Արթիկցիները դժգոհ են նոր ոստիկանապետից․ Պետրոս Մակեյան

Արթիկցիները դժգոհ են նոր ոստիկանապետից․ Պետրոս Մակեյան
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, նախկին քաղբանտարկյալ Պետրոս Մակեյանը կարծում է, որ հասարակությունը շատ մեծ սպասելիքներ ունի հեղափոխությունից։ «Հասարակությունն առայժմ բավարարված է կառավարության գործունեությունից։ Շատ տրամաբանական է, որ իրավապահ մարմիններն ակտիվ են, որովհետեւ ավազակապետական ռեժիմը 20 տարի թալանել է երկիրը։ Եվ հիմա օրինաչափ է, որ պետք է հաստատվի օրինականություն»,- մեզ հետ զրույցում ասաց Պետրոս Մակեյանը։



Մակեյանին, սակայն, տարակուսանք է պատճառում, որ նոր իշխանությունների օրոք Ոստիկանության Արթիկի բաժնի պետ է նշանակվել Մինո Մխիթարյանը։ «Նա մարդ է, որը միշտ եղել է թալանի կենտրոնում եւ հակահեղափոխության առաջամարտիկներից է։ Նա ճնշում էր երիտասարդներին։ Եվ երբ նա նշանակվեց ոստիկանապետ, այդ տարածաշրջանի ժողովրդի դժգոհությունն է առաջացրել։ Դա լոկալ խնդիր է։ Մեծ հաշվով՝ պրոցեսը ընթանում է դրական ուղղությամբ»,- նշեց մեր զրուցակիցը։ Պետրոս Մակեյանը նկատում է, որ ժողովրդի կենսամակարդակի բարձրացում չի նկատվում, եւ նոր իշխանությունները, արդարությանը հետամուտ լինելուն զուգահեռ, պետք է մտածեն նաեւ տնտեսական ռեֆորմներ անցկացնելու մասին։



«Նախկին վարչախմբի օլիգարխները փորձում են խուսափել կամ սաբոտաժ անել, ինչը խնդիրներ է ստեղծում իշխանությունների համար։ Երրորդը՝ անհասկանալի է, թե ինչու են իշխանությունները հապաղում անդրադառնալ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների իջեցմանը, քանի որ դրանք իրենց իրական արժեքից 40-50 տոկոս բարձր են։ Անապահով ընտանիքների համար սակագնի իջեցումը ընդամենը խաբկանք է։ Տնտեսական ոլորտում, ակնհայտ է, որ իշխանություններն ունեն լուրջ անելիքներ, որպեսզի մարդիկ իրենց մաշկի վրա զգան դրական փոփոխությունները»,- արձագանքեց Պետրոս Մակեյանը։



**Թագուհի Հակոբյան**