Pachik-ից բացի էլ ի՞նչ է եղել Բրյուսելում

Pachik-ից բացի էլ ի՞նչ է եղել Բրյուսելում
«Համընդհանուր ստի ժամանակներում ճշմարտություն ասելը ծայրահեղականություն է»: Ջորջ Օրուելի այս հորդորին հետեւում են հայաստանյան փորձագիտական հանրության ներկայացուցիչները, ԶԼՄ-ների մի մասն ու համաժողովրդական հեղափոխության առաջնորդները` մսխելով հեղափոխության արդյունքում ստեղծված ամբողջ դրական էներգիան ու տեսականորեն նոր հնարավորությունները միջազգային հարաբերություններում։



Այսպես, չնայած փորձագիտական հանրության մի մասից հնչող հորդորներին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնեց Բրյուսել` մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որի հիմնական թեման էր «ռուսական ագրեսիայի դեմ համատեղ գործողությունների մշակումը»։ Ի դեպ, վարչապետի կողմից հուլիսի 6-ին ստորագրված որոշումը հուլիսի 11-13-ը Բրյուսել մեկնելու մասին էր, այնինչ պատվիրակությունը Բրյուսելից հեռացավ հուլիսի 12-ին, եւ հանրությանն այդպես էլ անհայտ մնաց, թե այցի որ մասն է չեղարկվել վերջին պահին (https://www.e-gov.am/decrees/item/18927/):



Նախկինում Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովներին պայմանավորված է եղել Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպում կազմակերպելու հանգամանքով։ Սերժ Սարգսյանը չէր մեկնել 2010թ․ Լիսաբոնի ու 2012թ․ Չիկագոյի գագաթնաժողովներին։ Սարգսյանը Քարդիֆ (Ուելս) մեկնել էր Ջոն Քերիի միջնորդությամբ Ալիեւի հետ հանդիպման պատճառով, իսկ Վարշավան Ապրիլյան պատերազմից հետո նույն Ջոն Քերիի հետ հանդիպելու ու դիրքորոշումները հստակեցնելու հնարավորություն էր` մայիսին Վիեննայի հանդիպումից հետո։



«Փոխված իրողությունների» պայմաններում Բրյուսելում Նիկոլ Փաշինյանը չհանդիպեց ո՛չ Ալիեւին, ո՛չ համանախագահներին, ո՛չ էլ ԱՄՆ պատվիրակությունից որեւէ մեկի։ Արդեն հետդարձի ճանապարհին` Բրյուսելի օդանավակայանում, պետք է հայտարարեր, որ, բացի հայաստանյան զարգացումները ողջունելուց, Արեւմուտքը շոշափելի քայլերի չի գնում։ Ի դեպ, Բրյուսելում ընդունված հայտարարության տեքստը նույնպես, ինչպես Ուելսում եւ Վարշավայում, Լեռնային Ղարաբաղն ընդգրկել էր հետխորհրդային մյուս հակամարտությունների շարքում, ինչի դեմ հայկական դիվանագիտությունը տարիներ ի վեր պայքարում է։ Աֆղանստանի վերաբերյալ նիստին իր ելույթում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այդ եւ Ադրբեջանի նախագահի կողմից հնչեցված ձեւակերպումներին՝ ըստ էության կրկնելով այն, ինչ պաշտոնական Երեւանն ասում է տարիներ ի վեր. բռնատիրական Ադրբեջանի ռազմաշունչ հռետորաբանությունը եւ հրադադարի ռեժիմի խախտումները հարձակում են մեր ժողովրդավարության վրա։ Իհարկե, Հայաստանն այսօր ավելի ժողովրդավար է, քան եղել է, ու դա անհերքելի է, եւ նույն մեսիջը կարող է ավելի համոզիչ թվալ։



Այնուամենայնիվ, ինչպես երեւում է պաշտոնական լրահոսից, վարչապետ Փաշինյանը հիմնականում ունեցել է «ոտքի վրա» զրույցներ ու լուսանկարներ, բացի Ֆրանսիայի նախագահ Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Ֆեդերիկա Մոգերինիի ու Լատվիայի նախագահի հետ հանդիպումներից։ Նույնիսկ Եվրոպական հանձնաժողովի նախագահ, ամենակարող Ժան-Կլոդ Յունկերի հետ զրույցը եղել է նման գագաթնաժողովներին հատուկ կառուցվող առանձնազրույցների համար բազկաթոռներին նստած` մի գավաթ սուրճի շուրջ։ Իհարկե, «պատասխանատու» ԶԼՄ-ների կողմից տարածվող՝ «Մակրոնը միանում է Փաշինյանի եւ Լիտվայի նախագահի հանդիպմանը» վերտառությամբ նյութերը հանրությանը տալիս են այնքան անհրաժեշտ հպարտության զգացումը, իսկ հեղափոխական փորձագետներն իրենց մեկնաբանություններով փորձում են վերամբարձ գաղափարներ տարածել, բայց իրականությունն ավելի մտահոգիչ է։



