Մտահոգիչ ձևակերպումներ՝ ՆԱՏՕ-ի բրյուսելյան գագաթնաժողովի հռչակագրում

Մտահոգիչ ձևակերպումներ՝ ՆԱՏՕ-ի բրյուսելյան գագաթնաժողովի հռչակագրում
Ինչպես հայտնի է, հուլիսի 11-12-ին տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում, որտեղ նաեւ տեղակայված է Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայանը։ Առաջին անգամ այն կայացավ, այսպես ասած՝ Ապակե դղյակում, որը ՆԱՏՕ-ի ավելի քան 1 միլիարդ դոլարանոց նոր կենտրոնակայանի շենքն է։ Ընդունված պրակտիկայի համաձայն՝ գագաթնաժողովն ավարտվում է ամփոփիչ հռչակագրով, որի տեքստը հրապարակվել է արդեն դաշինքի [կայքում](ttps://www.nato.int/cps/en/natohq/official_texts_156624.htm)



Այդ տեքստում 67-րդ հոդվածն առնչվում է Հարավային Կովկասին, այսինքն՝ նաեւ մեզ։ Մեջբերենք այն․ «67․ We continue to support the right of all our partners to make independent and sovereign choices on foreign and security policy, free from external pressure and coercion. We remain committed in our support for the territorial integrity, independence, and sovereignty of Armenia, Azerbaijan, Georgia, and the Republic of Moldova. In this context, we continue to support efforts towards a peaceful settlement of the conflicts in the South Caucasus, as well as in the Republic of Moldova, based upon these principles and the norms of international law, the UN Charter, and the Helsinki Final Act. We urge all parties to engage constructively and with reinforced political will in peaceful conflict resolution, within the established negotiation frameworks» («Մենք նախկինի նման աջակցում ենք մեր բոլոր գործընկերների՝ արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության ազատ եւ ինքնիշխան ընտրության իրավունքը՝ արտաքին ճնշումներից եւ ստիպողականությունից։ Մենք նախկինի պես հավատարիմ ենք Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի Հանրապետության անկախության, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության աջակցմանը։ Այս համատեքստում մենք շարունակում ենք աջակցել Հարավային Կովկասում, ինչպես նաեւ Մոլդովայի Հանրապետությունում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը՝ այս սկզբունքների եւ միջազգային իրավունքի, ՄԱԿ կանոնադրության եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա։ Մենք բոլոր կողմերին հորդորում եւ պնդում ենք կառուցողականորեն եւ ուժեղացված քաղաքական կամքով կարգավորել հակամարտությունները՝ բանակցային ձեւավորված շրջանակների տիրույթում»)։



Այժմ փորձենք հասկանալ, թե ինչն ինչոց է այս անհասկանալի ձեւակերպման մեջ։ Նախ՝ եթե ուշադիր էիք, ղարաբաղյան հակամարտության մասին ուղղակի հիշատակում չկար։ Ընդհանուր բնութագրային «Հարավային Կովկասի հակամարտությունների» շարքում կարելի է հասկանալ նաեւ ղարաբաղյան հակամարտությունը՝ վրաց-աբխազական եւ վրաց-օսական հակամարտությունների հետ միասին, քանի որ Հարավային Կովկասում այժմ այս երեք հակամարտություններն են մնացել։ Բացի այդ, բավականին անհասկանալի էր այն ձեւակերպումը, որտեղ դաշինքը ճանաչում է հարավկովկասյան երեք հանրապետությունների եւ Մոլդովայի տարածքային ամբողջականությունը։ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ կարծես թե երբեք խնդիր չի եղել։



Հայաստանը՝ որպես ՀԽՍՀ իրավահաջորդ, լիովին ընդունել է սահմանային հարցերում ԽՍՀՄ օրոք եղած բոլոր որոշումները եւ որեւէ տարածքային պահանջ չունի։ Խնդրահարույց է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի շեշտադրումը։ Ադրբեջանը հակամարտող կողմ է ղարաբաղյան հակամարտության մեջ։ Սովորաբար միջազգային բոլոր փաստաթղթերում երկու սկզբունքն էլ համահավասար կերպով դրվում են կշեռքի նժարներին՝ ի դեմս տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների։ Նույնիսկ ՆԱՏՕ-ի նախորդ տարիների փաստաթղթերում, գոնե մինչեւ վերջին 4 տարին սա բալանսավորված է։ Այս անգամ բալանսը խախտված է։ Իհարկե, գուցե փորձ է արվել միջազգային իրավական նորմերը, ՄԱԿ կանոնադրությունն ու Հելսինկյան եզրափակիչ ակտի հիշատակումով բալանսավորել, սակայն կրկին ազգերի ինքնորոշման իրավունքը կարծես ստորադասվել է այս փաստաթղթում պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքին։ Իհարկե, հասկանալի է, որ սա հատուկ Հայաստանի մասով չի արվել, եւ խոսքն առաջին հերթին հակառուսական տենդենցն ակցենտավորելու մասին է, սակայն ամեն դեպքում ընդհանուր տրամադրությունները չպետք է տարածվեին Հարավային Կովկասի վրա, կամ գոնե պետք է հաշվի առնվեին ղարաբաղյան հակամարտության առանձնահատկությունները։ Այս իմաստով չափազանց մտահոգիչ կլինի, եթե հայտարարվի, որ պաշտոնական Երեւանն այս ամենի ներքո դնում է իր ստորագրությունը։



**Տիգրան ՎԱՀԱՆԵ**