Կաթողիկոսով հիացած չեմ, բայց չխփենք եկեղեցուն․ Սոս Գիմիշյան

Կաթողիկոսով հիացած չեմ, բայց չխփենք եկեղեցուն․ Սոս Գիմիշյան
«Քրիստոնեաժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը կառավարության երկամսյա գործունեության ընթացքում միայն իրավապահ համակարգի գործողություններն է համարում շոշափելի եւ արդյունավետ։ «Կուզենայի, որ արծարծեին սահմանադրական փոփոխությունների խնդիրը, եւ մեր վզին դրսից փաթաթված սահմանադրությունը փոխեին։ Կուզենայի, որ կառավարման համակարգում լինեին փոփոխություններ, մարզպետարանների համակարգում լինեին փոփոխություններ, դրանք առայժմ չեմ տեսնում։ Կուզենայի, որ ընդերքի շահագործման հարցում լինեին փոփոխություններ, վերջ ի վերջո, գործող սահմանադրության մեջ գրված է․ «Ընդերքը պատկանում է ժողովրդին»։



Եթե ընդերքը պատկանում է ժողովրդին, ոչ թե պետությանը, ապա պետք է տեղի ունենան լուրջ փոփոխություններ»,-մեզ հետ զրույցում ասաց Սոս Գիմիշյանը։ Նա մտավախություններ ունի, որ Հայաստանը կարող է մտնել խոշոր աշխարհաքաղաքական խաղերի մեջ, որոնք կարող են ծանր հետեւանքներ ունենալ մեր երկրի համար։ «Կուզենայի հստակ իմանալ, թե ինչ են մտածում իշխանությունները եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Ես էլ հիացած չեմ մեր կաթողիկոսով։ Բայց խնդիրն այն է, որ կաթողիկոսին հարվածելով՝ չխփենք եկեղեցուն։ Ես տեսնում եմ, որ այդ ամենը կազմակերպվում է եկեղեցուն խփելու համար։ Իսկ եթե դա կազմակերպվում է եկեղեցուն խփելու համար, ապա դա ընդհանրապես անընդունելի է։ Աշխարհում կան այդ պրոցեսները՝ քայքայել, քանդել հոգեւոր համակարգը եւ նորը ստեղծել։ Չէի ուզենա, որ մենք էլ դրան մաս կազմենք։ Մի կողմից լավ է, որ կառավարության անդամները երիտասարդ են, մյուս կողմից իրենք լավ չեն տիրապետում պրոբլեմներին։ Պետք է նախ տիրապետել ոլորտի պրոբլեմներին, հետո գտնել լուծումներ։ Իսկ դրա համար ժամանակ է պետք»,- նշեց մեր զրուցակիցը։ Սոս Գիմիշյանի հետ զրույցում նկատեցինք, որ Հատուկ քննչական ծառայությունը փորձում է բացահայտել Մարտի 1-ի գործը։



«Դա շատ դրական է եւ շատ էական է։ Ընդհանրապես ինչ վերաբերում է հանցագործություններին, գլխավոր նպատակը նույնիսկ կոնկրետ հանցագործին պատժելը չպետք է լինի։ Պետք է ստեղծել մի իրավիճակ, նախադեպ, որ հետագայում այդպիսի երեւույթներ չլինեն՝ չլինի Մարտի 1, չլինի Հոկտեմբերի 27։ Պետք է դատապարտել երեւույթը, որ չլինեն նոր զոհեր»,- արձագանքեց մեր զրուցակիցը։