Ի վերջո Նոր Հայաստանը պետք է ինչ-որ բանով տարբերվի Սերժ Սարգսյանի Հայաստանից

Ի վերջո Նոր Հայաստանը պետք է ինչ-որ բանով տարբերվի Սերժ Սարգսյանի Հայաստանից
_Հեղափոխությունը դեռ ավարտված չէ, եթե թավշյա նոր ղեկավարությունը չկարողանա այն ավարտին հասցնել, ապա կգտնվի մեկ այլ խումբ, որը կանի դա՝ կարծում է «Փարիզ Էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր __**Մարիամ Խաչատրյանը**__։_



«Ոչ թե որ կոռուպցիայի կամ օլիգարխիայի դեմ պայքար չի գնում, այլ չկան կարգախոսներ, իդեոլոգիա, ստրատեգիա, դիրեկտիվներ, որն այդ ուղղություններով տանի բոլոր ոլորտները հեղափոխությունից հետո»,- ասում է նա ու ընդգծում, որ գործնական դաշտում պետք է ուղենիշներ տրվեն. «Հիմա ՀԿ-ի նման է կառավարությունը ղեկվում, այսինքն՝ ինչ-որ մի խումբ է ստեղծվում, մշակում է ձեր գաղափարները, ընդ որում՝ գաղափարները կարող են մի ուրիշ խումբ տալ, մի ուրիշ խումբ դրանք մշակի, որը հետո դառնում է ծրագիր, բայց այդպես ո՞նց կլինի։ Օրինակ, ԿԳՆ-ում կա նոր սերնդի կրթություն խումբ, ու ինքը հեղափոխությունից հետո ինտենսիվ հավաքներ է անում «Թումոյում», ու սկսում են մշակել ինչ-որ բաներ ու դա դարձնում են ծրագիր։ Բայց այդպես չի լինի, որովհետեւ հատկապես հեղափոխությունից հետո դու պետք է դիրեկտիվներ ունենաս, որպեսզի մյուս գաղափարները գան լրացնեն այդ ընդհանուր կմախքը»։



Շատերի կարծիքով, սա ժամանակավոր կառավարություն է, եւ ավելին սպասել պետք էլ չէ, սակայն Մարիամ Խաչատրյանը համաձայն չէ այս պնդման հետ․ «Բայց դա մինիմում 1-2 տարի կտեւի, ընտրություններից հետո էլ մի կես տարի այդպես կանցնի, ու արդյունքում կստացվի 1․5-2 տարի, իսկ Հայաստանը չի կարող 2 տարի այդպես կանգնի՝ առանց հստակ ուղենիշների, հատկապես որ արդեն քանդված է երկիրը, 2 տարի էլ սպասենք՝ ավելի կքանդվի։ Հետո՝ եթե չունես դերեկտիվներ, ո՞նց ես քո էլէկտորատը պահելու։ Մինչեւ ընտրություններ ինքը պետք է շատ լավ աշխատի, որ իրեն շարունակեն վստահել, բայց եթե հիմա չաշխատեց, վստահությունը կկորցնի։ Իր կարգախոսը ո՞րն է՝ դուխով, դրանից բացի այլ կարգախոս չեմ տեսել։ Լենինը 2 կարգախոս ուներ՝ «Дружба народов», «Кто был никем, тот станет всем», մնացածն արդեն դրանից էր բխում։ Հասկացանք՝ «նոր եւ երջանիկ Հայաստան», էն մյուսն էլ ասում է՝ «բարգավաճ», նախորդն էլ ասում էր՝ «ապահով», սկզբունքորեն բոլորն էլ նույնն են․ եթե դու ապահով ես, ուրեմն երջանիկ ես, եթե բարգավաճ ես՝ էլի երջանիկ ես։ Հետո մի բան էլ կա՝ այդ երջանկությունը ո՞նց է ապահովելու, մարդու 5 զգայարաննե՞րը պետք է զարգացնի։ Նախեւառաջ մշակույթը, կրթությունը պետք է շատ լավ զարգանան, թե չէ այդ 5 զգայարաններն ամբողջ կյանքում յոգերն էլ փորձում են զարգացնել, բայց չեն կարողանում»։



