Վարչապետը այդ առումով հստակ արտահայտվել է, մենք ավելացնելու ոչինչ չունենք․ Տեր Ասողիկ

Վարչապետը այդ առումով հստակ արտահայտվել է, մենք ավելացնելու ոչինչ չունենք․ Տեր Ասողիկ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամ Կարեն Պետրոսյանը նշանակվել է ՀՊՏՀ Գյումրում մասնաճյուղի տնօրենի ԺՊ։ Մայր Աթոռում այս նշանակումը, կարծես թե, ծանր չեն տանում, համենայնդեպս Մայր Աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն Տեր Ասողիկ քահանան մեզ հետ զրույցում ասաց, որ ուրախ կլինեն, եթե ժողովրդին օգտակար լինի, և որպես հոգևորական օրհնեց․



«Բնականաբար ինքը անհատ է, ինքն է իր կյանքի տերը, հետևաբար այն ամենը, ինչը ինքը վճռում է, դա իր իրավունքն է, դա իր առաքելությունն է։ Եթե այդ առաքելության մեջ ինքը երկրին, ժողովրդին օգտակար կլինի, մենք միայն ուրախ կլինենք, և որպես հոգևորական մեր օրհնությունը բաշխում ենք անխտիր բոլորին»։



**- Եկեղեցին սա չի՞ դիտարկում նոր իշխանության կողմից որպես աջակցություն շարժմանը։**



-Հայաստանի Հանրապետության վարչապետը այդ առումով հստակ արտահայտվել է, և մենք ավելացնելու ոչինչ չունենք։



**- Նկատի ունեք, որ չի՞ խառնվելու եկեղեցու գործերին։**



-Բնականաբար։



**- Կաթողիկոսը Հայր Կորյունին 1 շաբաթ ժամանակ է տվել ապաշխարության համար, բայց կարծես թե, նա այդպիսի մտադրություն չունի։ Ի վերջո որպես հոգևորական ի՞նչ ճակատագիր է ունենալու Հայր Կորյունը։**



-Եթե հետևել եք Մայր Աթոռի գերագույն հոգևոր խորհրդի կողմից տարածված հաղորդագրությանը, որոշում էր կայացվել՝ նրան անմիջապես կարգալույծ անելու , սակայն վեհափառ հայրապետը, որպես մեր՝ բոլորիս հոգևոր հայր , մեծահոգաբար և իմաստուն կերպով հնարավորություն տվեց եկեղեցականին՝ անդրադառանալու և վերադառնալու իր հարազատ ընտանիքը։ Եթե բնականաբար անձը չկարողացավ անդրադառնալ , այդ մոլորոությունից դուրս ելնել և զղջալ, ապաշխարել, անշուշտ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիծնի վճիռը կլինի արդար և տեղին։



**- Հայր Կորյունը ասում է, որ Գարեգին Բ-ի կարգալուծությունը իր համար որևէ նշանակություն չունի, եթե փորձեն նման բան անել, ինքը հաջորդ իսկ օրը պատարագելու է՝ ցույց տալու համար, որ այդ կարգալուծությունը իր համար առժեք չունի։ Այս դեպքում ի՞նչ է անելու եկեղեցին, նրան բռնի ուժով դո՞ւրս են հանելու եկեղեցուց։**



-Բնականաբար կարգալույծ եղած որևէ անձ տաճարում պատարագ մատուցելու որևէ իրավունք չունի, որովհետև կարգալուծության ժամանակ նա զրկվում է քահանայագործելու աստվածային այդ շնորհքներից, և եթե անձը հանդգնություն է ունենում նման որոշումից հետո խորհրդագործելու, ապա այդ խորհուրդը անվավեր է, և նա իր անձի վրա կուտակում է աստվածային բարկություն՝ համաձայն մեր եկեղեցու վարդապետության և ինչպես նաև սուրբ ավետարանի խորհրդի։



**- Մինչ այժմ Մայր Աթոռը հստակ դիրքորոշում չի արտահայտում, թե ինչու ծագեց այս շարժումը, միայն մի քանի եկեղեցականներ պնդում են, որ նրանք աղանդավորներ են։ Արդյոք իրենց «աղանդավոր» լինե՞լն է շարժման դրդապատճառը։**



Թե ինչու ծագեց, բնականաբար, իրենք կկարողանան պատասխանել, թեև վստահ չեմ, որ իրենք էլ հիմնավոր կերպով կարող են պատասխանել այդ հարցին, որովհետև այն ամենը, ինչ իրենք որպես պատճառաբանություն ներկայացնում են, զավեշտալի է, անհիմն է, և բնականաբար անընդունելի է։ Այն ամեն գործողությունը, որ իրագործվեց, ուղղված էր բովանդակ հայաստանյաց եկեղեցու դեմ և, պարզապես, ամոթ էր, ամոթ էր ոչ միայն այդ անձերի համար, այլև մեզանից յուրաքանչյուրի, քանի որ եկեղեցին մի խումբ չէ, եկեղեցին մի անհատ չէ, եկեղեցին այն բոլոր մկրտված քրիստոնյաների հավաքն է, որ հանդես է գալիս որպես Հայաստանյաց առաքելական եկեղեցի։



**Կորյուն Սիմոնյան**