Կառավարությունը պատրաստվում է փոխել Եղեգիսի հունը․ ՓՀԷԿ-երը դժգոհում են

Կառավարությունը պատրաստվում է փոխել Եղեգիսի հունը․ ՓՀԷԿ-երը դժգոհում են
Կառավարությունը մշակում է որոշում Եղեգիս գետի հունը փոխել դեպի Սևանա լիճը։ Այս որոշումը հարուցել է Եղեգիս գետի վրա կառուցված շուրջ 14 փոքր հիդրոէլեկտրակայանների սեփականատերերի զայրույթը։ Նրանց խոսքով՝ մի քանի տարի է, ինչ Եղեգիս գետի հունը ապօրինաբար շրջել են իր բնականոն հունից՝ հաշվի չառնելով շահառու կողմերի դիրքորոշումը․



«Ավելի քան 5-6 տարի Եղեգիս գետի հունն ապօրինի շրջել են իր բնական հոսքից՝ առանց քննարկելու, տեղեկացնելու և հաշվի առնելու գետի շահառուների իրավունքները, շահերն ու խնդիրները, մինչդեռ հենց պետությունն է՝ օրենքով նախատեսված կարգով տրամադրել այդ իրավունքները: Գետի հոսքն ուղղվել է դեպի Սևան, ինչը նաև օրենքով նախատեսված չէ»,- Հանրային խորհրդի հրավիրած քննարկման ժամանակ ասել է «ՀՀ վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա» ՀԿ-ի գործադիր տնօրեն Ռոման Մելիքյանը։



Դիմումատուները բարձրացրել են նաև խնդրի հետ կապված կոռուպցիոն ռիսկերի և չարաշահումների հավանականությունը՝ ակնկալելով, որ դրանք կլուծվեն հանրային լայն քննարկումների, խնդիրների բարձրաձայնման, դրանց խորամուխ լինելու և օբյեկտիվ գնահատականներ հնչեցնելու արդյունքում:



«Փաստորեն, ժամանակին պետությունը տրամադրել է ջրօգտագործման թույլտվություններ, գործունեություն ծավալելու լիցենզիաներ և համապատասխան այլ փաստաթղթեր, որոնց հիման վրա տնտեսվարողները ներդրումներ են իրականացրել այդ ոլորտում, սակայն Եղեգիս գետի հունը փոխվել է և տարվել դեպի Սևան, արդյունքում հիդրոկայանները, չունենալով ջրի համապատասխան պաշարներ, սկսել են գործել անարդյունավետ կամ ընդհանրապես դադարել են գործել»,-ասել է Մելիքյանը:



Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանն, ով կազմակերպել է քննարկումը, մեզ հետ զրույցում ասաց, որ խնդրի լուծման 2 տարբերակ կա՝ առաջինը դատավարական գործընթացներն են, 2-րդը՝ պետության կողմից համապաստախան փոխհատուցումների տրամադրումն է, եթե կան դեռ գործող պայմանագրեր․



«Կառավարությունը պատրաստում է որոշում՝ Եղեգիս գետը Արփա ուղղորդելու վերաբերյալ, ըստ որում՝ որոշակի քանակություն այդ ջրից, կարծեմ 20 մլն խորանարդ մետր, պահպանվելու է ոռոգման նպատակներով, մնացածը ուղղորդվելու է Սևանա լիճ։ 1960- ական թվականների, եթե չեմ սխալվում, կառավարությունը երբ որ որոշում էր Արփա-Սևան թունելի կառուցման խնդիրը, որոշել էր, որ և՛ Արփա գետը, և՛ նրա վտակ Եղեգիսը պետք է ուղղորդվեին դեպի Սևան, երկուսը միասին դա պետք է լիներ 250 մլն խորանարդ մետր տարեկան, հիմա այդպիսի որոշման և այդպիսի տեխնիկական պայմանի առկայության դեպքում պետք է կառուցվել Արփա- Սևան ջրատարը։ Հիմա ինչ վերաբերում է Եղեգիս գետի էսօրվա կարգավիճակին՝ թույլատվություն է տրվել դրա վրա 14 ՀԷԿ կառուցելու, հիմա այդ 14 ՀԵԿ-երի ջրօգտագործման թույլտվություն են տվել, «ՀՀ վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա» ՀԿ-ն բողոքում է, որ իրենց ջուր չեն տալիս, հունը փոխում են Սևան, և իրենք մնում են առանց ջուր։ Բայց ծախսեր են արել, որոնք պետք է փոխհատուցվի։ Հանրային խորհուրդը ստեղծել է հարթակ, որտեղ դիմումատուն, որը դժգոհություն է հայտնում, որ իրենց լիցենզիաներ են տվել, 14 ՀԷԿ են կառուցել և ջուր չեն տալիս, կարող է խոսել։



Պարզվեց, որ այդ բարձրացված հարցի արդյունքում նաև կառավարությունը էսօր որոշում է կայացնում, համենայն դեպս այդ որոշումը ընթացքի մեջ է, Եղեգիս գետի ջրերը տեղափոխել Սևան։ Բայց մի քանակություն թողնում են ոռոգման նպատակների համար, որը շատ քիչ է, որ այդ ՀԷԿ-երը շարունակվեն շահագործվել։ Խնդիրը սա է, և դրա լուծումը առաջին հերթին դատարանը կարող է լինել, եթե իրենց պայմանագրային ժամկետը չի լրացել, կարող են դիմել դատարան՝ փոխհատուցման պահանջով, 2-րդը՝ պետությունը կարող է փոխհատուցել, եթե գտնի, որ, ասենք, պայմանագրային ժամկետ կա, և կառավարությունը պետք է գնահատի առաջնահերթությունը, թե որն է ավելի կարևոր՝ ՀԷԿ-երի տված հոսա՞նքը, թե՞ Սևանը ջրով ապահովելը»։



**Կորյուն Սիմոնյան**