Ամբոխային սեւ խրախճանքի զոհը

Ամբոխային սեւ խրախճանքի զոհը
Առաջին փոխվարչապետի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանը հայտարարեց, որ հրաժարական է տալիս: «Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել, պարզապես բանականությունը պարտվեց ռազմահայրենասիրական շիզոֆրենիային, կյանքը ցույց կտա, թե ովքեր են անարգում հերոսների հիշատակը»- ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշոյանը:



Թերեւս ավելացնելու ոչինչ չկա: Եվ, այդուհանդերձ, ինչո՞ւ երիտասարդին չհասկացան: Ինչո՞ւ նրա խոսքի ենթատեքստը չկարեւորվեց: Չէ՞ որ նա դառը բան էր ասում, երբ հորդորում էր չշահարկել ապրիլյան պատերազմի եւ զոհերի թեման: Չդարձնել դրոշ, որպեսզի հանրությունից թաքցվի մեծ ողբերգությունը: Փաշոյանի ասածն անարգանք չէր: Ոչ էլ նա նսեմացնում էր քառօրյայի հերոսներին: Նրա մտահոգությունն այն էր, որ անընդմեջ գեներացնելով նահատակության դաժան խորհուրդը, մենք ակամայից վաղվա պատերազմին նախապատրաստվում ենք այնպես, ինչպես՝ ապրիլյան քառօրյային: Իսկ դա մեծ ողբերգություն է, երբ հասարակությունը չի դնում խրամատում կանգնած զինվորի առավելագույն ապահովության հարց, հետամուտ չի լինում, որ առաջնագծում իրավիճակ փոխվի: Որպեսզի այլեւս հարկ չլինի վերջին նռնակով պայթեցնել իրեն եւ հակառակորդի մի քանի զինվորի: Նման իրավիճակ այլեւս չպետք է լինի: Պատերազմում, այո, նաեւ զոհվում են: Բայց ինչու՞ գրեթե մերկ ձեռքերով կանգնել թշնամուն դեմ-հանդիման: Ինչու՞ սակրավորի բահով կռվել: Ինչու՞… Ռոբերտ Աբաջյանն ու նրա մարտական ընկերները հերոսներ են: Բայց նրանց նահատակությունը պետք է խորին ցավ լինի, ոչ թե՝ ընդօրինակման աղբյուր: Սա էր Փաշոյանի ասածի խորքը, որը, ցավոք, չհասկացվեց, չկարեւորվեց, չիմաստավորվեց: Ուրեմն մենք դեռ չենք առողջացել, հիվանդ ենք՝ գրեթե մտագար, եթե չենք կարողանում ռացիոնալ միտքը գնահատել բանականության լույսի ներքո: Այլ տրվում ենք, իրոք, ռազմահայրենասիրական շիզոֆրենիայի գայթակղությանը:



Մի երիտասարդ լրագրող համարձակվեց կեսբերան ճշմարտություն խոսել: Եւ թիրախ դարձավ: Ցավալի է: Ողբերգությունը կատարյալ կդառնա, եթե Փաշոյանի հրաժարականը նույնպես իր բուն նշանակությամբ չհասկացվի: Նա պաշտոնն ստորադասեց ազատ արտահայտվելու իրավունքին եւ առաջին փոխվարչապետին ապահովագրեց ամբոխային ոտնձգություններից: Նմանների համար իրականությունը չափազանց անձուկ է, բայց նրանք են ճշմարտության կրողը: Որովհետեւ ամբոխային սեւ խրախճանքին չտրվելու բարոյականություն ունեն: