Ռուսական օրագիր. «Մունդիալ 2018»

Ռուսական օրագիր. «Մունդիալ 2018»
Ռուսաստանում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար կպայքարեն Անգլիայի եւ Բելգիայի հավաքականները: Իրականում երրորդ տեղի համար մրցավեճերը բավականին բուռն են լինում եւ անցնում են հետաքրքրական պայքարում: Թերեւս, ի տարբերություն Անգլիայի հավաքականի, Բելգիան Ռուսաստան էր եկել միմիայն ոսկե գավաթի հետեւից: Գերտաղանդավոր ֆուտբոլիստներով հագեցած այս ընտրանին չկարողացավ լուծել գլխավոր խնդիրը, պարտվեց ավելի դինամիկ ու կազմակերպված Ֆրանսիային եւ հրաժեշտ տվեց իր երազանքին: Ուշագրավ է, որ առաջնության ընթացքում տասնյակ հազարավոր երկրպագուներ ուղղակի վստահ էին, որ, անխոս, աշխարհի չեմպիոն է դառնալու հենց Բելգիան:



Սակայն «Կարմիր սատանաները» չկարողացան տանել ակնկալիքների ու մեծ սպասումների այդ, ինչ խոսք, ծանր բեռը, եւ խաղադաշտում՝ ամենավճռական պահին, երբ հարկավոր էր ինքնակազմակերպվել, վերափոխել, ինչ-որ նոր բան պարտադրել Ֆրանսիայի ընտրանուն, նրանք տեղի տվեցին՝ խորապես հիասթափեցնելով իրենց երկրպագուներին: Գուցե բրոզե մեդալներին տիրանալու համար Բելգիայի հավաքականն այս պահին հոգեբանորեն այդքան էլ տրամադրված չէ, քանզի փուլ եկած երազանքի ավերակների վրա ինչ-որ բան կառուցելն իսկապես չափից դուրս բարդ աշխատանք է: Իսկ, ահա, երիտասարդներով համալրված Անգլիան ամեն ինչ կանի, որպեսզի շարունակի ուրախացնել համայն Մեծ Բրիտանիային: Նախ՝ Անգլիայից այսպիսի արդյունք ոչ ոք չէր սպասում, հավանաբար, իրենք իրենցից նույնպես լուրջ բան չէին սպասում: Առաջնությունից առաջ անգլիական մամուլում ազգային հավաքականի հասցեին կծու հեգնանք ու քննադատություն էին հնչում, անգամ ամենալավատես մասնագետը չէր կանխագուշակում, որ Գարեթ Սաութգեյթի թիմը պայքարելու է նախ եզրափակչի, ապա երրորդ տեղի մրցանակի համար:



Միանշանակ, Անգլիայի ֆուտբոլիստները գովեստների են արժանի․ մեծ հանդիպումներ անցկացնելու փորձառություն չունենալով՝ երիտասարդ տղաներին հաջողվեց լավագույնս դրսեւորվել եւ առաջ տանել հավաքականը: Իհարկե, նրանց օգնեց նաեւ այդ լուրջ սպասելիքների բացակայությունը՝ դրանով Անգլիան ավելի ազատ ու անկաշկանդ էր գործում:



Եվ, ըստ երեւույթին, Բելգիա-Անգլիա մրցավեճում, այսպես ասած, քողարկված ֆավորիտը հենց Անգլիան է լինելու, այս հավաքականի համար բրոնզե մեդալներ վերցնելու գաղափարը եւս մոտիվացիայի հրաշալի առիթ է, եւ Անգլիան կփորձի օգտագործել ընձեռված այս շանսը:



**Զավեն ՄԽԻԹԱՐՅԱՆ**