Փոստանջյանի կռիվը հողմաղացների դեմ

Փոստանջյանի կռիվը հողմաղացների դեմ
Երեկ Երեւանի քաղաքապետարանի դիմաց մարդաշատ էր։ Ավագանու նիստում կայանալու էր քաղաքապետի արտահերթ ընտրություն, որի միակ թեկնածուն «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն էր։ Տասնյակ քաղաքացիներ հավաքվել էին քաղաքապետարանի մոտ՝ իրենց աջակցությունը հայտնելու Փոստանջյանին։ Նիստին մասնակցում էիր ավագանու հինգ անդամ․ Փոստանջյանը՝ իր երկու զինակիցներ Սոնա Աղեկյանի եւ Մարինա Խաչատրյանի հետ, ժամանակին «Երկիր ծիրանիից» պոկված Հայկ Պետրոսյանն ու քաղաքապետի պարտականությունները ժամանակավոր ստանձնած Կամո Արեյանը։ Ինչպես նախապես հայտարարել էին, ՀՀԿ եւ «Ելք» խմբակցությունները չէին մասնակցում նիստին եւ առաջադրված թեկնածու չունեին։ Հայտարարել էին, որ կողմ են, որ բնակիչներն ընտրեն Երեւանի քաղաքապետին։ Այսինքն՝ ավագանին լուծարվի, եւ Երեւանում նոր համաքաղաքային ընտրություններ կազմակերպվեն։ Մինչ նիստի մեկնարկը Զարուհի Փոստանջյանը նախ շրջեց դափ-դատարկ դահլիճով, ապա հայտարարեց՝ Հանրապետական կուսակցության անդամներն ինչպես միշտ են եղել դասալիք, այսօր նույնպես դասալիքի կարգավիճակում են՝ չեն եկել նիստին, թեպետ հենց իրենք էին քվեարկում, որ նիստը հուլիսի 16-ի անցկացվի։



Փոստանջյանի խոսքով՝ մեկ տարի առաջ իրենց ստանձնած առաքելությունը՝ գրավել քաղաքապետարանը, մաքրել այն աղբից, կեղտից եւ կոռուպցիայից, մասամբ իրականացրել են: «Ինչպեսեւ խոստացել էինք՝ Տարոն Մարգարյանի կյանքը վերածել դժոխքի, այդ խոստումը նույնպես մենք փորձել ենք կատարել, եւ կարծում եմ՝ դա մեզ հաջողվել է: Այս պահին Երեւանի քաղաքապետարանն ազատված է ՀՀԿ ոհմակից, բայց առջեւում դեռ պայքար ունենք տանելու: Ես առաջադրվելու եմ Երեւանի քաղաքապետի թեկնածու՝ առաջիկա ավագանու ընտրություններին: Մենք կառուցելու ենք մեր Երեւանը, այդ քանդված եւ աղտոտված վիճակը վերացնելու ենք, Երեւանը՝ ինչպես օրինակելի քաղաք, պետք է ծառայի մեր քաղաքացիներին»:



Արտահերթ ընտրությունները, ըստ Փոստանջյանի, Երեւանում պետք է տեղի ունենան նախկին օրենսդրության պայմաններում, որը գործել է մինչեւ մեծ համահայկական ընտրությունները. «Մենք գնում ենք համապետական ընտրությունների, որը տեղի է ունենալու Երեւանում: Երեւանում եթե մենք կարողանալու ենք անցկացնել իրապես հավասար պայմաններում թափանցիկ, արդար ընտրություններ, ապա կարող ենք ասել, որ համահայկական ընդվզումը գրանցեց արդյունքներ»։



Քվորում չլինելու պատճառով նիստն ընդմիջվեց 30 րոպեով, սակայն ընդմիջումից հետո կրկին 5 անդամով շարունակեցին նիստը։ Այս անգամ Արեյանը հայտարարեց՝ քվորում կրկին չկա, եւ նիստը համարվում է չկայացած։



Նիստի ընթացքում պարզվեց, որ ՀՀԿ-ն ու «Ելք»-ը միացել են իրար։ Քաղաքապետ չընտրվելուց հետո Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ մտադիր է ավագանու արտահերթ ընտրություններում Երեւանի քաղաքապետի պաշտոնում առաջադրել իր թեկնածությունը․ «Այս պահին էլ մենք վիճարկում ենք այս ավագանու ընտրական կարգը: Շուրջ մեկ տարի առաջ Տարոն Մարգարյանի շտաբում մենք ընտրակեղծարարություն բացահայտեցինք, որին, սակայն, ընթացք չտրվեց: Ավելին՝ մեր նկատմամբ բռնություն կիրառվեց: Ինձ երեւանցիները պետք է ընտրեն, նրանց կամքը եւ ցանկությունն է քննարկվում»։ Հարցին՝ «Ելք»-ն ու ՀՀԿ-ն քվորում չապահովեցին, ինչպե՞ս է ինքը դա գնահատում։ Փոստանջյանը պատասխանեց. «Իրենց ուղղեք հարցը, իրենց հարցրեք, թե ինչու են միմյանց միացել»:



«Մենք չմասնակցեցինք ավագանու նիստին, որովհետեւ նախապես հայտարարել էինք, որ քաղաքապետի թեկնածու չենք առաջադրելու եւ արտահերթ ընտրությունների ենք գնում»,- նշեց «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։ Խմբակցության ղեկավարի խոսքով՝ իրենք գնում են քաղաքային իշխանությունը վերցնելու։



**Աննա ՊԱՊԻԿՅԱՆ**