Տարոն Մարգարյանի կյանքը դժոխքի վերածելու խոստումը կատարել ենք. Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)

Տարոն Մարգարյանի կյանքը դժոխքի վերածելու խոստումը կատարել ենք. Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)
Երեւանի քաղաքապետարանի ավագանու «ՀՀԿ» եւ «Ելք» խմբակցությունները չեն մասնակցում նիստին։ Հիշեցնենք, որ այսօրվա նիստում կայանալու էր քաղաքապետի արտահերթ ընտրություն, որի միակ թեկնածուն «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն է։ Նիստին ներկայացել է 5 ավագանու անդամ։ Փոստանջյանը տեսնելով դահլիճը՝ հայտարարեց, որ Հանրապետական կուսակցության անդամներն, ինչպես միշտ են եղել դասալիք, այսօր նույնպես դասալիքի կարգավիճակում են, չեն եկել նիստին, թեպետ հենց իրենք էին քվեարկում, որ նիստն այսօր անցկացվի։



Նա նշեց, որ մեկ տարի առաջ ստանձնած առաքելությունը՝ գրավել քաղաքապետարանը, մաքրել քաղաքապետարանը աղբից, կեղտից և կոռուպցիայից, մասամբ իրականացրել են: «Ինչպես և խոստացել էինք՝ Տարոն Մարգարյանի կյանքը վերածել դժոխքի, այդ խոստումը նույնպես մենք փորձել ենք կատարել, և կարծում եմ,՝ դա մեզ հաջողվել է: Այս պահին Երևանի քաղաքապետարանն ազատված է ՀՀԿ ոհմակից, բայց առջևում դեռ պայքար ունենք տանելու: Ես առաջադրվելու եմ Երևանի քաղաքապետի թեկնածու՝ առաջիկա ավագանու ընտրություններին: Մենք կառուցելու ենք մեր Երևանը, այդ քանդված և աղտոտված վիճակը վերացնելու ենք, Երևանը, ինչպես օրինակելի քաղաք, պետք է ծառայի մեր քաղաքացիներին»:



Արտահերթ ընտրություններն, ըստ Փոստանջյանի, Երևանում պետք է տեղի ունենան նախկին օրենսդրության պայմաններում, որը գործել է մինչև մեծ համահայկական ընտրությունները. «Մենք գնում ենք համապետական ընտրությունների, որը տեղի է ունենալու Երևանում: Երևանում եթե մենք կարողանալու ենք անցկացնել իրապես հավասար պայմաններում թափանցիկ, արդար ընտրություններ, ապա կարող ենք ասել, որ համահայկական ընդվզումը գրանցեց արդյուքններ»։ Մանրամասները՝ տեսանյութում։



**Աննա Պապիկյան**