Ամասիայում հավաքույթի ժամանակ կորել է ազգային անվտանգության պետի դուստրը

Ամասիայում հավաքույթի ժամանակ կորել է ազգային անվտանգության պետի դուստրը
Երեկ Շիրակի մարզի Ամասիա համայնքում արտասովոր դեպք է գրանցվել: Մեր տեղեկություններով՝ կեսօրին 7-ամյա երեխան անհետացել է, եւ Ամասիայի բնակիչները մի քանի ժամ փնտրել են նրան: Կապ հաստատեցինք Ամասիայի համայնքապետ Ջեմմա Հարությունյանի հետ՝ պարզելու եղելությունը․ «Երեխան գտնվել է, անհանգստանալու կարիք չկա: Դրսում միջոցառում է եղել, հավաքույթի ընթացքում ուշադրություն չեն դարձրել, երեխան դուրս է եկել, մի քիչ տարածքից հեռացել է, ճանապարհով ներքև է իջել, խառնվել են իրար: Փոքրիկը մեր գյուղի բնակիչ է, մեր ազգային անվտանգության պետի աղջիկն է: Ամբողջ համայնքի բնակիչներով ուղղակի խառնվել էինք իրար, դիմել են ԱԻՆ-ին, բայց փառք Աստծո գտնվել է »,-պատմեց համայնքապետը:



Նշենք, որ դեպքի հետ կապված ԱԻՆ-ը նույնպես հաղորդագրություն է տարածել:



«Հուլիսի 15-ին, ժամը 14:25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ամասիա գյուղի « Սուրիկի աղբյուր » կոչվող տարածքում երեխա է կորել (մոտ 7 տարեկան). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ, աղբյուրից 1 կմ հյուսիս՝ դաշտում, քնած վիճակում հայտնաբերել են Ա. Ղ.-ին (2011 թ)»:



**Արևիկ Հակոբյան**