Իրանի պատասխանն Ադրբեջանին

Իրանի պատասխանն Ադրբեջանին
Արդեն տեւական ժամանակ է, ինչ ադրբեջանական մամուլում ակնարկներ են արվում, որ Գյանջայի քաղաքապետի դեմ մահափորձ իրականացրած Յունիս Սաֆարովը որոշ ժամանակ ապրել է Իրանում, որտեղ մարտական պատրաստության դասընթացներ է անցել, ապա գործուղվել Սիրիա եւ «Հեզբոլլա» կազմակերպության զինված ջոմատներից մեկի կազմում կռվել ԻԼԻՊ գրոհայինների դեմ: Ադրբեջանի հատուկ ծառայությունները տեղեկատվական արտահոսք են կազմակերպել, թե իրենց հայտնի է, որ Սաֆարովը գտնվել է իրանական ազդեցության տակ եւ նպատակ է ունեցել քաղաքապետի սպանությամբ Գյանջայում հրահրել զանգվածային անկարգություններ, որպեսզի արդյունքում հաստատվի կրոնապետություն: Անցած օրերին Գյանջայում եւ Սումգայիթում մի քանի տասնյակ մարդ է ձերբակալվել, որոնք, ըստ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության, «հանդիսանում են իսլամական արմատականության կրողներ»:



Բաքվից տեսակետ էին հնչեցրել, որ Իրանի իշխանությունները «պարտավոր են արձագանքել եւ բացատրություններ տալ»: Հուլիսի 16-ին խնդրին անդրադարձել է ԻԻՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Բահրամ Քասեմին: Նրա խոսքերով՝ Իրանը մշտապես դատապարտել եւ դատապարտում է բռնությունը եւ գտնում, որ հարեւան երկրների կայունությունը ողջ տարածաշրջանի համար կարեւոր նշանակություն ունի: Այս ընդհանուր ձեւակերպումներին հաջորդել է իրանական կողմի հիմնական ասելիքը:



Քասեմին հույս է հայտնել, որ մահափորձի հետեւանքով տուժածները կապաքինվեն: Դրանով իրանցի պաշտոնյան ակնարկել է, որ իր երկիրը տեղյակ է, որ Գյանջայի քաղաքապետի վիճակը ծանր է, եւ նա բուժում է ստանում Իսրայելում: Այդ հանգամանքը չէր կարող իրանական կողմի ուշադրությունից վրիպել: Քասեմիի երկրորդ կարեւոր ուղերձն այն է, որ նա ադրբեջանցի գործընկերներին հորդորել է ձեռնպահ մնալ Իրանի դեմ հոգեբանական գրոհներին ներգրավվելուց: Այսպիսով Իրանը փաստացի բացահայտել է, որ Ադրբեջանը Գյանջայի դեպքերն օգտագործում է, որպեսզի հակաիրանական քարոզչություն գեներացնի՝ դրանով իսկ ծառայություն մատուցելով արտաքին որոշ շահագրգիռ կենտրոնների:



Սա բավական խիստ նախազգուշացում է, որը վկայում է, որ Իրանն ունի Ադրբեջանում կատարվող դեպքերի սեփական մեկնաբանությունը, բայց պաշտոնական Թեհրանն առայժմ գերադասում է չբացել փակագծերը: Բացառված չէ, որ Իրանում համոզված են, որ Ադրբեջանը միտումնավոր է գեներացնում իսլամական արմատականության թեման, որպեսզի այդ ձեւով արտաքին ուժերի ուշադրությունը հրավիրի տարածաշրջանում Իրանի «ապակառուցողական դերակատարության» վրա: Համենայն դեպս, Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարության ենթատեքստում նման նոտաներ զգացվում են:



**Վահրամ Աթանեսյան**