Գործարար, միլիարդատեր Ռուբեն Վարդանյանի «ձեռքերը հասան» Գյումրի

Գործարար, միլիարդատեր Ռուբեն Վարդանյանի «ձեռքերը հասան» Գյումրի
Գյումրու համայնքապետարանը և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամը 2018 թվականի հունիսի 29-ին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ Գյումրի քաղաքի Շառլ Ազնավուրի հրապարակին հարակից նախկին «Բարեկամություն» այգու տարածքում ժամանցի և հանգստի գոտի կառուցելու վերաբերյալ: Գյումրու ավագանին վերջին նիստին վավերացրեց այդ հուշագիրը։ Պարզվում է՝ հիմնադրամը պատկանում է ռուսաստանում բնակվող հայազգի խոշոր գործարար, միլիարդատեր Ռուբեն Վարդանյանին:



Հիմնադրամը ցանկություն է հայտնել իրականացնելու «Գյումրի քաղաքի «Բարեկամություն» զբոսայգու վերականգնում և զարգացում» ծրագիրը: Բանն այն է, սակայն, «Բարեկամություն» զբոսայգու տարածքում 2 տասնյակից ավել բնակելի տնակներ կան: Տարածքի բնակիչներն անհանգստացած են, թե ինչպես է լուծվելու իրենց բնակության հարցը, եթե գործարարը հանկարծ որոշի քանդել տնակներն ու տարածքում շինարարություն սկսի։ Քաղաքապետարանից հանգստացնում են, որ երբ նոր շինարարություն իրականացնելու թույլտվություն տան, հուշագրով որպես նախապայման դրված է այն կետը, որ հիմնադրամը փոխահատուցելու է տարածքի բոլոր բնակիչներին:



Ոսումնասիրեցինք հուշագրի հավելվածը, ըստ որի քաղաքապետարանը հիմնադրամին է տրամադրում 7․5 հեկտար մակերեսով հողատարածք՝ 99 տարի ժամկետով, կառուցապատման նպատակով։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ հիմնադրամը տարածքում կառուցելու է սրճարաններ, ռեստորան եւ մանկական խաղահրապարակ; Նշենք, որ Ռուբեն Վարդանյանը 2008թ․ նախաձեռնեց «Տաթևի վերածնունդ» ծրագիրը , և Սյունիքում կառուցվեց «Տաթեւերը» ՝ Հալիձորը և Տաթեւի վանքը իրար հետ կապող ճոպանուղին։ «Տաթեւեր» ճոպանուղին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում ՝ որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղի, որը շարժվում է առանց կանգառի ։ Ռուբեն Վարդանյանը նաև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրն է։



**Արևիկ Հակոբյան**