Մենք քաղաքացուն ասում ենք՝ սա մերը չէ, մեր ենթակայության տակ չէ կամ նման մի բան

Մենք քաղաքացուն ասում ենք՝ սա մերը չէ, մեր ենթակայության տակ չէ կամ նման մի բան
**Hraparak.am**-ի հարցերին պատասխանում է Աբովյանի քաղաքապետ Վահագն Գեւորգյանը։



**-Պարոն Գեւորգյան, թավշյա հեղափոխությունից հետո Կոտայքի մարզպետ նշանակվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ռոմանոս Պետրոսյանը, որը փոխարինեց ԲՀԿ-ական Կարապետ Գուլոյանին։ Ձեր ծրագրերի, պատկերացումների եւ նորանշանակ մարզպետի ծրագրերի մեջ կա՞ն տարբերություններ, տարակարծություններ։**



-Երբ ես ընտրվում էի քաղաքապետ, ասել եմ, որ ինչպես պետությունը, այնպես էլ համայնքը պետք է ունենա իր զարգացման ռազմավարությունը։ Եվ մարզպետարանի, կենտրոնական կառավարման մարմինների, միջազգային կառույցների հետ հետեւողական աշխատանքի արդյունքում մենք փորձում ենք իրականացնել մեր ծրագրերը։ Համայնքը իր միջոցներով, իր սեփական հավաքագրումներով եւ պետության կողմից տրվող լրավճարներով ու սուբվենցիաներով ի զորու չէ լուծել իր առջեւ դրված խնդիրները։ Իսկ այսօր մեր ժողովուրդը պահանջկոտ է դարձել, եւ չես կարող ասել, թե որ խնդիրն է առաջնային՝ բնակֆոնդի պահպանությո՞ւնը, ասֆալտների բարեկարգո՞ւմը, այգիների կառուցո՞ւմը, գծանշո՞ւմը․․․ Քաղաքացին այդ բոլոր հարցերն ուզում է տեսնել ամբողջությամբ լուծված։ Եվ մենք հայցել ենք բոլոր պետական եւ ոչ պետական մարմինների աջակցությունը։ Իսկ նորանշանակ մարզպետի հետ հանդիպել եմ, ներկայացրել եմ Աբովյանում հրատապ լուծում ունեցող խնդիրները։



**-Իսկ որո՞նք են հրատապ խնդիրները։**



-Երբ ես ընտրվել էի, երիտասարդ ընտանիքների, միայնակ մայրերի մի մեծ հոսք եղավ քաղաքապետարան՝ երեխաներին մանկապարտեզներում տեղավորելու համար։ Մեր քաղաքում գործում է ինը մանկապարտեզ՝ բոլորը կենտրոնական ջեռուցումով։ Այն ժամանակ երեխաներին մանկապարտեզներում տեղավորելը խնդիր էր, իրականում տեղ չկար։ Բայց հասանք նրան, որ այսօր մենք մանկապարտեզ չհաճախող երեխա չունենք։



Իսկ խնդիրները շատ են։ Քաղաքացիներն ուզում են հանգստի պայմաններ, խաղահրապարակներ։ Մենք բացեցինք խաղահրապարակներ, իսկ դրանից հետո էլ բողոքում են, որ երեխաներն աղմկում են եւ խանգարում իրենց հանգիստը։ Կամ էլ՝ խաղահրապարակը կարող է վտանգ դառնալ երեխայի համար։ Իմ առջեւ խնդիր եմ դրել մինչեւ տարեվերջ լուսավորել Աբովյանն ամբողջությամբ։



**-Կրթական հաստատությունների, մանկապարտեզների մի մասը գտնվում է կրթության եւ գիտության նախարարության ենթակայության ներքո, մի մասը՝ համայնքապետարանների։ Կրթության եւ գիտության նախարարն էլ պահանջում է, որ տարրական դպրոցներն ունենան լիցենզիա։ Սա լուրջ խնդիրներ չի՞ ստեղծում համայնքի ղեկավարի համար։**



