր հին սերնդի քաղաքական տեղատվությունն էր Թուրքիայի նկատմամբ: Մեր հին կուսակցությունները սկսել էին լքել Հայկական հարցն ու համակերպվել այն մտքի հետ, որ պետք է հրաժարվել Թուրքիայում մնացած հայկական տարածքներից ու մերձենալ թուրքերի հետ: Այդ ուրացումը երիտասարդ սերնդի աչքում մեզ կդարձներ արհամարհելի ժողովուրդ»,-այսպես էր ասում Նժդեհը...



Չցանկանալով Նժդեհի կյանքի՝ ինձ համար ցավալի էջերը հիշատակել և այդ ցավը վերապրել՝ ուղղակի պետք է ասեմ, որ նրա կյանքը գեղեցիկ տրվեց մեր ներկային: Այո՛, հե՛նց գեղեցիկ, որովհետև հայրենիքի սահմանագծում եղած լեռներից եմ զրուցել այդ անպարտ ոգու հետ և զգացել հայի՝ հավերժություն գնացող ընթացքը այս մարտահրավերնորում: Նա հայրենիքի երազած որդին էր, որ ծնվեց ու նորից, յուրովի շնչավորեց Դավիթ Բեկին, Մամիկոնյան սպարապետին, Տիգրան Մեծին և այլ ժամանակի մեջ ննջած քաջերին: Նժդեհի վիրավոր սպիներով ծածկված մարմնի համար անկախ հայրենիքն էր սպեղանին: Նրա գործողություններն առաջ մղողը ոչ թե սերն էր հայրենիքի նկատմամբ, այլ պաշտամունքը դեպի հայրենիքը.



«Սիրե՞լ – սիրում են և՛ շուկան, ուր կարելի է շահել, սիրում են դրամը, հաճույքը, հարմարավետությունը,- անցողական, սակավարժեք հազար ու մի բաներ։ Իսկ Հայրենիքը – դա, իբրև գերագույն արժեք, պատկանում է սրբազան այն առարկաների կարգին, որոնք պաշտվում են նաև։ Սիրում ենք շատ բաներ, բայց արյուն չենք թափում նրանց համար։ Հայրենիքը, սակայն, պահանջում է ոչ միայն մեր սիրտը, այլև մեր արյունը, և դա անհրաժեշտ է իր գոյության համար։ Սերն ավելի իրավունք է ճանաչում, պաշտամունքը՝ պարտականություն»: Յուրաքանչյուր հայ պիտի գիտակցի՝ նժդեհյան ոգի արարողը նաև իր ոգու արարողն է, և որ այդ հզոր գիտակցությամբ պաշարել կարողանանք այսօրվա մարտահրավերներին ու այդ գեղցիկ սլացքով արժանապատիվ ազատությունը բերենք եկող սերունդներին...



Այսօր մեր հայրենիքը առավել քան վտանգված է դառնում մեզ համար ոչ այնքան արտաքին ուժերի կողմից, որքան մեր ներքին թշնամիների: Երբեմն հայրենասիրության պակասի պատճառով մարդու ոգին փտում է մարմնի մեջ, դառնում է անհաղորդ մի նեխաջուր, ու այդ անհաղորդությանը առերեսվելով, զգալով, շնչելով հոգու նեխած հոտը՝ մարդը դառնում է բարի դիմակով, մորթապաշտ մի ոչնչություն...

