Կանխորոշողը հիմա էլ հեղափոխական ալիքն է, ընտրվելը դարձել է ռիսկային

Կանխորոշողը հիմա էլ հեղափոխական ալիքն է, ընտրվելը դարձել է ռիսկային
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանից հետաքրքրվեցինք, թե պատրաստվո՞ւմ են մասնակցել Էջմիածնի, Արմավիրի, Կապանի, Հրազդանի քաղաքապետերի ընտրություններին։ «Ես բազմիցս առիթ եմ ունեցել ասելու, որ մեր կուսակցությունը 20 տարի եղել է առաջին գծում եւ հարվածներ է ստացել վարչախմբի կողմից։ Օրվա հեղափոխական իշխանության խնդիրը պետք է լինի ձեւավորել հանրային վստահության հանձնախումբ, դրանում թող լինեն փորձառու լրագրողներ, հայտնի մտավորականներ, քաղաքացիական նախաձեռնության ղեկավարներ։ Այդ խումբը կարող է անցումային փուլում արդարությունը վերականգնել քաղաքական դաշտում։ Առանց քաղաքական դաշտի մեր երկիրը չի ունենա ապագա։ Կարծում եմ, որ դժվար է վերականգնել 20 տարվա ընթացքում ավերված քաղաքական դաշտը։ Ցավում եմ, այսօր ես չեմ տեսնում այն քայլերը, որոնք քաղաքական դաշտը վերականգնելու խնդիր դնեն։ Խնդիր է դրված անցկացնել արդար ընտրություններ, բայց ես մտավախություն ունեմ, որ կարող է լինել արդար քվեարկություն, բայց ոչ արդար ընտրություններ։ Ինչո՞ւ։ Չեն կատարվում քաղաքական դաշտի առողջացմանն ուղղված քայլեր։ Եվ այս դեպքում բարդ է մրցակցության մեջ մտնել այս հեղափոխական էյֆորիայի իրավիճակում։ Եթե նախկին վարչախմբի օրոք քաղաքական ուժերը չէին մասնակցում, որովհետեւ կանխորոշված էր, թե որ ֆեոդալը պետք է լինի քաղաքապետ կամ գյուղապետ, ապա հիմա էլ կանխորոշողը հեղափոխական ալիքն է։ Այսինքն՝ այս դեպքում ընտրվելը դարձել է ռիսկային»,- ասաց Մակեյանը։



Հարցին, թե հեղափոխությունից հետո ստեղծված իրավիճակը օրինաչա՞փ չէ, նա արձագանքեց․ «Իհարկե, օրինաչափ է։ Կարծում եմ, պետք է մտածել Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին, քանի որ սցենարը պարզ է՝ հուլիսի 16-ին չի ընտրվի Երեւանի քաղաքապետ, կնշանակվեն նոր ընտրություններ։ Իսկ այդ ընտրություններն էլ ավելի շուտ կլինեն, քան՝ մյուս քաղաքներինը։ Իսկ Երեւանի ավագանու ընտրություններին մենք կփորձենք մասնակցել»։



**Թագուհի Հակոբյան**