Ի՞նչ է կատարվում Ադրբեջանում

Ի՞նչ է կատարվում Ադրբեջանում
Ըստ երեւույթին, Ադրբեջանում սոցիալական պայթյուն է հասունանում: Առաջին ահազանգը հնչեց Գյանջայում՝ քաղաքապետի դեմ մահափորձով: Արդարության եւ ազատության համար պայքարի որեւէ այլ ձեւ չունենալով՝ իշխանություններից դժգոհ մարդիկ սկսել են դավանել անհատական վրիժառության գաղափարը: Հերթական պատահարը գրանցվել է Բաքվում: Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները հետապնդել եւ արհեստական խցանում ստեղծելու միջոցով կարողացել են կանգնեցնել կասկածելի մի մեքենա: Նրանք ականատես են եղել սարսափելի պատկերի՝ մեքենայում գտնվել է երկու արնաշաղախ մարմին՝ տղամարդու եւ կնոջ: Տեղում պարզվել է, որ կինը մահացած է, իսկ ծանր վիրավոր տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց:



Մեքենայի վարորդն անմիջապես բերման է ենթարկվել: Ըստ տեղեկությունների, տուժածներն ամուսիններ են: Տղամարդն Ադրբեջանի վաստակավոր բժիշկ Արզու Շուշալին է: Նախնական վարկածով՝ ամուսինների դեմ բռնություն է գործադրել նրանց տան նախկին այգեպանը, երբ հայտնի է դարձել, որ իրեն հեռացնում են աշխատանքից: Սպանելով կնոջը եւ ծանր վիրավորելով նրա 72-ամյա ամուսնուն, նախկին այգեպանը տուժածներին պատկանող մեքենայով փորձել է թաքցնել հետքերը եւ ձերբակալվել Մարդաքյան ավանում: Ինչպես կարելի է եզրակացնել տարածված տեղեկությունից, գործ ունենք անհատական վրիժառության ակտի հետ: Զրկվելով աշխատանքից՝ այգեպանը որոշել է սպանել նախկին գործատուներին:



Ըստ երեւույթին, նա առաջնորդվել է սոցիալական արդարության հաստատման գաղափարով: Դեպքն, իհարկե, կենցաղային է: Բայց հետաքրքրական է, որ այն տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ Ադրբեջանով մեկ հերոսացվում է Գյանջայի քաղաքապետի դեմ մահափորձ կատարած Յունիս Սաֆարովը, որին սոցիալական ցանցերում անվանում են «ժողովրդական վրիժառու»: Այս դեպքում նախկին այգեպանի պատկերացմամբ սոցիալական չարիքի կրող են դարձել ծեր ամուսինները եւ ենթարկվել բռնության: Էականն այն է, որ Ադրբեջանի հանրային գիտակցության մեջ արմատավորվում է, որ արդարության եւ ազատության հասնելու միակ ճանապարհը բռնապետության դեմ բռնություն գործադրելն է, անհատական վրիժառությունը: Դա իշխող համակարգի դեմ հնչեցրած լրջագույն սպառնալիք է: Ծայրահեղ թշվառության մատնված հասարակությունը կարող է վրեժխնդիր լինել մեծ արյունահեղությամբ: Ադրբեջանը հայտնվել է սոցիալական ցնցումների էպիկենտրոնում: