Անկախության քոշերը. դառնալ լարախաղաց

Անկախության քոշերը. դառնալ լարախաղաց

- Քո՛շերը՜ս, քո՛շերը՜ս,- կանգնում էր դռան մոտ ու բակով մեկ բղավում երեքամյա շիկամազ, գանգրահեր Վարդանը՝ Վայոց ձորի Խաչիկի բարբառով, երբ փնտրում էր կոշիկները՝ փողոց վազելու համար:

90-ականների սկզբին, երբ Խաչիկ գյուղում կրակոցները շատանում էին, մեր ազգականներն իջնում էին Եղեգնաձոր՝ մեր տուն:

Եվ շատ հետո պիտի հասկանամ, որ ազատատենչությանս հոգսերը սկսվել են հենց էդ օրերին՝ Վարդանի քոշերի փնտրտուքի հետ: Քոշեր, որոնք գտնելու համար բոկոտն դեռ շատ պիտի քայլեի:

Ես մեծացել եմ մեկ անգամ՝ 1988 թ.-ին...

Մեծացա, երբ ինձ ու եղբորս մերոնք տարան Փարաջանովի հայրենիքում առաջին ցուցահանդեսին... Մեծացա, երբ ցուցահանդեսից հետո մեզ տարան ցույցի…

Անկախության իմ պատկերացումները սկսվում են աղբից՝ անպետք իրերից, արվեստ ստեղծող փարաջանովյան աշխարհից ու ցույցերից մեկի այն քամուց, որ քշեց-տարավ եղբորս գլխարկը… Ու ես այնպես սկսեցի ողբալ, որ հայրս ստիպված վազեց գլխարկի հետեւից, գտավ այն ու բերեց… Այդ ժամանակ ցույցերից կարեւոր էր ինձ համար եղբորս գլխարկ կրելու ոտնահարված իրավունքը քամու կողմից… ու հետո, շատ հետո պիտի հասկանամ, որ իմ եւ կողքինիս ոտնահարված իրավունքների համար դեռ ուրիշ շատ քամիներ են գալու…

Մեծացա, երբ Նախիջեւանի տատիս Զնաբերդ գյուղը գաղթեց ու հոսեց մեր տան ու մանկությանս միջով...

Մեծացա, երբ պապիս Խաչիկ գյուղում պատերազմ սկսվեց …երբ պապիս Աբով եղբորը սպանեցին դաշտում…

Մեծացա, երբ ուսումնական տագնապներ էին տալիս, ու մենք պետք է հասցնեինք թաքնվել նկուղներում... մեծացա, երբ Արցախ թռչող ռազմական ուղղաթիռների ձայնը լսեցի... մեծացա, երբ Արցախյան շարժումը սկսվեց... մեծացա, երբ հայրենիքիս ծնվելուն զուգահեռ մեր տանը քույրիկներ ծնվեցին...

Մեծացա, երբ հասկացա, որ իմ հորն ու մորը հալածում էին իրենց հակասովետական, ազատատենչ, ազգային գաղափարների համար… ու չգիտեի, որ անկախանալուց հետո ծնվելու է բռնատիրություն, որտեղ կրկին մեզ հալածելու են ազատատենչության համար …

Մեծացա, երբ հայրիկիս ասացի, որ Սարմենի «Տասնհիգ եղբայր հանրապետություններ» բանաստեղծության մեջ իմաստ չեմ գտնում ու չեմ կարող անգիր հիշել: Իսկ հայրիկս թույլ տվեց ինձ դրա փոխարեն սովորել ու արտասանել Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի»-ն:

Մեծացա, երբ հենց այս առթիվ ստացա առաջին հեղափոխական երկուսս:

Այսպիսով՝ ծնվեցի 1982թ.-ին, մեծացա 1988թ.-ին:

«Իմ մանկության պատերազմը» հետո կպատմեմ, հիմա ուրիշ պարունակ ունեմ ձեր առջեւ պարպելու…

***
1999թ. հոկտեմբերի 27-ին իմ ներսում բնակվող 17-ամյա, արժանապատիվ կյանք փնտրող քաղաքացին իր ազատատենչ «քոշերը» փնտրելու ճանապարհին որբացավ:

2008թ. մարտի 1-ին այդ որբ քաղաքացին դարձավ քաղհալածյալ-լարախաղաց:

Ժողովրդավարությունը վերածվեց բարակ ու բոլորովին ոչ թավշյա, բռնատիրության վիհի վրայով ձգվող մի պարանի, որը քաղհալածյալ-լարախաղացներին այսօրվա Հայաստան բերող արժանապատիվ միակ ճանապարհն էր:

***
2008թ.

«Մեզ վրա հարձակվել են, աղոթեք»… ու հայրիկի հետ կապն ընդհատվեց…

Այն, ինչ վերապրեցի այդ պահին, վերապրել եմ մի քանի անգամ, երբ 6 տարեկան էի, հայրիկս ընկել էր տանիքից, ու մի քանի րոպե չգիտեինք՝ նա կենդանի է, թե ոչ, երբ պատերազմ էր, եւ հայրիկս գնացել էր փրկելու տատիկիս ու եղբորս (Նախիջեւանի Ազնաբերդ գյուղը հանձնելիս), եւ երբ իմ մանկության ընկերն էր մահացել ավտովթարից…

Երբ փոքր էի, հենց վատ բան էր լինում, որից ես վախենում կամ անհանգստանում էի, վազում էի իմ սենյակ, փակվում ու նկարում էի… երբ հայրս տանիքից ընկել էր, մարդիկ խառնվել էին իրար, բժիշկ էին կանչում, ես վազել էի իմ սենյակ ու նկարում էի ընկած հայրիկիս, շտապօգնության մեքենան, ջուր տանող մայրիկին, ողբացող տատիկին ու իրար անցած հարեւան-բարեկամներին… հայրիկն ընդամենը ուղեղի ցնցում էր ստացել… ու իմ կողքին էր…

Հիմա նա իմ կողքին չէ, ու ես թուղթ չունեմ նկարելու համար ու ես պարտավոր եմ կարծրանալ ու դառնալ ամուր հենարան մորս համար, որ իմ ամրության կարիքն ունի, եղբայր պիտի լինեմ անեղբայր եղբորս համար ու քույրիկներիս համար՝ լավատեսություն ու մանկացած տատիս համար՝ մխիթարանք…

…Երրորդ օրն էր… հայրիկս գտնվեց… 6-րդ վարչությունում էր եղել…

Մեզ շնորհավորում էին, որ հայրիկը ողջ է…

***
Փետրվարի 29-ի լույս մարտի 1-ի լուսաբաց. Ազատության հրապարակ… Իշխանությունների հրոսակները հարձակվում են վրաններում քնած կամ խարույկի շուրջ գիշերած խաղաղ, անզեն ցուցարարների վրա… Ծեծել ու ջարդուփշուր էին արել մարդկանց, վազել էին նրանց հետեւից, մահակներով փշրել նրանց ոսկորներն ու էլեկտրաշոկի ենթարկել՝ ճիշտ թշնամու հրոսակների պես:

…«Բարեւ աշխարհի ամենալավ հայրիկին եւ Ազատության հրապարակի բոլոր բնակիչներին։ Հայրիկ ջան, մենք աղոթում ենք բոլորիդ համար, անգամ՝ ոստիկանների: Ուզում ենք, որ ամեն բան խաղաղ լինի եւ Աստծո կամոք: Ամուր գրկում եմ: Աստված պահպան լինի բոլորիդ»:

Սա իմ քույրիկ Գայանեի հեռախոսային հաղորդագրությունն է, որ 2008թ. մարտի 1-ին լկտի ոստիկանները հայրիկիս հեռախոսը քրքրելուց ձեռ առնելով՝ բարձրաձայն սկսել են կարդալ ու հուզվել են վերջում, լռել ու դուրս եկել 6-րդ վարչության մեկուսարանից:

Հայրիկիս ուսը մահակով փշրել էին: Երեք օր մենք նրան փնտրում էինք ողջերի ու մեռածների մեջ: Ու մեկ գիշերում մայրս, ես, եղբայրս ու իմ անչափահաս քույրերը պիտակվեցինք ազգի թշնամի… երբ քո սիրելի քաղաքում ու երկրում հարազատներդ, ազգականներդ ու մտերիմներդ վախենում են բարեւել, օգնել…

Ու ես գրեցի այս տողերը…

Իմ ոտնահետքերը սիրո խոստովանանքի պես շոյեցին իմ քաղաքի փողոցները,
…գուցե կարո՞տ է…
…ես նեղացել եմ քեզանից, քաղաք իմ…
…Դու ինձ հրամցրեցիր գարնան բուրմունքը՝ ծաղկած ծառերի…
…բայց ես նեղացել եմ քեզանից…
…Ու հայացքս եզրերիդ ձյունոտ, կիսահալ լեռները շոյեց…
…գուցե կարո՞տ է….
…Մի մոռացիր, որ ես նեղացած եմ, քաղաք իմ…
…Դու ցույց տվեցիր ծաղկած ծիրանենին, լեռներից ներքեւ…
…Միեւնույն է՝ ես նեղացել եմ քեզանից…
…Ինձ հարազատ փողոցներին քայլերս խորթացել են…
…Ռունգերս չեն դողդողացել գարնան բուրմունքից…
…սիրտս չի շոշափել գարունը…
…Ես չեմ գտել ուրիշ մեկին ու նեղացել եմ քեզանից, քաղաք իմ…

Եղեգնաձոր, 2008թ.

