Հետ բերած գումարներով դեռ բյուջեի ճեղքերն են լցնելու

Հետ բերած գումարներով դեռ բյուջեի ճեղքերն են լցնելու
Պետեկամուտների կոմիտեի նախագահը երեկ ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու իրենց կատարած աշխատանքը վերջին ամիսներին։ Նախորդի համեմատ 3 բան էր փոխվել՝ ՊԵԿ նախագահը, որն արդեն Դավիթ Անանյանն է, ոչ թե Վարդան Հարությունյանը, դահլիճի բեմում էր տեղավորվել, իսկ նախկինում կլոր սեղանի շուրջ էինք նստում։ Նրա ձեռքին անունների ցանկ կար՝ հավանաբար կանխատեսելով, որ անպայման կհարցնենք, թե ովքեր են այն սուբյեկտները, որոնց պատկանող գազալցակայաններում ՊԵԿ-ը ստուգումներ է կատարել եւ խախտումներ արձանագրել։ Վարդան Հարությունյանը անուններ չէր տալիս՝ ամեն անգամ համառելով, թե ինքն անձերի հետ խնդիր չունի։ Անանյանը խախտեց «ավանդույթը» ու թվարկեց անուններ։ Բայց դրա համար նախ իր առջեւ դրված թղթերի մեջ փորձեց գտնել ցանկը, սակայն չգտավ, ուստի հիշողությամբ տվեց․ օրինակ՝ Մհեր Սեդրակյանին պատկանող գազալցակայանը, որտեղ 15 մլն դրամի խախտում է արձանագրվել, եւ այն, ըստ ՊԵԿ նախագահի, եղածներից ամենաքիչն է։ Ապա տվեց նաեւ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի եւ Գագիկ Ծառուկյանի անունները։



Հովիկ Աբրահամյանի անունը, օրինակ, չկար, ով եւս գազալցակայաններ ունի, չկար նաեւ Միքայել Հարությունյանի անունը, ով, մեր տեղեկություններով, Երեւան-Սեւան մայրուղում ունի գազալցակայաններ։ Համենայնդեպս, մեր հարցին ի պատասխան՝ Անանյանը բացասական պատասխան տվեց։ Ըստ ՊԵԿ նախագահի ներկայացրած տվյալների՝ 2018 թ․ առաջին կիսամյակում ՊԵԿ-ը հավաքագրել է 649.7 մլրդ դրամ հարկային եկամուտ, որից 496.8 մլրդ դրամը՝ հարկային մարմինների, իսկ 152.9 մլրդ-ն` մաքսային մարմինների կողմից: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ պետական բյուջեի եկամուտների աճը բացարձակ թվով կազմել է 88.2 մլրդ դրամ կամ 15,6%: Սրանք թվեր են, որոնք միշտ հնչում են ՊԵԿ-ի հաշվետվություններում։ Եվ միշտ հարց է առաջանում՝ այդ ամենից հասարակ քաղաքացուն ի՞նչ օգուտ, դա ի՞նչ ազդեցություն է ունենալու բյուջեի, ապա նաեւ՝ քաղաքացու վրա։ Պարզվեց՝ առանձնապես ոչ մի․ այս հավաքագրումներով մենք դեռ, այսպես ասած, բյուջեի ճեղքերն ենք լցնելու, իսկ իրենց լեզվով ասած՝ այդ ավել գումարներով բյուջեի պակասորդն են նվազեցնելու։ Ի դեպ, բյուջեի հավաքագրումների մասին խոսեց նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նախորդ նիստի ժամանակ՝ նշելով, որ ստուգումների եւ քրեական վարույթների արդյունքում 22 մլրդ 622 միլիոն դրամ կամ 42 միլիոն դոլար է վերադարձվել բյուջե։ Չնայած դեռ վերադարձվելու մասին խոսելն էլ վաղ է։



Դավիթ Անանյանը կարծում է, որ իրավապահ գործունեության արդյունքում վերականգնված գումարները պետական բյուջեի եկամուտները պլանավորելիս հաշվի առնելը ճիշտ չի լինի․ «Որովհետեւ մենք պետք է գնահատենք ոչ թե այն, թե ինչքան գումար վերականգնվեց, այլ այն, թե էս գործունեության արդյունքում հարկ վճարողների մոտ վարքագիծ փոխվե՞ց, թե՞ ոչ։ Չի հետաքրքրում, թե ինչքան գումար կլինի, էդ 40 միլիոնը նույնիսկ եթե 400 միլիոն լինի, դրանք հատային գործարքներ են, մեզ հետաքրքրում է՝ այդ իրավապահ գործունեության արդյունքում վարքագիծ փոխվե՞ց, թե՞ ոչ»։



Բայց ժողովրդին էլ հետաքրքրում է՝ իր կյանքի վրա ազդեցություն ունեցա՞ն այդ մուտքերը, թե՞ ոչ։ «Լավ հարց եք տալիս, բայց ես Ձեզ հետեւյալը պատասխանեմ․ 2018 թվականի պետական բյուջեի եկամտային մասը պլանավորված է 1 տրիլիոն 248.5 միլիարդ։ Ծախսային մասը մենք ունենք 1 տրիլիոն 460 միլիարդի չափով։ Մոտ 210 միլիարդ բյուջետային պակասուրդ ունենք։ Եվ իրատեսական չէ, որ այս գործունեության արդյունքում մենք այդ պակասուրդը կփակենք։ Բայց մուտքային էական գերակատարում ունենալու ենք։ Ի՞նչ է դա նշանակում, նշանակում է, որ մենք 1 տրիլիոն 460 միլիարդ ծախսային ծրագրերը, որ ունենք պետական բյուջեում, ամեն դեպքում, պետք է իրականացնենք։ Եթե մենք ավել գումար հավաքագրեցինք, արտաքին աղբյուրներից այլ գումարներ ներգրավելու ծավալն ենք իջեցնելու։ Այսինքն՝ մենք պակասուրդն ենք նվազեցնելու մեր այս գործունեության արդյունքում»,- ասաց Անանյանը։



Նա ուզում է, որ հանրությունը ճիշտ ընկալի այս պրոցեսը, որ ավել հարկ հավաքելը նախ պետք է գնա պետբյուջեի պակասորդի նվազեցմանը։ Այն նաեւ դրական կերպով, անուղղակիորեն ազդելու է պետական պարտքի սպասարկման վրա։ Փաստորեն, պիտի սպասենք՝ պարտքերը տան, հետո անցնենք սեփական ժողովրդի աշխատավարձ ու թոշակ բարձրացնելուն։ Թեպետ սա միանշանակ չէ, եթե ունենանք կայուն տնտեսական աճ եւ դինամիկ զարգացում, հնարավոր է ե՛ւ այս պարտքերը ինտենսիվ փակել, ե՛ւ ժողովրդի սոցիալական վիճակը բարելավել բյուջեի հաշվին։ Իսկ ի՞նչ է լինելու հետո, երբ ավարտվի իրավապահների գործողությունների արդյունքում մեկանգամյա էֆեկտիվությամբ գումարներ բռնագանձելու այս պրոցեսը։ Դա դեռ պարզ չէ։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**