Եվրամիության պատասխանը՝ Փաշինյանին

Եվրամիության պատասխանը՝ Փաշինյանին
Բրյուսելից վերադառնալու ճանապարհին Նիկոլ Փաշինյանն իր դժգոհությունը հայտնեց, որ Եվրոպան իր «քայլը չի անում»՝ մեր երկրին ուղղվող ֆինանսավորումը չի մեծացնում։ Այսօր ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, արձագանքելով Փաշինյանի հայտարարություններին, բառացի հասկացրել էր, որ չի կարելի մուննաթ գալ Եվրոպայի վրա ու հենց այնպես փող ուզել։ Դրա համար պետք է հստակ գաղափարներ, ծրագրեր առաջարկեն, կարճ ասած՝ փողը ուզում եք, որ ի՞նչ անեք, հարցրել է Սվիտալսկին։



Այսինքն՝ ո՞ւր են ձեր բարեփոխումները։ Հազիվ թե հակակոռուպցիոն այս արշավը, Սաշիկին շաբաթը մեկ բռնել-բաց թողնելը համարվի բարեփոխում։ Եվրոպան իսնտիտուցիոնալ բարեփոխումներ է ուզում, ոչ թե քաղաքական հետապնդումների վրա հիմնված կուլակաթափության նմանվող շոու-ծրագրեր։ «Դուք ասում եք հետևյալը՝ որ Հայաստանի քաղաքականության մեջ գոյություն չունեցող քաղաքականությունը պետք է արդյունքում բերի Հայաստանի նկատմամբ ԵՄ ունեցած քաղաքականությունում փոփոխության: Կարո՞ղ եք բացատրել ինձ, թե ինչպես կարելի է համատեղել այս երկուսը: Դա այն էր, ինչ պարոն վարչապետն ասաց: Իսկ եթե ավելի լուրջ ասենք, մեզ պետք են կոնկրետ գաղափարներ ու ակնկալիքներ, մենք պատրաստ ենք քննարկել դրանք»,- ասել է ԵՄ դեսպանը՝ հավելելով, որ Եվրամիությունը Հայաստանին տրվող ֆինանսավորումը ավելացնելու է 25 տոկոսով՝ հիշեցնելով, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների քաղաքական օրակարգը սահմանվում է գործընկերության առաջնահերթություններ կոչվող փաստաթղթով, որ բանակցվել էր նախքան ապրիլյան իրադրաձությունները։



Այսինքն՝ նախորդ իշխանությունների օրոք։ Հենց այդ՝ փետրվարին ստորագրված փաստաթղթով է, որ ԵՄ-ն պարտավորվել է 160 մլն եվրո աջակցություն տրամադրել մեզ։ Հիմա խոստանում է դրա 25 տոկոսը ևս տրամադրել, բայց՝ կոնկրետ ծրագրերի դիմաց։ Սա, իհարկե, փոքր գումար է՝ 40 մլն եվրո, որը եթե բաժանում ենք երեք տարվա՝ 2018-20 թթ ծրագրի կտրվածքով, կազմում է մոտ 13 մլն դոլար։ Սա այն հարցն էր, որը երկու ամիս առաջ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հնչեցրեց Արմեն Աշոտյանը, թե արդյոք այս՝ ԵՄ-Հայաստան գործընկերության առաջանահերթությունների փաստաթուղթը վերանայվելու է, և արդյոք կառավարությունը բանակցելո՞ւ է այս 160 մլն եվրո օգնության ծավալն ավելացնելու ուղղությամբ։ Ի պատասխան՝ ընդամենը մի քանի օր վարչապետի պաշտոնը ստանձնած Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ԵՄ-ից ակնկալվող ֆիանանսական ծավալների ավելացման ուղղությամբ իրենք կաշխատեն՝ նշելով, որ միջազգային հանրության ներկայացուցիչներն իրենց հետ քննարկումներում ֆինանսական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն են ցուցաբերում։



«Մենք այդ պատրաստակամության համար, իհարկե, ուրախ ենք, և պիտի քննարկենք այդ աջակցությունը հնարավորինս արդյունավետ օգտագործելու գործնական խնդիրը»,-ասել էր Փաշինյանը։ Աշոտյանն էլ արձագանքեց․ «Լսեցի ԵՄ դեսպանի պատրաստակամությունը՝ մինչև 25 տոկոս ավելացնել գումարները, լավ է հնչում, բայց երբ բաժանում ենք երեք տարվա վրա, ստացվում է՝ Հայաստանում իշխանափոխության հավելյալ աջակցության կապիտալիզացիան ընդամենը տարեկան 13 մլն եվրո է»։



Թերևս այս ծավալների ավելացումն էր պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը որոշեց Բրյուսելում եվրոպացիներից ավելի գումար պահանջել, պարզապես դա արեց ոչ դիվանագիտական մեթոդներով՝ հայկական ավանդական «մուննաթով», թե «մեզ ձեր տված չնչին գումարները պետք չեն, էդքան գումար մեր կոռումպացված չինովնիկների գրպանները թափ տալով էլ կհանենք»։ Երեկ էլ եղավ ԵՄ դեսպանի՝ Նիկոլ Փաշինյանի թույլ տված ոչ դիվանագիտական ձախողումներին ուղղված դիվանագիտական պատասխանը, որը պետք է սթափեցնող ազդակ լինի նոր կառավարության, հատկապես՝ դիվանագիտական կորպուսի համար։







**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**