Նույն ուղղությամբ է գնում նաեւ մշակույթի նախարարությունը, որը Հայաստանին վայել չէ․ «Մշակույթի նախարարը գնում է Ամերիկա գործուղման ու ասում է՝ մենք բաց ենք, եթե գաղափարներ ունեք, ուղարկեք իմ մեյլին։ Ու չի ասում, ենթադրենք՝ թերթերին ուղարկեք, որ երեւա, թե դա ում գաղափարն է։ Չէ, ասում է՝ մեզ ուղարկեք, մենք մշակենք, այսինքն՝ իսկական ՀԿ-ների նման է գործում՝ գաղափարը վերցնում են, մարդուն հաջողություն մաղթում, բայց սա պետություն է, ոչ թե ՀԿ։ Նույնը՝ Ամուլսարի դեպքում, էկոլոգներն այդքան խոսեցին, փաստեր բերեցին, բայց էլի անտեսվում են, Ջերմուկի ժողովուրդն ասում է՝ վնասակար է, վարչապետը գնում է ու ինքն է որոշում, թե ինչ ուղղություններով պետք է այդ հանձնաժողովն աշխատի՝ նշելով միայն, որ Ջերմուկի ջրերը չկեղտոտվեն։ Բայց դա աբսուրդ է, այնտեղ կա քամու գործոնը, իսկ Ամուլսարի քամիները շատ վտանգավոր են, երբ ընդամենը 1 կմ-ի վրա բնակավայր կա, բա ինչո՞ւ դրա մասին չես ասում։ Հետո՝ եթե ասում է, որ Հայաստանին դատի կտան եւ այլն, այդ դեպքում թող վարչապետը ոչ թե այդ ուղղությամբ գնա, որ հանձնաժողովը նորից նայի էկոլոգների գնահատականը, այլ նայի, թե այդ փաստաթղթերն ինչ անօրինական ճանապարհներով են անցել։ Կամ ասում են՝ Ամուլսարի տարածքում բույս կա, որը Կարմիր գրքում է ներառված, որը պատրաստվում են տեղափոխել, այդպես ո՞նց կարելի է, ինքն ունիկալ է իր տարածքում, ուրիշ տեղ կարող է եւ չաճել։ Նույնը հուշարձանների հետ արեցին՝ տեղափոխեցին, ո՞ւմ են պետք տեղափոխած հուշարձանները»։ Այն, որ մշակույթի նախարարությունը հուշարձանների պահպանության ցանկում է ներառել 7 նոր հուշարձան, այդ թվում՝ «Զվարթնոցը» եւ «Այրարատ» կինոթատրոնը, Խաչատրյանը ողջունում է․ «Բայց արդյոք ամեն ինչն այդքան արա՞գ են անելու։ Հետո՝ ավելորդ գործ անելու փոխարեն, 1980-ականների հուշարձանների ցուցակ կա, որն ուղղակի պետք է նորից վերահաստատել եւ այդ ցուցակը լրացնել»։



Մարիամ Խաչատրյանն անդրադարձավ նաեւ վերականգնող ճարտարապետներին, ովքեր մի քանի տարի է արդեն՝ ահազանգում են, որ վարչություն են ուզում՝ կիսակոմիտեի կարգավիճակով, որը կենտրոնացված կառույց լինի եւ ավելի էֆեկտիվ աշխատի։ «Այդ աշխատանքները հիմա ցաքուցրիվ են արվում, իսկ այս դեպքում ամեն ինչ կկենտրոնացվի մի տեղ, ու արդեն դու մի մարմնից կպահանջես այդ ամենը, ու փողն էլ կգնա մի մարմնի։ Մինչդեռ ամեն ինչ հակառակ են անում, այն, ինչ պիտի կենտրոնացնեն, ցրում են, այն, ինչ պիտի ցրեն, կենտրոնացնում են, օրինակ՝ քաղաքաշինության կոմիտեն, որը կարելի է լրիվ ցրել։ Իրենք օրենսդրական դաշտ են իբրեւ ապահովում, մարզերում շատ անգամ շինարարության թույլտվություններ են տալիս, որը կարող է նաեւ մարզպետն անել, նաեւ գենպլանների մշակում են անում կամ վերանայում, որը կարելի է անել այլ կերպ․ 3 մարզ ստեղծի մի քաղաքաշինության գործակալություն, ու այդ 3 մարզի ճարտարապետները կգնան ոչ թե Ռուսաստան աշխատելու, այլ կաշխատեն հենց իրենց մարզում, քանի որ իրենց մարզի խնդիրներն ավելի լավ գիտեն»։



Նա անդրադարձավ Արամ Մանուկյանի արձանի շուրջ աղմուկին․ խնդիրը, հայտնի է հիմա ավելի բարդացավ, քանի որ մետրոյի այդ հատվածը մտավ հուշարձանների պահպանության ցուցակի մեջ․ «Հուշարձանի վրա հուշարձան կարող է լինի, եթե դա համահունչ է, եւ դրա կարիքը կա, օրինակ՝ Լուվրի տարածքում վերցրին ու այդ բուրգը կառուցեցին, որը լցրեց տարածքը։ Մենք ունենք Հանրապետության փողոց եւ այդ ժամանակների շենքեր։ Հիմա Արամ Մանուկյանի արձանը՝ Առաջին հանրապետության խորհրդանիշը, դրել են 2-րդ հանրապետության կառույցի վրա, այսինքն՝ պատմական եւ քաղաքաշինական շերտեր են խառնել։ Օրինակ՝ Հանրապետության փողոցը կարելի է դարձնել Առաջին հանրապետության փողոց, որի վրա արժեր տեղադրել այդ արձանը»։ Ինչ վերաբերում է կադրային փոփոխություններին, Մարիամ Խաչատրյանն ասաց․ «Հիմա երիտասարդներին ճանապարհ են տալիս, բայց նրանց միջից էլ պետք է լավագույնին ընտրել, որ ոչ թե կիսակրթվածը գա դառնա նախարար կամ փոխնախարար, որովհետեւ իրեն աջակցել է, 2 փողոց է փակել։ Նոր Հայաստանը պետք է ինչ-որ բանով տարբերվի Սերժ Սարգսյանի Հայաստանից։ Բացի նրանից, որ տեղյակ մարդիկ պետք է լինեն, այլ նաեւ մրցույթով պետք է այդ նշանակումներն արվեն»։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**