Օրինակ, Բրյուսելի Քարնեգի հիմնադրամում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են իշխանությունների ակնկալածից ավելի փոքրաթիվ ու նվազ կարեւորության հրավիրյալներ։ Ոչ բոլոր բրյուսելյան կազմակերպություններից է հաջողվել մասնակիցներ ապահովել։ Բայց վարչապետի կայքը հրամցնում է Նիկոլ Փաշինյանի եւ միջոցառման մոդերատորի կադրերը` ավելի լավ տպավորություն թողնելու համար։



Գրագետ պրոպագանդայի արդի գիտության վատ կենսագործման արդյունք է նաեւ հեղափոխությանն աջակցած երեւանյան մի մամուլի կենտրոնում բրյուսելյան դեռ ընթացող այցի «ձեռքբերումները» ներկայացնող 4 կիսադիվանագետների ասուլիս կազմակերպելը, որոնք շաբաթվա մյուս օրերին չեն մերժի նաեւ բնապահպանական կամ կրոնական թեմաներով ասուլիսների հրավերը։ Շնորհակալ պետք է լինենք քարոզչական թիմին, որ պետքարաններում պատվիրակության անդամների խաչվելը Թրամփի կամ Սթոլթենբերգի հետ չեն ներկայացնում իբրեւ «ջերմ մթնոլորտում անցած հանդիպումներ»։ Թեեւ Թրամփի հետ հայացքներով հանդիպելու պահի լուսանկարն իրոք կարող է չեզոքացնել վերջին ամիսներին ԱՄՆ նախագահի կողմից Ալիեւին ուղղված արդեն երեք շնորհավորական նամակները։



Այս ամենը, համաձայն որոշ շշուկների, արդեն անհանգստացնում է ԱԳՆ-ի կադրային դիվանագետներին, քանի որ նոր իշխանություններն ապավինում են միայն իրենց «երիտասարդ, դուխով» կադրերին եւ նրանցից են ստանում վարչապետի ու փոխվարչապետների զրույցի կետերը։ Այս դժգոհությունը զսպում է նախարար Զոհրաբ Մնացականյանը, ում համակարգում բոլորն են հարգում։ Իրենց գործը չեն պատկերացնում նաեւ վարչապետի օգնական/խորհրդականները։



Երբ վարչապետը ձեռքսեղմում է անում Գերմանիայի կանցլերի հետ, ու ոտքի վրա մի քանի խոսք են փոխանակում, կարեւոր է ոչ թե Մերկելի հետ սելֆի անելը, այլ մեկ րոպեանոց զրույցին ականջալուր լինելը։ Թավշյա հեղափոխությունն արտաքին հարաբերություններում ճիշտ կոնվերտացնելն աշխատանք է պահանջում, միայն զուտ հեղափոխությամբ Մերկելին ավելի հետաքրքիր չենք լինի, քան Սերժ Սարգսյանն էր։ Ու հետո էլ կարիք չի լինի օդանավակայանում հավաքել ուղեկցող հայ լրագրողներին (Մոսկվայի սխալները սերտելուց հետո) ու բողոքել, որ «եվրոպացիները չեն անում իրենց քայլը»։



Ի վերջո, ի՞նչ ունենք։



1. ՆԱՏՕ-ի հռչակագիրը նույնն է, ինչ Վարշավայում եւ Ուելսում էր։ Ճանաչում են «Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ անկախությունը»։ Նիկոլ Փաշինյանը տեղեկացված է եղել դրա մասին, բայց որոշել է մեկնել Բրյուսել` «ճանաչողական այցի»։



2. ԵԱՀԿ Մինսկի խմբի ու Մամեդյարովի հետ հանդիպել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ «Հանդիպումը կրում էր ճանաչողական բնույթ եւ միտված էր միմյանց տեսակետների հետ ծանոթացմանը»,- կարդում ենք ԱԳՆ հաղորդագրությունում։ Պայմանավորվել են շարունակել բանակցությունները։ Մինսկի խմբի հայտարարությունը խոսում է արդեն երկար ժամանակ Մամեդյարովի որդեգրած «առարկայական բանակցություններ» անցկացնելու լեզվով։



3. Փաշինյանը կրկին խուսափել է հանդիպել Ալիեւի հետ։



4. Թրամփ-Պուտին հանդիպումից առաջ Երեւանը զայրացրել է Մոսկվային ու ուշադրության չի արժանացել Արեւմուտքի կողմից։ Իսկ սա բարձրացնում է հերթական անգամ Հայաստանի` «մանրադրամ» դառնալու հավանականությունը։ Իսկ սա արդեն պետական անվտանգության խնդիր է, ու անհրաժեշտ է ուշքի գալ, քանի դեռ շատ ուշ չէ։



**Սարգիս ՍՏԵՓԱՆՅԱՆ**