-Մենք պետք է հասնենք այն բանին, որ տեղական ինքնակառավարումը պետք է հստակ կանոնակարգված լինի օրենքով, եւ անձերի փոփոխությունը չազդի հանրային շահերի վրա։ Մենք ունենք առաջարկություններ, որոնք կներկայացնենք տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը։ Պետք է ՀՀ-ում լինի միասնական քաղաքականություն։ Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ ՀՀ-ում մենք չունենք տեղական ինքնակառավարում։ Աշխարհում ընդունված են ՏԻՄ մի քանի մոդելներ։ Անգլոսաքսոնական մոդելում տեղական ինքնակառավարումն ամբողջովին անկախ մարմին է, մայրցամաքային ֆրանսիականը խառը մոդել է, խորհրդայինը, այլք։ Մենք դեռ խորհրդային մոդելից անցում չենք կատարել։ Համայնքն ինքը տեղական ինքնակառավարում է, համայնքի ղեկավարը ընտրովի է՝ որոշակի լծակներով։ Բայց համայնքի որոշակի կոմունիկացիոն ծառայություններ, համայնքի որոշ խնդիրներ լուծող ստորաբաժանումներ ընդհանրապես կապ չունեն համայնքի հետ։ Սակայն քաղաքացուն, որն ունի տարբեր խնդիրներ, մենք անընդհատ ասում ենք՝ սա մերը չէ, մեր ենթակայության տակ չէ կամ նման մի բան։ Մենք ունենք 18 ՀՈԱԿ-ներ (Համայնքային Ոչ Առեւտրային Կազմակերպություններ), որոնցից 9-ը մանկապարտեզներ են։ Նրանցից մեկում այս պահին կապիտալ վերանորոգում է ընթանում։ Համայնքում մենք ունենք երաժշտական դպրոց, սպորտդպրոց, գեղարվեստի դպրոց, երեխաների աջակցության կենտրոն։



**-Ձեր խոսքում նշեցիք, որ ՏԻՄ-ը կայացած չէ։ Փոփոխություններ պետք է անել «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքո՞ւմ, այլ քայլեր պետք է արվե՞ն։**



-Հիմնականում կա օրենքում փոփոխություններ անելու խնդիր։ Այսօր շատ են վիճարկում համայնքների խոշորացման խնդիրը՝ իր լավ եւ վատ կողմերով։ Քննարկվում է հարցը, որ պետք է անցնել խորհրդային շրջանների մոդելին։ Մենք ունենք օրենք միջհամայնքային միավորումների մասին, պետք է նպաստենք միջհամայնքային միավորումներին։ Մենք մեր առաջարկությունները ներկայացրել ենք թե՛ ԱԺ-ին, թե՛ միջհամայնքային միավորումներին։



**-Աբովյանում խնդիր են նաեւ վթարային շենքերը, որոնց բնակիչների գլխին կախված է քանդվելու «դամոկլյան սուրը»։**



-Աբովյանում կա երկու չորրորդ կարգի վթարային հանրակացարան, բնակիչները պարբերաբար ահազանգում են։ Այդ առթիվ դիմել ենք ՀՀ կառավարությանը։ Շենքերի ամրացման եւ վերականգնման մասին խոսք լինել չի կարող, այդ շենքերը ենթակա են քանդման։ Իսկ այնտեղի բնակիչներին պետության աջակցությամբ ուղղակի պետք է տեղափոխել այլ շենքեր։ Մեր համայնքում կան պետության ենթակայության ներքո մի քանի վարչական շենքեր, միգուցե առաջիկայում փորձենք այդ վարչական շենքերն օգտագործել վթարային շենքերի բնակիչներին այնտեղ տեղափոխելու համար։ Կարծում եմ, որ գալու է ժամանակ, որ համայնքների առջեւ ծառանալու է բազմաբնակարան շենքերի պահպանման խնդիրը։ Մենք համատիրությունների հետ քննարկել ենք, թե կարողանո՞ւմ են իրականացնել իրենց գործառույթները։ Ներկայացվում է, որ իրենց հավաքագրած գումարներով անհնար է կատարել այն աշխատանքը, ինչն այսօր կա։ Եվ այդ հարցում մենք հայցում ենք պետության աջակցությունը։



Առաջիկայում կփորձեմ գրավոր մի առաջարկ ներկայացնել կառավարությանը։ Աբովյանում կա մի քանի հարյուր հարթ տանիքներ։ Ժամանակին մարդիկ այդ հարթ տանիքներին կառուցապատում են արել։ Մենք, խորհրդակցելով սեյսմիկ ծառայության, քաղաքաշինության կոմիտեի հետ, ուզում ենք նախագծել թեթեւ կոնստրուկցիա, որով մարդիկ կկարողանան բարձրանալ։



**-Թավշյա հեղափոխության օրերին մամուլում գրվեց, որ Ձեզ առաջարկել են Կոտայքի մարզպետի պաշտոնը, սակայն հրաժարվել եք։**



-Ինձ ոչ մի քաղաքական ուժի կողմից ոչ մի անգամ Կոտայքի մարզպետի պաշտոնը չի առաջարկվել։ Ո՛չ նախորդ կառավարության օրոք, ո՛չ ներկա։



**Թագուհի Հակոբյան**