Զգույշ քայլեք

Զգույշ քայլեք
Մեր երիտասարդ իշխանավորները պետք է գիտակցեն, որ իրենք այլեւս նախկին ակտիվիստները չեն, եւ իրենց յուրաքանչյուր քայլն ու խոսքն անհետեւանք չեն անցնում։ Եթե հրապարակախոս Կարպիս Փաշոյանը կարող էր իր հոդվածներում ամենաարտառոց մտքերն արտահայտել, եւ դա օրիգինալ խոսքի կարոտ ընթերցողներն օվացիաներով ընդունեին ու հիանային նրա համարձակության, կլիշեներ կոտրելու կամքի վրա, ապա ՀՀ առաջին փոխվարչապետի մամուլի խոսնակն այլեւս չի կարող նման մտքեր արտահայտել։



Եթե ընդդիմադիր քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանը կարող էր անարգել քննադատել եվրոպացիներին էլ, ռուսներին էլ՝ դաժան ճշմարտություններ ասել նրանց կեղծ, երկդիմի քաղաքականության մասին, ապա վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Եվրամիությանն ուղղված փոքրիկ դժգոհությունը՝ Հայաստանի Հանրապետության բարեփոխումներին համապատասխան ֆինանսավորում չուղղելու մասին, կարող է միջազգային սկանդալի առիթ դառնալ եւ ԵՄ-ի կողմից կոշտ արձագանքի արժանանալ։ Նույն հաջողությամբ պետք է իրենց հաշիվ տան իրավապահ համակարգերը ղեկավարող անձինք, որոնց յուրաքանչյուր բացահայտում չնայած լյումպենի հրճվանքն է հարուցում, բայց կարող է նաեւ ավերածություններ անել։



Օրինակ, ո՛չ Սփյուռքում, ո՛չ Հայաստանում այդպես էլ մարդիկ չհասկացան՝ «Հայաստան համահայկական հիմնադրամի» տնօրենը յուրացրե՞լ է հանգանակված գումարները, թե՞ ոչ։ Պարզվում է՝ անգամ երեկ վարչապետին հյուրընկալված ֆրանսահայ Պետրոս Թերզյանը, որն այժմ հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է, դա չգիտի, նա իր խոսքում ասել է․ «Հսկայական ծրագրեր են իրականացվել 26 տարվա ընթացքում, հսկայական ճիգեր են գործադրվել՝ ապահովելու հիմնադրամի մաքուր գործունեությունը, ինչը դժվար էր: Կարծում եմ՝ հաջողել ենք, մինչեւ այս դեպքի ի հայտ գալը»։