 Ինտերնետային իրականությունը դատարկում են մանկական խաղահրապարակները և տեղը զիջում մանկության գեղցիկ հատվածը մշտապես դատարկ պահող ժամանակավրեպ բաներին: Յուրաքանչյուր անժամանակ հաճույք՝ թույն է, երբ այն անժամանակ ես վայելում: Այդ բաները երեկվա հրեշներն են հորինել, որ անժամանակ թմրանյութի տեղ մատուցեն մեր անմեղ ձագուկներին և սպանեն նրանց մեջ ապագա Նժդեհներին: Մեր տխուր, չմարսված արյունով լի պատմության մեջ իրական առաջնորդի, առաջնորդողի տեսակը վեր է հառնում Գարգեին Նժդեհի կերպարի մեջ: Նրա բարի կերպարի մեջ ներդաշնակ հոսում են և՛ երազողը, և՛ զինվորը, և՛ ապրեցնող, շնչավորող հայը, և՛ պարզապես մեծ սպարապետ հերոսը, որ անխնա նվիրվել էր հայոց հավերժական ու անկասելի ընթացքներին: Այդ անկասելին հենց իրենով ու իր տեսակով էր դառնում անկասելի: Նժդեհի գործունեությունը, նրա ճակատագիրը ոչ թե մեկ հոգու պատմություն է, այլ մի ամբողջ ազգի ճակատագիր: Մեր ազգը ողբերգական պատմություն ունի, դա ճիշտ է : Մեր պատմության ողբերգականությունը հարազատ է դարձել մեզ, մտել է մեր արյան մեջ և ուղեկցում է մեզ: Սակայն այն, որ հայը, թեև փոքր տարածքով, ցանուցիր եղած բնակչությամբ, պահպանել է իր գոյությունը, նշան է այն բանի, որ թեև մեր ողբերգական պատմությունը ուղեկցում է մեզ, բայց մենք գիտենք ու իմացել ենք ձևը կյանքի ու մահվան կռիվներից հաղթանակած դուրս գալու, քանզի ըմբոստությունը Հայկից ժառանգություն է մնացել մեզ: Իր կազմավորման օրվանից սկսած՝ հայ ժողովուրդը պայքար է մղել հանուն գոյության, նրա ճակատագրի ողբերգականություւնը իբրև սև խարան ուղեկցել է նրան, սակայն մեր պատմության բոլոր շրջաններում եղել են անհատներ, որոնք կարողացել են մի կողմ թեքել հայ ժողովրդի ճակատագրի անիվը և դրանով կերտել են պատմության մի նոր շրջան, որի սկզբում եղել է իրենց անունը: Կարևոր չէ՝ զենքո՞վ է եղել այդ պայքարը, թե՞ գրչով ու իմաստությամբ, կարևորն այն է, որ նրանք ամենաօրհասկան, ամենաճգնաժամային պահին, մի կողմ թեքելով մեզ տրված ողբերգական ճակատագրի անիվը, սկիզբ են դրել մի նոր ճամփորդության պատմության ամենակուլ օվկիանոսում, վկան՝ Մեսրոպ Մաշտոցը, Վարդան Մամիկոյանը, Մուշեղը, Գևորգ Մարզպետունին, Գարգեին Նժդեհը ու էլի մի քանի անուններ, որոնք պատմության մի նոր փուլի սկիզբ են դարձել:



Մուրացանը մեր ճակատագրի այսօրինակ շրջադարձներին յուրօրինակ բանաձևում է տվել ՝ մի ծաղկով գարուն, և մեր պատմության մեջ մի ծաղկով շատ գարուններ են եկել: Հետաքրքիր ճակատամարտի մեջ է հայ ժողովուրդը ճակատագրի հետ: Ճակատագիրը սիրում է մեր գարունները արյունով ներկել, իսկ մենք կարողանում ենք մի ծաղկով գարուն բերել: 5-րդ դարում Մեսրոպ Մաշտոցը աստվածատուր շնորհով ստեղծեց հայոց գիրը և ապահովեց մեր ընթացքը պատմության մեջ, Վարդան Մամիկոնյանը ոչնչից պայքար ծնեց՝ փրկելով մեր հավատն ու ինքնությունը, Գևորգ Մարզպետունին մի քանի քաջերով հաղթանակ տարավ: Նրանց արժանի ժառանգորդը եղավ Գարգեին Նժդեհը իր ժամանակի մեջ: Գարգեին Նժդեհը մի առիթով ասել է. «Կուզեի աչքերս փակել մի ահեղ ճակատամարտում, հաղթության թևերի վրա, զորքերիս գոռ աղաղակների մէջ: Սակայն ուր էլ և ինչպես էլ մեռնեմ, թող սյունյաց իմ նախկին ռազմիկները Խուստուփ լեռան սրտի մեջ ամփոփեն իմ մի բուռ աճյունը: Ուր և երբ էլ մեռնեմ, հավատա, իմ ազիզ ժողովուրդ, որ արտաքին վտանգներիդ ժամանակ իմ անհանգիստ հոգին այցի և օգնութեան պիտի փութա իր հայրենի աշխարհին և աներևութաբար քո բանակները առաջնորդե»: Պատմությունը ցույց է տալիս, որ նրա ոգին ուղեկցում է մեզ: Տիգրան, Արտաշես, Վարդան, Վահան, Մուշեղ, Նժդեհ. այս ընթացքը անկասելի է, նրանց կողքին կարելի է դնել նոր անուններ. դրանք մեր ժամանակների պատերազմի հերոսներն են՝ Տիգրանի, Վարդանի, Նժդեհի ոգու նորօրյա կրողները:

Նժդեհն իմ մտքի աղոթքն է, և այս աղոթքն ասելիս ես միշտ դժվարանում ու շփոթվում եմ երբեմն...

Մեր անշունչ ու անհաղորդ կերպարներում Նժդեհ չի ապրի, ոչ էլ՝ հայրեինիքից դժգոհ, մահճակալում իրենց կյանքն անցկացնող զանգվածի մեջ: Նժդեհի կյանքն ընդհանրական սիրուն մի պատկեր է, որ գալիս ու զորացնում է մեզ և ապրելով ապրեցնում է սերունդներ: Եվ որպես անավարտ մտքերիս վերջաբան՝ պիտի խոստովանեմ, որ Նժդեհն իմ մեջ գրված մի մեծ պատմավեպ է, որի հատվածները կյանքիս ընթացքում, հուսամ, կկարողանամ լուսաբանել...



**Վաչագան ՄԱՆՈՒԿՅԱՆ**