Եթե մենք ունենայինք պատմության լավ դասագիրք, ապա Քոչարյանի եւ Սարգսյանի ռեժիմը չէր լինի

Եթե մենք ունենայինք պատմության լավ դասագիրք, ապա Քոչարյանի եւ Սարգսյանի ռեժիմը չէր լինի
«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը օրերս կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ այն տպավորությունն է ստացել, որ նախարարին ավելի շատ հետաքրքրում է, թե ինչու 1-4-րդ դասարանների դասագրքերի համար չի իրականացվում մրցույթ, քանի որ դրանք գնվում են պետգնումով եւ ինչպես վերջ տալ կոռուպցիային։ Մյուս խնդիրը, ըստ նրա, այն է, որ դասագրքերի որակը համապատասխանի այսօրվա կյանքին, լինեն ինովացիոն, առաջընթաց ապահովող, եւ երեխան էլ կարողանա ընկալել աշխարհին վերաբերող գիտելիքները։ «Գրքերը հրատարակվում են երեք-չորս տարին մեկ, իսկ հատկապես ինֆորմացիոն տեխնոլոգիաներին վերաբերող գիտելիքները շատ արագ են փոխվում։ Եվ պետք է այնպես անել, որ նոր ծնված գիտելիքը համապատասխանի երեք կամ չորս տարի առաջ հրատարակված դասագրքին։ Լուծումն այն էր, որ պետք է լինի բազային դասագիրք, որում կներկայացվեն ինֆորմացիոն տեխնոլոգիաների պատմությունը, հիմքերը, համակարգիչների հիմնադիրները։ Իսկ եթե նոր «Այֆոն» կամ «Այփադ» է դուրս եկել, դրանք կարելի է ներկայացնել էլեկտրոնային հավելվածով»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը։ Սրանից զատ՝ նա խնդիր է համարում այսօրվա հասարակագիտական դասագրքերը։



«Անտարես»-ի տնօրենի կարծիքով՝ այդ դասագրքերն իրականում ֆեոդալական հասարակարգի համար դասագրքեր են, այն հասարակարգի, որտեղ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի տղան դառնում էր քաղաքապետ, վարչապետ Հովիկ Աբրահամյանի տղան դառնում էր քաղաքապետ, ինչ-որ նախարարի տղա դառնում էր փոխնախարար։ «Պատմության դասագրքերը եղել են փաստերի, վավերագրության դասագրքեր։ Երբեք մեր դասագրքերում չի եղել պատմական իրադարձությունների, փաստերի վերլուծություն, եւ վերլուծությունից հետո էլ չեն կատարվել եզրակացություններ։ Մենք 100 տարի առաջ, լինելով ցեղասպանված ժողովուրդ, 100 տարի անց էլ բախվել ենք նույն երեւույթին, երբ հայաստանցին անարդարության պատճառով փախչում էր Հայաստանից։ Եվ եթե մենք ունենայինք մի դասագիրք, որը հնարավորություն կտար վերլուծելու եւ եզրակացության գալու, ապա Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ռեժիմը չէր լինի։ Այդ գիտելիքն ունեցող քաղաքացին թույլ չէր տա, որ ուզուրպացվի իշխանությունը»,- նշեց մեր զրուցակիցը։



Արմեն Մարտիրոսյանը նշում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ այլընտրանքային դասագրքի գաղափարին, որի դեպքում կրթության վարչության պետերը ստիպում էին պատվիրել իրենց վերաբերմունք ցույց տված հրատարակչի գրքերը, եւ ստացվում էր, որ մեկն ունի վատ գիրք, բայց 90 տոկոս՝ շուկայում, մյուսը՝ լավ գիրք, բայց 10 տոկոս՝ շուկայում։ Եվ այդ դեպքում պետք է հաշվի առնել, թե ինչ սկզբունքով են կազմվում հանձնաժողովները։ Հիշեցնենք, որ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն օրերս հանդիպել է «Մանմար», «Էդիթ պրինտ», «Տիգրան Մեծ», «Աստղիկ», «Զանգակ», «Անտարես», «Արեւիկ», «Ոսկան Երեւանցի», «Լույս», «Սպիկա» հրատարակչությունների ղեկավարների հետ։ Նախարարն առաջարկել էր հրատարակչությունների ղեկավարներին ներկայացնել իրենց մոտեցումները՝ դասագրքերի բովանդակության եւ որակի բարելավման մասին, քանի որ հանրության շրջանում կա օբյեկտիվ դժգոհություն, որ դրանք չեն բավարարում ներկայիս պահանջներին։