Նորահայտ հուշարձաններն արժևորվեցին, մնաց հանրությունն արժևորի

Նորահայտ հուշարձաններն արժևորվեցին, մնաց հանրությունն արժևորի
Օրերս մշակույթի նախարարության փորձագիտական հանձնաժողովը միաձայն կողմ քվեարկեց 7 կառույց պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում ընդգրկելուն, որոնց թվում էին «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը, «Ռոսիա» («Այրարատ») կինոթատրոնը, «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը, «Հրազդան» մարզադաշտը, Երեւանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը, Երեւանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանը, Գաֆեսճյան արվեստի կենտրոնը (Կասկադ):



Մշակույթի նախարարության Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանն ասում է, որ մինչեւ ցուցակի հաստատվելը դրանք համարվում են իրավաբանորեն նորահայտ հուշարձան եւ պահպանվում, ինչպես ցուցակում արդեն ընդգրկված մյուս հուշարձանները։



Ե՞րբ եւ ո՞վ է վերջնականապես դրանք հաստատելու։ «Օրենքն ասում է՝ փորձագիտական հանձնաժողովի դրական եզրակացությունից հետո ինքը ստանում է նորահայտ հուշարձանի կարգավիճակ, այսինքն՝ ինքն արդեն իսկ ունի այդ հուշարձանի կարգավիճակը։ Իսկ եթե ցուցակում չի ներառվելու, իրավաբանորեն խնդիրներ են առաջանալու, ապա երբ որեւէ մեկը կմերժի, դրա հիմքերը կլինեն, միայն այդ դեպքում կարելի է քննարկել կարգավիճակի խնդիրը»։



Իսկ ո՞վ կարող է մերժել արդեն կարգավիճակ ունեցող հուշարձանը։ «Իմ կարծիքով՝ ոչ մեկը, բայց կարող է իրավաբանորեն խնդիրներ առաջանան, որովհետեւ կարծիքներ կան, որ դա նաեւ սեփականատերերի իրավունքին է առնչվում, եւ այժմ այդ հարցը քննարկվում է, բայց դա մեր՝ փորձագիտական հանձնաժողովի դաշտից դուրս է»,- ասում է Աբրոյանը, ով փորձագիտական հանձնաժողովի նախագահն է։ Հանձնաժողովում եղել են ներկայացուցիչներ տարբեր գերատեսչություններից, կառավարությունից, մասնագիտական կազմակերպություններից եւ ոլորտի հեղինակավոր մասնագետներ։ «Ոչ միայն այս 7 հուշարձանները, այլեւ արդեն մոտ 500 եւ ավել հուշարձաններ ունենք, որոնք վերջին մի քանի տարում ստացել են նորահայտի կարգավիճակ, ինչի՞ ենք միայն այս 7-ը քննարկում»։ Այն պարզ պատճառով, որ հանրության ուշադրության կենտրոնում են։ «Ուրեմն հանրությանն էլ կոչ անենք, որ մի քիչ ավելի ուշադիր եւ հետեւողական լինեն իր ուշադրության կենտրոնում գտնվող հուշարձանների նկատմամբ»։



Նախարարությունը պահանջ դնելո՞ւ է վերականգնել արդեն նորահայտի կարգավիճակ ստացած այդ հուշարձանների նախկին տեսքը, օրինակ՝ «Այրարատ» կինոթատրոնի կամ մետրոյի Հանրապետության հրապարակի հատվածը։ «Այդ հարցն է, որ արժեւորման խնդրին առնչվում է, եւ շատ մասնագետներ, քաղաքացիներ չեն տարբերում, թե արժեւորումն ինչ է ենթադրում, մաքրվելո՞ւ է, թե՞ ոչ։ Արժեւորումը ենթադրում է միայն արժեւորում, այսինքն՝ սա դեռ առաջին գործողությունն է, որով մենք կարգավիճակ ենք տալիս հուշարձանի պատմական մշակութային արժեքի առկայության վերաբերյալ»։



