Ռուսական օրագիր. «Մունդիալ 2018»

Ռուսական օրագիր. «Մունդիալ 2018»
Խորվաթիան եզրափակչում է: Խորվաթիայի ֆուտբոլի ազգային հավաքականը ոսկե տառերով գրում է իր պատմության ամենապանծալի էջը: Սա Ռուսաստանում անցկացվող աշխարհի առաջնության հերթական մեծ անակնկալն էր՝ Լուկա Մոդրիչի, Իվան Ռակիտիչի, Իվան Պերիշիչի Խորվաթիան ծնկի բերեց Անգլիայի հավաքականին եւ մտավ եզրափակիչ, ուր կհանդիպի Ֆրանսիայի հավակաքանին: Ամեն առումով սա արժանի հաղթանակ էր խորվաթների համար, արժանի արդյունք եւ քայլ առաջ: Երեք անգամ անընդմեջ անցնելով ավելացված ժամանակի ծանրագույն դժվարությունների միջով՝ Խորվաթիայի հավաքականը երեք անգամ անընդմեջ հաղթանակ է տանում հակառակորդի նկատմամբ ու շարունակում իր փառահեղ ճանապարհը:



Այս առաջնությունում Գարեթ Սաութգեյթի գլխավորած Անգլիայի երիտասարդ հավաքականը գովելի ջանասիրությամբ արեց ավելին, քան առհասարակ իրենից սպասում էին: Մեծ Բրիտանիայում թե՛ ֆուտբոլի մասնագետները, թե՛ երկրպագուներն առհասարակ՝ Անգլիայի ընտրանուց լուրջ սպասումներ չունեին, սակայն «առյուծները» հասան մինչեւ կիսաեզրափակիչ եւ, ինչու չէ՝ հնարավորություն ունեին նաեւ դուրս գալու եզրափակիչ: Թիմի առաջատարն ու գործող լավագույն ռմբարկուն՝ Հարի Քեյնը, լավ արդյունք էր ցույց տալիս, երիտասարդ դարպասապահ Ջորդան Փիկֆորդն անգլիացիներին փրկում էր վերահաս գոլերից, ետ էր մղում 11 մետրանոց հարվածներ: Այնուհանդերձ, այս հավաքականի երիտասարդ տաղանդներին պակասում էր մեծ հանդիպումներ անցկացնելու փորձը: Խորվաթիան հաջողության հասավ նաեւ հենց այդ փորձի շնորհիվ: Խորվաթիայի կազմում Չեմպիոնների լիգա, Եվրոպայի լիգա հաղթած, գավաթներ, առաջնություններ նվաճած ֆուտբոլիստները ոչ հեռավոր անցյալում այսօրինակ հանդիպումներ անցկացրել էին, ամբողջովին թրծվել դրանցով եւ, իհարկե, ամեն ինչի պատրաստ էին:



Եվ արդեն իսկ կարող ենք արձանագրել, որ փոքր երկիր լինելով՝ Խորվաթիան ֆուտբոլում աննախադեպ հաջողություններ է գրանցում՝ վերաճելով, դառնալով ֆուտբոլային մեծ երկիր: 1998 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի «ոսկե հավաքականը», փաստորեն, վերջինը չէր՝ այսօր այդ հավաքականի արժանի ժառանգորդը Զլատկո Դալիչի գլխավորած ընտրանին է, որը հուլիսի 15-ին ամեն ինչ անելու է, որպեսզի վերցնի ոսկե գավաթը:



Բալկանյան պատերազմում դժվարին ու ողբերգական փորձությունների միջով անցնելով՝ Խորվաթիան ի վերջո ձեռք բերեց իր երազած անկախությունը: Պատմությունը կարծես թե կրկնվում է, այս առաջնությունում եւս հաղթանակները խորվաթներին հեշտ չեն տրվում, եւ գրեթե միշտ զարմացնում ու հիացնում է փորձությունների առջեւ չընկրկելու նրանց քաջությունը: Վիվա, Խորվաթիա:



**Զավեն Մխիթարյան**