Գյուղապետի առատ գնումներն ու գյուղացիների բողոքը

Գյուղապետի առատ գնումներն ու գյուղացիների բողոքը
Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքի բնակիչները ահազանգում են, որ համայնքի ղեկավարի պաշտոնակատարին գյուղի խնդիրները չեն մտահոգում՝ նա պատրաստվում է ընտրությունների, իսկ ձայն հավաքելու համար բարեկամներին, ծանոթներին աշխատանքի է տեղավորում։



«1 տարի չկա, որ պաշտոնավարում է, բայց այս ամիսների ընթացքում գյուղի սաղ հողերը ծախեց: Ցորենը քաղելու սեզոնն ա, բայց, չգիտես ինչի, համայնքին պատկանող կոմբայնը նախկին գյուղապետի տարածքում կանգնած ա: Նախկին գյուղապետը մի հատ ՈւԱԶ մեքենա էր առել գյուղապետարանի համար, դա էլ նույնպես նախկին գյուղապետի տանն ա կանգնած: Գյուղում բազմաթիվ խնդիրներ կան, իսկ Լյովա Աբրահամյանը այս պահին միայն մտածում է իր բարեկամներին գործի տեղավորի, որ ընտրության օրը իր օգտին աշխատեն: Կուլտուրայի տունը չի գործում, բայց կուլտուրայի տունը ունի տնօրեն, բակապահ, սպորտի հրահանգիչ, հավաքարար»,-բողոքում էին գյուղացիները:



Ըստ նրանց՝ գյուղում մի փոքրիկ կրպակ կա, որտեղ անասուններ են մորթում, նրանք այն անվանում են «բոյնի»: Ամռան այս տապին գարշահոտություն է տիրում այդ մասում, քանի որ միս մորթելուց հետո մնացորդը թափում են կրպակին կից առվի մեջ. «Բոյնու կողքով առու է հոսում, էդ մորթած անասունների արյունը, կեղտը լրիվ առուն են թափում: Էդ առուն էլ հոսում է դեպի Սեւանա լիճ: Դա քիչ է, համայնքի ղեկավարի պաշտոնակատարը որոշել է առվի վրա զուգարան սարքել: Այս շոգ օրերին իբր էդ անասունի մոթի հոտը ու կեղտը քիչ է, մի հատ էլ զուգարանի հոտ քաշենք»:



Մինչեւ Լյովա Աբրահամյանի հետ զրուցելը, ուսումնասիրեցինք նրա որոշումներն ու ավագանու նիստերի օրակարգային հարցերը: Ավագանու 2017թ․-ի նոյեմբերի 8-ի նիստով որոշվել է՝ Սարուխան գյուղի, «Սարուխան-Սպասարկում» ՀՈԱԿ-ի հաշվեկշռում գտնվող հացահատիկահավաք կոմբայնը օտարել: Ավագանու մեկ այլ որոշմամբ՝ Սարուխան համայնքի (Մշակույթի տան հարակից տարածքում) հանրային զուգարան կառուցել, սա այն է ինչի մասին բարձրաձայնում են գյուղացիները: Իսկ գյուղապետարանի 2018թ.-ի գնումների ցանկում նկատեցինք, որ գյուղապետը շատ «առատաձեռն» մարդ է: Նա 300 հազար դրամով 200 հատ հոլանդական վարդեր է գնել, բացի այդ 800 հազար դրամ էլ ծախսել է խնջույքների կազմակերպման ծառայության համար: 450 հազար դրամով՝ 1000 հատ գնդակներ, 900 հազար դրամի բենզին է գնել այն դեպքում, երբ համայնքապետարանի ծառայողական մեքենան ամիսներ շարունակ կայանած է նախկին գյուղապետի տան բակում:



Զրուցեցինք նաեւ համայնքի ղեկավարի պաշտոնակատար **Լյովա Աբրահամյանի** հետ: Նա ասաց, որ համայնքում մի փոքր տեղ կա, որտեղ գյուղացիները միս են մորթում, զարմացավ, որ գյուղացիները բողոքում են. «Գարշահոտություն չկա, ոնց են բողոքում, գյուղացիների համար է դա, իրենք իրենց վրա բողոքո՞ւմ են: Մորթ անողը մաքրում է, ամեն բան նորմալ է»: Այն հարցին, օտարե՞լ է արդյոք համայնքին պատկանող հացահատիկահավաք կոմբայնը եւ ծառայողական մեքենան, Աբրահամյանն ասաց. «Կոմբայնը չենք օտարել, նախկին գյուղապետին պատկանող տարածքում անսարք վիճակում կանգնած է, իսկ ծառայողական մեքենան էլ նախկին գյուղապետի տան բակում է կանգնած: Ես այդ մեքենայից չեմ օգտվում, Նիվա ունեմ, դա եմ քշում»:



**-Պարո´ն Աբրահամյան, Դուք ասացիք, որ ծառայողական մեքենայից չեք օգտվում, ձեր ավտոմեքենայով եք աշխատանքի գնում, ի՞նչ նպատակով է 900հազար դրամի բենզինը ծախսվել:**



-Հա, մենք չեկեր ենք վերցրել, աշխատողներին եւ աշխատակազմի ղեկավարին տվել, կամ որ տեղ ենք գնում, ուրիշ մեքենայով ենք գնում, չեկ ենք տալիս: Չեկերի որոշակի մասը օգտագործել ենք, որոշ մասն էլ դեռ կա:



**-Գյուղացիները բողոքում են, որ առվի վրա զուգարան եք կառուցում, ի՞նչ կասեք:**



-Առվի վրա չի, մի քիչ հեռու է, 4 մետր խորությամբ փորել ենք, երկաթբետոնյա կալցոներով ամեն ինչ համապատասխան է:



**-1500 դրամով 200 հատ հոլանդական վարդեր եք գնել, եւս 800 հազար դրամ էլ ծախսել խնջույքների կազմակերպման ծառայության համար: Այդ ի՞նչ խնջույքներ եք կազմակերպել:**



-Երեւի մարտի 8-ի հետ կապված ա եղել, մեկ էլ՝ մայիսի 9-ի:



**-450հազար դրամի 1000 հատ գնդակներ եք գնել, ինչի՞ համար էին այդ գնդակները:**



-Էդպիսի բան չկա, մենք 1000 գնդակ վերցնում ենք ի՞նչ անենք:



**-Ձեր գնումներերի ցանկում է գրված:**



-Էդպիսի բան չկա:



**-Առաջիկա ընտրություններին Դուք կառաջադրե՞ք Ձեր թեկնածությունը։**



-Հավանաբար՝ այո:



Նշենք, որ Լյովա Աբրահամյանը տարիներ առաջ ղեկավարել է Սարուխան համայնքը, հետո էլ գյուղապետարանում զբաղեցրել գյուղապետի տեղակալի պաշտոնը: 2017թ.-ին Սարուխան համայնքի ղեկավար Հովհաննես Չիչոյանի մահից հետո նա նշանակվեց Սարուխան համայնքի ղեկավարի պաշտոնակատար:



**Նելլի Կարապետյան**