Աբրոյանը նշում է՝ «Այրարատ» կինոթատրոնի դեպքում, օրինակ, միայն նրա ճարտարապետությունն է արժեւորվել․ «Նորակառույցները, նոր դրված տվյալները չեն կարող արժեւորվել եւ լինել իրենը։ Այլ հարց է, թե դրանք եւ արժեւորված կառույցն ինչ առնչություն ունեն այսօր իր առկա կառուցապատման հետ։ 2-րդ հարցն է առաջանում․ վնասո՞ւմ է այդ արժեքը, պետք է հեռացնե՞լ, թե՞ չէ։ Կամ՝ սեփականատերն իրավունք ունե՞ր կառուցելու դրանք մինչեւ արժեւորումը։ Եթե արժեւորումից հետո անհրաժեշտություն է առաջանում որեւէ բան ապամոնտաժել, դա վնա՞ս է սեփականատիրոջը, թե՞ ոչ, վնասի դեպքում պետությունը հատուցո՞ւմ է, թե՞ ոչ։ Սրանք բազմաթիվ հարցեր են։ Մենք դրանք չենք քննարկում, իհարկե՝ մասնագիտական հիմքով եւ քաղաքական առումով ցանկալի է, եւ լավ կլիներ, որ վերականգնվեր ամբողջ տեսքը, բայց դրա իրականացման եւ իրական հնարավորությունները պետությունն ունի՞։



Սեփականատերը պարտավոր է որեւէ բան անել միայն այն դեպքում, երբ դրա իրավունքը մենք կունենանք, մենք սեփականատիրոջ իրավունքը չենք սահմանափակում, չենք նվազեցնում, ավելին, ասում ենք՝ դու արդեն արժեւորված կառույց ունես եւ, օրինակ, դրա լուսանկարը կարող ես վաճառել բիզնես դաշտում։ Սահմանադրությունը եւ օրենքները թույլ են տալիս որեւէ սեփականատիրոջ իրավունք սահմանափակել, եթե դա հանրային շահի կամ օրենքների դաշտում նորմատիվ պահանջ է։ Որեւէ կառույցի արժեւորումը կատարվում է անկախ սեփականության ձեւից, օրինակ՝ եթե հայտնաբերվում է Պիկասոյի մի գործ որեւէ մեկի տանը, որպես սեփականություն հիմա, ինչ է՝ չարժեւորե՞նք, ի՞նչ կապ ունի, թե ումն է, պետք է արժեւորել։ Նման կերպով՝ պատմամշակութային արժեքը, որը պետք է արժեւորել, անկախ սեփականության ձեւից»։



Պետությունը, ի դեմս մշակույթի նախարարության կամ քաղաքապետարանի, իրավունք ունի՞ պահանջել ապամոնտաժել, օրինակ, Արամ Մանուկյանի արձանը, որը տեղադրվել է, փաստորեն, նորահայտ հուշարձանի վրա։ «Նորահայտ հուշարձանի կարգավիճակն Արամ Մանուկյանի արձանի տեղադրումից հետո է եղել։ Սակայն արձանի տեղափոխման խնդիրը, անկախ արժեւորումից, անցել է ոչ օրենսդրական, լիարժեք գործընթաց, այսինքն՝ չի ստացել մշակույթի նախարարության համաձայնությունը, որեւէ պաշտոնական գրություն կամ փաստաթուղթ չունենք, որ նախարարությունը կամ գործակալությունը, որ պետք է համաձայնություն տար արձանի տեղադրմանը, տվել է։ Եվ իմ ասած հիմքով մենք պահանջել ենք քաղաքապետարանից ապամոնտաժել արձանը տարածքից կամ վերանայել տվյալ հարցը։ Խնդիրն այն է, որ դա տեղադրվել է գաղտնի»,- ասում է նա ու հավելում, որ հուշարձանը եթե որեւէ փոփոխություն կրում է կամ ենթադրվում է, որ պետք է կրի, դա պետք է լինի միայն ի նպաստ հուշարձանի։



Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանից հետաքրքրվեցինք ՝ մետրոյի Հանրապետության հրապարակի հատվածը հուշարձան ճանաչելուց հետո հնարավո՞ր է Արամ Մանուկյանի արձանն ապամոնտաժվի, հատկապես որ մշակույթի նախարարությունը պահանջել է ապամոնտաժել այն։ «Թող պահանջեն, ի՞նչ է եղել, ինչո՞ւ եք անհանգստանում, շուտով արձանի բացումն է, թող գան այնտեղ էլ կանգնեն ու պահանջեն։ Քաղաքապետարանը համապատասխան պաշտոնական գրագրություններ ստացել է արդեն, եւ համապատասխան պատասխաններն էլ ուղարկվել են կառավարություն։ Այնպես որ, հայտնի է՝ ինչ եւ ինչպես է արվել, ինչպես կորոշեն, այնպես էլ թող անեն։ Իմ տեղեկությամբ, ամսի 17-ին արձանի բացումն է արդեն»։



«Այրարատ» կինոթատրոնի հեղինակ ճարտարապետ Հրաչյա Պողոսյանը կարծում է, որ ուշացած է այս գործընթացը, բայց նոր իշխանություններն արեցին այդ քայլը, ինչը չէին անում նախկինները վերջին 3-4 տարիների իր դիմումներից հետո։ Ըստ նրա, կարգավիճակի փոփոխությունից հետո կինոթատրոնը շատ պարզ քայլերից հետո պետք է շարունակի գործունեությունը․ «Լինելով մասնավոր սեփականություն՝ պետք է իշխանությունները սեփականատիրոջը բացատրեն իր պարտականությունները եւ իրավունքները, քանի որ սեփականատերն այսօրվանից իր սեփականության մեջ ունի հուշարձան, ոչ թե սովորական շենք։ Իքս հուշարձանի պահպանությունն ունի իր օրենքները, դրանք գրված են շատ վաղուց, իշխանություններն էլ պետք է հետեւեն, որպեսզի նա այդ հուշարձանն ազատի բոլոր տեսակի այն նորամուծություններից, որն ինքն արել է, քանի որ առաջ եթե կարող էր դա անել, հիմա պետք է այդ բոլորը վերացնի, քանի որ հուշարձան է, եւ պետք է բերի իր նախնական տեսքին։ Ամենակարեւորն այն է, որ հուշարձան լինելով՝ «Ռոսիա» կինոթատրոնը պետք է ազատի տոնավաճառ կոչվող այդ շուկայից, որն իր ներսում բացված է»։



Ի դեպ, 2 ամիս առաջ նույն խնդրի շուրջ խոսեցինք նաեւ սեփականատիրոջ ներկայացուցչի հետ, ով ասել էր, որ բաժնետերերի կողմից որոշում է կայացվել՝ քանի որ նախկինում այն կինոթատրոն է եղել, ապա նորից այդտեղ պետք է գործի կինոթատրոն։ Պողոսյանը դրական է գնահատում սեփականատիրոջ այս մտադրությունը եւ պատրաստ է նրանց օգնել․ «Բայց բոլոր դեպքերում նրանք պետք է վերացնեն այն ամեն ինչը, որ արել են այսօր։ Կինոթատրոնի ներսում կան Էդուարդ Խարազյանի պղնձե հսկայական քանդակները որոնք այսօր ծածկված են այն իրերով, որ այնտեղ վաճառվում են։ Պետք է նախ այդ ամենը քանդեն, վերականգնեն, հետո թող օգտագործեն որպես կինոթատրոն այնպես, ինչպես կար։ Մենք հիմա, դժբախտաբար, չենք կարող հասնել նրան, որ կառույցի կողքի շինությունները վերացնեն, բայց այդ տարածքը պետք է մաքրվի այդ տոնավաճառից, բարեկարգվի, քանդակները նորից տեղադրել այնտեղ, որտեղ տեղադրված են եղել։ Այսինքն՝ բերել իր նախնական տեսքին՝ մաքսիմալ հնարավորությունների սահմանում։ Արդեն 25 տարի է՝ նրանց սեփականությունն է, եւ նրանք օգտագործում են այդ 2 մեծ դահլիճները՝ 1600 եւ 1000 տեղանոց, որպես տոնավաճառի պահեստ։ Այդ բոլոր բաները պետք է մաքրվեն, որ օգտագործվեն կինոյի, համերգի համար»։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**