Իմ համար շատ էական ա, որ լինի լայն համաձայնություն և լավ նախագիծ, կարևոր չի՝ ով կներկայացնի

Իմ համար շատ էական ա, որ լինի լայն համաձայնություն և լավ նախագիծ, կարևոր չի՝ ով կներկայացնի
ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանն այսօր վերջապես ներկայացել էր ԱԺ-ում ընտրական օրենսգրքի փոփոխությունների աշխատանքային քննարկմանը։ Նա խնդրեց իր բացակայություններն այլ կերպ չմեկնաբանել՝ նշելով, որ ամեն անգամ այստեղի նիստերը համընկել են կառավարության նիստերի հետ։ Այսուհետ կփորձի պարբերաբար ներկայանալ։



Այնուհետև լրագրողների հետ զրույցում Միրզոյանն ասաց, որ բոլորի ցանկությունն է՝ ի վերջո ունենալ մեկ փաստաթուղթ, այսինքն՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մեկ նախագիծ։ **Hraparak.am**-ի հարցին՝ կոնսենսուսո՞վ կձևավորվի այդ փաստաթուղթը, Միրզոյանն ասաց․ «Կոնսենսուսը էն ուղենիշն ա, որին ձգտում ենք բոլորս, համենայնդպես բոլորը հրապարակավ հայտարարում են, որ ձգտում են կոնսենսուսի։ Այդուհանդերձ նաև բոլորն ընդունում են, որ կարող է կոնսենսուս լինել, ենթադրենք, հայեցակարգի կամ օրինագծի՝ ասենք 90 տոկոսի շուրջ, և լինեն էնտեղ առանձին հարցեր, որի շուրջ առանձին քաղաքական ուժեր այլ դիրքորոշում ունեն»։



Միզրոյանն ասաց, որ ոչ մի բան քարին գրված չէ, պետք է գնալ այնպիսի լուծումների, որից լավագույնը կկարողանա շահել ՀՀ քաղաքացին՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք հստա՞կ է իրենց դիրքորոշումը փակ ցուցակներով համամասնական ընտակարգի հարցում։ Հարցինք նաև՝ ի վերջո ի՞նչ տարբերակով է կառավարությունը հաշվի առնելու խորհրդարանական ուժերի կարծիքներն ու առաջարկությունները, և հաշվի առնելո՞ւ են, թե՞ ոչ։ «Մենք հաշվի ենք առնում ոչ միայն խորհրդարանական ուժերի կարծիքները, որոնցից երեքը, ինչպես գիտեք, կառավարության անդամ են, այլև արտախորհրդարանական քաղաքական ուժերի, այլև քաղհասարակության, այդ թվում, օրինակ, կանանց իրավունքներով զբաղվող, հաշմանդամություն ունեցող անձանցով զբաղվող կարծիքները․․․ Այնպես որ, մենք հաշվի ենք առնում բոլորի կարծիքները»,-ասաց Միրզոյանը։



Իսկ ո՞վ է, ի վերջո, ներկայացնելու նախագիծը՝ Ազգային ժողո՞վը, թե՞ կառավարությունը, Միրզոյանն ասաց․ «Գիտե՞ք, իմ համար շատ էական ա, որ լինի լայն համաձայնություն և լավ նախագիծ, ով կլինի դրա հեղինակը՝ շատ մեծ բան չի առաջացնում իմ մեջ։ Կարևոր չի, իրականում»։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**