Արարատ Խանդոյանն ազատ արձակվեց

Արարատ Խանդոյանն ազատ արձակվեց
«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ Արարատ Խանդոյանն, ազատության մեջ է։ Այս մասին **«Հրապարակ»**-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Արա Ղարագյոզյանը՝ նշելով, որ Խանդոյանը ազատ է արձակվել պայմանական-վաղաժամկետով․ դատարանը բավարարել է նրա միջնորդությունը։



«Մենք սպասում էինք, որ կբավարարի միջնորդությունը, քանի որ իշխանություն է փոխվել։ Դատախազը չառարկեց։ Մենք դիմելու ենք, որպեսզի իր գործը վերաբացվի, քանի որ Արարատ Խանդոյանը դատապարտվել է մի շարք դատավարական խախատումներով։ Նա ունի նաեւ մի շարք առողջական խնդիրներ։ Երեք գործը Եվրոպական դատարանում է»,-նշեց փաստաբանը։



Հիշեցնենք, որ դատախազը պահանջել էր Խանդոյանին դատապարտել 4 տարվա ազատազրկման, իսկ դատավոր Մնացական Մարտիրոսյանը վճռել էր Խանդոյանին ազատազրկել 3,6 տարով։



Ըստ մեղադրական եզրակացության՝ Արարատ Խանդոյանը 2016թ. հուլիսի 20-ին Երեւանում տեղի ունեցած հասարակական անվտանգությունը վտանգած բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ՝ ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, քաշքշել եւ փորձել է խլել ոստիկանության ծառայողի վահանը: Արարատ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել 225-րդ հոդվածի 2-րդ մասով։



**Աննա Պապիկյան**