Ինչու նույն անձն ընտրվեց և՛ որպես վճռաբեկի, և՛ որպես պալատի նախագահ

Ինչու նույն անձն ընտրվեց և՛ որպես վճռաբեկի, և՛ որպես պալատի նախագահ
Բարձրագույն դատական խորհուրդը երեկ երեկոյան փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց վճռաբեկ դատարանի նախագահի և երկու պալատների նախագահների թեկնածուներին։ Քվեարկության արդյունքներով՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու ընտրվեց Երվանդ Խունդկարյանը։ Նա ստացավ 7 ձայն։ Նա նաև ընտրվեց ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ՝ 10 ձայնով: Իսկ քրեական պալատի նախագահի թեկնածուի ընտրության ժամանակ երկու դատավորներ՝ Ելիզավետա Դանիելյանը և Լիլիթ Թադևոսյանը, հնգական ձայն ստացան, և խորհուրդը ստիպված էր նորից քվեարկել։ Նոր ընտրության արդյունքում 8 ձայնով ընտրվեց Լիլիթ Թադևոսյանը։



Ինչու նույն անձն ընտրվեց և որպես վճռաբեկի, և որպես քաղաքացիական և վարչական պալատի նախագահ և ինչպես է իրականանալու վերջնական ընտրությունը։ ԲԴԽ անդամ, իրավագետ Գևորգ Դանիելյանը պատասխանեց **«Հրապարակի»** հարցերին։



-Նախ, ՀՀ դատական օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված կարգով մենք ընտրում ենք պալատի նախագահ, որը նշանակվում և ստանձնում է իր լիազորությունները՝ Հանրապետության նախագահի հրամանագրով։ Այնուհետև, առանձին ընտրություն է անցկացվում, որով որոշվում է, թե ով կարող է լինել վճռաբեկ դատարանի նախագահ։ Հիշյալ հոդվածով սահմանված է, թե ովքեր կարող են լինել թեկնածուների թվում, մասնավորապես, այդպիսիք կարող են լինել և պալատների նախագահները, և վճռաբեկ դատարանի բոլոր դատավորները։ Ընդ որում, հարկ է նկատել, որ առաջին ընտրության պարագայում կարող են ընդգրկվել նաև այն դատավորները, որոնք տվյալ դատարանում չունեն առնվազն երեք տարվա փորձառություն: Հետագայում թեկնածուներ չեն կարող հանդիսանալ ինչպես արդեն իսկ պալատի նախագահի պաշտոնն զբաղեցրած, այնպես էլ տվյալ դատարանում առնվազն երեք տարվա փորձառություն չունեցող դատավորները:



Եթե վճռաբեկ դատարանի նախագահը հրաժարական տված չլիներ, և մենք այս պահին ունենայինք վճռաբեկ դատարանի գործող նախագահ, նա ևս իրավունք կունենար մասնակցելու ընտրությանը։ Այսպիսով, ՀՀ դատական օրենսգիրքն անցումային դրույթներում թույլ է տալիս, որ մասնակցեն բոլորը, այդ թվում՝ վճռաբեկ դատարանի նախագահը։ Մյուս կողմից թեկնածուների շրջանակը խիստ սահմանափակ է, մենք պետք է ընտրություն կատարենք բացառապես այս պահին վճռաբեկ դատարանի անդամների և պալատների նախագահների կազմից: Այն թեկնածուն, որն արդեն ընտրվել է պալատի նախագահ, ևս համարվում է վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու, անկախ այն հանգամանքից՝ առկա է նրան նշանակելու Հանրապետության նախագահի հրամանագիրը, թե՝ ոչ։ Ըստ այդմ էլ, հաշվի առնելով, որ վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածության ընտրության արդյունքներով նա ստացել է անհրաժեշտ ձայների քանակ, Խորհուրդը նրա թեկնածությունը ներկայացնում է Ազգային ժողով։



Ընդունենք, նա ընտրվեց խորհրդարանում, 63 ձայնը հավաքեց, այս դեպքում կդադարե՞ն նրա պալատի նախագահի լիազորությունները։



Եթե ընտրվի, ապա կդադարեն նրա՝ վճռաբեկ դատարանի պալատի նախագահի լիազորությունները. ուստի հարկ կլինի ընտրել պալատի նոր նախագահ: Եթե խորհրդարանում չընտրվի, նա շարունակում է մնալ պալատի նախագահ։ Ինչպես, օրինակ, Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված Ելիզավետա Դանիելյանը ներկայացվել էր խորհրդարանին՝ որպես ՍԴ դատարանի անդամ, բայց չստանալով անհրաժեշտ քվե, շարունակեց մնալ վճռաբեկ դատարանի դատավոր։



**-Պարզապես սպասվում էր, որ այլ անձ կարող էր ընտրվել։**



-Եթե նկատի ունեք, որ կարող էր լինել այդ ատյանում չընդգրկված որևէ այլ թեկնածու, ապա մեր ընտրությունը, ինչպես նշվեց, սահմանափակված է վճռաբեկ դատարանի դատավորների շրջանակով։ Ինչ վերաբերում է սպասումներին, կարծում եմ, հանրային ընկալումը, այդ թվում՝ դատավորների շրջանում, դրական է: Սա, ի դեպ, երկրորդ ընտրությունն է. առաջին ընտրությամբ մեզ չհաջողվեց ունենալ անհրաժեշտ քվե ստացած թեկնածու:



**-Ի՞նչ հետագա ընթացակարգ է սահմանված, ի՞նչ ժամկետներ վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության համար։**



-Պալատի նախագահների վերաբերյալ Խորհրդի առաջարկությունը սեղմ ժամկետում կներկայացվի Հանրապետության նախագահին, որն էլ այն ստանալու պահից 3-օրյա ժամկետումը նշանակելու վերաբերյալ հրամանագիր է ընդունում կամ առաջարկությունն առարկություններով վերադարձնում է Խորհուրդ, իսկ վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի հարցը կքննարկվի Ազգային ժողովում՝ առաջիկա նստաշրջանում։ Ընդհանուր առմամբ, վճռաբեկ դատարանի նախագահի ընտրությունը, Սահմանադրության 215-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, պետք է իրականացվի Բարձրագույն դատական խորհրդի կազմավորումից հետո՝ ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում:



**Սյուզան Սիմոնյան**