Բյուրոկրատական քաշքշուկ «Նաիրիտի» շուրջ․ տեսանյութ

Բյուրոկրատական քաշքշուկ «Նաիրիտի» շուրջ․ տեսանյութ
«Նաիրիտ» ՓԲԸ-ի նախկին աշխատողների խումբը նպատակադրվել է վերագործարկել գործարանը։ Ներդրողներն էլ կան։ «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն», «SynCo Group» ընկերությունները և «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության միջև, որով նախատեսվում է նոր շունչ տալ մեր քիմիական գիգանտին։ Սակայն որևէ գործընթաց չի կարող իրականացվել, քանի դեռ գործարանում ուսումնասիրություն չի իրականացվել՝ աուդիտ, որը կպարզի, թե ինչ հզորություններ և օգտագործման պիտանի գույք ունի սնանկության գործընթացում գտնվող «Նաիրիտն» այս պահին։ Ահա ինչու գործարանի աշխատակիցների համակարգող խումբը ձգտում է, որ օր առաջ փորձագետների խումբը մտնի «Նաիրիտ» և սկսի աուդիտի անցկացումը։ Սակայն սա հեշտ գործ չէ, և համակարգող խումբն աննկարագրելի բյուրոկրատական քաշքշուկի մեջ է ընկել։



Որպեսզի «Նաիրիտում» սկսվի աուդիտ, անհրաժեշտ է, որ Էներգետիկայի նախարարությունը ստանա պարտատերերի համաձայնությունը, և վերջիններիս որոշումն էլ սնանկության կառավարիչը ներկայացնի դատարան, ապա վերջինիս հիման վրա նոր աուդիտ կատարվի։ Համակարգող խուբը հասել է նրան, որ Էներգետիկայի նախարարույթյունը գրություն է ուղարկել պարտատերերին, սակայն սնանկության կառավարիչ Կարեն Ասատրյանը ամեն ինչ անում է, այս գործընթացը վիժեցնելու համար։ Խորհրդի նիստ ոչ մի կերպ չի հավաքվում։ Իսկ կառավարությունն ավելի կարևոր գործերով է զբաղված, և անտարբերության է մատնել գործընթացը։



«Մի շաբաթ ձգվեց, մինչև որ նամակը հասավ սնանկության կառավարչին, - ասում է համակարգող խմբի ղեկավար, «Նաիրիտի» նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը, - հիմա էլ նա ասում է, որ սխալ է գրված գրությունը, պարտատերերը փոխանակ գրեն՝ հրավիրել սնանկության խորհուրդ, գրել են, որ մենք չենք առարկում, որ փորձաքննության խումբը աշխատի։ Նա չի կարող սնանկության խորհուրդ հավաքել այդ գրության հիման վրա, պահանջում է, որ նորից ուղարկենք։ Պահանջում է, որ անպայման փոստով ուղարկենք, բայց փոստով նամակը հասնում է 4 օրում։ Մինչև նոր թուղթը հասնի նրան, մինչև խորհուրդը հավաքվի, գործարանում ոչինչ չի մնա։ Մի հասարակ հարց, որ կարող էր մեկ օրում լուծվել, նպատակային ձգձգվում է շաբաթներով, և ամեն օրը գործարանի համար նշանակություն ունի»։



«Նաիրիտի» սնանկության կառավարիչ Կարեն Աաստրյանը հանրապետության ամենաանհասանելի մարդկանցից է, և երբեք չի պատասխանում հեռախոսին։ Մենք կապվեցինք «Նաիրիտ» գործարանի գլխավոր պարտատեր «Նաիրիտ-2» ՓԲԸ -ի տնօերեն Գագիկ Հակոբյանի հետ։ «Եթե պետք է նոր գրություն կուղարկենք։ Կքննարկենք, կուղարկենք»։ Չե՞ք կարծում, որ շատ է ձգձգվում արդեն աուդիտ անցկացնելու գործըւնթացը, մեր հարցին «Նաիրիտ-2» -ի տնօրենը պատասխանեց․ «Չի ձգձգվի, եթե պետք է, հենց այսօրվա մեջ կգրենք, կուղարկենք»։ Մնում է, որ ինչ որ մեկին պետք լինի արագացնել «Նաիրիտի» փրկության հարցը։



**Հ․Գ** Նյութը պատրաստ էր հրապարակման, երբ տեղեկացանք, որ հուլիսի 19-ին ժամը 12։00-ին Նաիրիտի սնանկության խորհուրդը վերջապես նիստ է հրավիրել, իսկ նույն օրն առավոտյան ներդրողները եւ համակարգող խումբը հանդիպելու են զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի հետ:



**Սյուզան Սիմոնյան**