Միջադեպ Հրազդանի քաղաքապետարանում ստուգումների ժամանակ

Միջադեպ Հրազդանի քաղաքապետարանում  ստուգումների ժամանակ
Հուլիսի 6-ից Հրազդանի քաղաքապետարանում ստուգումներ են իրականացվում մարզպետարանի կողմից: Մեր տեղեկություններով՝ օրեր առաջ քաղաքապետարանում միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ հարվածել են մարզպետարանի աշխատակցին: Մեր աղբյուրը, ով ականատես էր միջադեպին, մեզ ասաց, որ քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար՝ Աշոտ Միքայելյանը մի քաղաքացու ուղղորդել է այն աշխատասենյակը, որտեղ ստուգումներ էր իրականացրել մարզպետարանի ֆինանսների բաժնի պետը. «Աշխատասենյակից գոռգռոց լսվեց, հետո քաղաքապետարանի աշխատողները վազեցին այդ սենյակ, միայն իմացա, որ այդ քաղաքացին հարվածել էր բաժնի պետին»,-ասաց զրուցակիցս:



Միջադեպի մանրամասները իմանալու համար զանգահարեցիք Կոտայքի մարզպետարանի ֆինանսների բաժնի պետ՝ Սեդա Բաղդասարյանին: «Քաղաքացին ինքը ներս չի մտել, իրեն միտումնավոր դրդել է աշխատակազմի քարտուղար՝ Միքայելյան Աշոտը, իմանալով հանդերձ, որ ինքս ո´չ մարզպետարանում, ո´չ քաղաքապետարանում դրամական օգնությամբ չեմ զբաղվում: Միտումնավոր բերեց եւ կանգնեցրեց քաղաքացուն, ասելով, որ ես եմ տրամադրում օգնությունները, նաեւ իմանալով հանդերձ տվյալ քաղաքացին հոգեկան խնդիրներ ունի: Նույն պահին քաղաքացին բարկացավ, սեղանի վրա եղած փաստաթղթերը ցրիվ տվեց, որից հետո հարձակվեց ինձ մի հատ խփեց, երկրորդ անգամ ուզում էր խփել քաղաքապետարանի տղաները խառնվեցին: Աշոտ Միքայելյանը միտումնավոր խոչընդոտեց վարչական հսկողության իմ աշխատանքը: Ինձ ասացին, որ այդ քաղաքացին 1 ամիս առաջ դիմել է օգնության համար, մակագրվել է, բայց չի ստացել, քաղաքապետի որոշումն էլ չկար»,-ասաց Սեդա Բաղդասարյանը, եւ հավելեց, որ դեպքը տեղի է ունեցել ամսի 11-ին, որի մասին ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում են տվել:



**Նելլի Կարապետյան**