***
Ես Երեւանից երթուղայինով գնում էի Արտաշատ, մայրիկը զանգահարեց.

-Նան, իջիր, վերադարձիր Երեւան, դատախազություն, հայրիկին բերում են էնտեղ:

Հասկանում եք, հիվանդանոցային հագուստով՝ պիժամայով, կարերը քանդելուց րոպեներ անց, դեղերի ազդեցության տակ, հիվանդանոց ներխուժած 7-8 հաղթանդամ արարած նրան, որպես վտանգավոր հանցագործի, բերել են դատախազություն…

Ու ես այդ օրը հասկացա, որ պատրաստ եմ յուրաքանչյուր քաղբանտարկյալի համար հագնել պիժամա ու պայքարել…

Ու ես հասկացա, որ հանուն արժանապատվության ես պատրաստ եմ ողջ կյանքս նվիրել…

Էդպես մեր ընտանիքը դռնեդուռ, տնետուն քարշ եկավ՝ մինչ օգոստոս ամիսը, մինչ հարուցված քրգործը կարճվեց:

(Քրգործ թիվ 62202608՝ հարուցված ՀՀ ՔՕ 225 հոդվածի 3-րդ եւ 235-րդ հոդվածի 1-ին մասերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով: 2008թ. մարտին հարուցված քրգործը կարճվել է 2008թ. օգոստոսին՝ հանցակազմի բացակայության պատճառով):

Հետո հասկացա, որ այս երկրում ապրելու համար ես լարախաղաց պիտի դառնամ, պիտի կարողանամ ստեղծել այնպիսի կոշիկներ, որոնցով կարողանամ քայլել պարանի վրայով, որն ինձ կտանի դեպի ազատության ու անկախության իմ երազած արժանապատիվ երկիրը…

***
Քաղաքացիական բոլոր նախաձեռնություններին մասնակցում էի գրեթե աննկատ, գիշերներով, տեսախցիկների առջեւ չհայտնվելով…

«Էլեկտրիկ Երեւանին» նախորդող գիշերներին Ազատության հրապարակում բրդուճներ էի պատրաստում, ու ինձ թվում էր, իմ ողջ սերն եմ ներդնում, ինձ թվում էր՝ ազգիս եմ կերակրում… ջրցանից հետո քաղմասում ու այդ «թաց օրերում» շատ ընկերներ պիտի ձեռք բերեմ…

Հետո Խորենացիում պիտի պայթյունների տակով փախչենք, հետո Սարի թաղից պիտի վայրագ հրոսակներից մի կերպ փրկվենք…

Հետո Հաց բերող երեւույթին պիտի հանդիպենք ու խնկարկենք նրա հիշատակը…

Հայրենիքումս սկսվող ամեն քաղաքացիական նախաձեռնություն կարճ ժամանակ անց պիտի տեղավորվի ռեժիմի սցենարներում… ու ամեն անգամ, երբ ինձ ասեն՝ բաա տեսա՞ք, էլի չեղավ…

Ես նրանց պիտի ասեմ.

-Ո՞նց չեք հասկանում, որ պայքարելու մշակույթ է ձեւավորվում:

Հայրենիքումս ու հայրենի մարզում իմ արած ամեն Քայլի համար ես պատասխան եմ տվել զրկանքով, լացով, հալածանքով… գիշերը լացել եմ, որ ժպտամ առավոտյան… որ ամեն օրվա մեջ կարողանամ գտնել ազատատենչության կոշիկներս՝ քոշերս, որ այսօրվա Հայաստան գամ…

Ու երբ Ֆրանսիայի հրապարակում սկսեցինք հավաքվել գիշերները, ես ասում էի՝ եթե այս անգամ էլ չստացվի, միեւնույն է՝ սա եւս մեկ քայլ է, որ տանելու է դեպի Նոր Հայաստան…

Հեղափոխությունը երեխայի պես է, ծննդաբերում ես, հետո ամեն օր հրճվում ու նաեւ հասկանում, որ ամեն օր պետք է խնամք տանես նրա համար…

Ապրիլյան օրերին հաճախ էի հիշում իր քոշերը փնտրող Վարդանին… ու հասկանում, որ ազգս գտել է իր ազատության քոշերը, որ քայլ անի…

Նանե Բագրատունի/Ասատրյան- լրագրող, դոկումենտալիստ, 2018թ. հուլիսի 3-ից՝ Վայոց ձորի փոխմարզպետ

Հրապարակ մշակութային հավելված


Նկարը՝ Նանե Բագրատունու․ 2009թ-ի մարտի 1