Գարեգին Բ-ն Հայր Կորյունին 1 շաբաթ ժամանակ է տվել

Գարեգին Բ-ն Հայր Կորյունին 1 շաբաթ ժամանակ է տվել
Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության առաջնորդ Հայր Կորյուն վարդապետին Գարգեն Բ-ն մեկ շաբաթ ժամանակ է տվել ապաշխարելու համար։ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Մայր Աթոռի կարգապահական հանձնախումբը վերջնական որոշում է կայացրել Կորյուն վարդապետին կարգալույծ անելու վերաբերյալ, սակայն կաթողիկոսը, ըստ Արշակ սրբազանի, խնդրել է 1 շաբաթ ժամանակ տալ, որպեսզի նա վերանայի իր կատարարծ գործերը և ապաշխարի․



«Ինքը կարգալուծված չէ, նվիրապետական աստիճանը չեղարկված չէ, այսինքն՝ ինքը գործող եկեղեցական է, և մի շաբաթ հետո պարզ կլինի, թե ինչ կլինի, հիմա ես ոչինչ չեմ կարող ասել։ Կարգապահական հանձնաժողովը եզրակացությունը ներկայացրել է վեհափառ հայրապետին՝ դիմելով կարգալուծության համար, բայց վեհափառը հորդորեց, որ մենք մեկշաբաթյա ժամկետ տանք՝ այն հույսով, որ վերատեսության ենթարկի իր ընթացքը և ապաշխարության միջոցով շարունակի իր ծառայությունը եկեղեցում»։



Արշակ սրբազանից փորձեցինք ճշտել, թե ինչպիսի՞ հոգևորական է եղել Հայր Կորյունը մինչև նախաձեռնության ձևավորումը, արդյոք եղե՞լ են հակասություններ Մայր Աթոռի և Գայանե վանքի վանահոր միջև։ Պարզվում է՝ Հայր Կորյունը ժամանակ առ ժամանակ տարակարծություններ էլ է ունեցել և դրանք բարձրաձայնել է․



«Ինքը խոնարհ ծառայող եկեղեցական է եղել՝ վանական կյանքի հակվածությամբ, որոշ ըմբոստություն ունեցել է, անհամաձայնություններ, տարընթերցումներ եղել են, բայց ընդհանուր առմամբ իր վերաբերյալ մեծ դժգոհություններ չեն եղել, որպեսզի ինչ-որ կարգապահական միջոցներ ձեռնարկվեն։ Եթե հիմնարար կարծիքներ ու տարաձայնություններ եղել են, ասել է, բայց ոչ այն աստիճանի, ինպես հրապարակայնորեն հնչեցրել է։ Նույնիսկ ասեմ Ձեզ՝ հրապարակային իր այս գործունեությունը սկսելուց առաջ, երբ որ կասկածներ հնչեցին, թե ինքը մասնակցություն ունի այդ խմբի գործունեություններին, ինքը պաշտոնապես հերքեց, որ ինչ-որ ձևով մասնակցություն ունի։ Դրանից հետո հետևեցին գործողություններ, որոնք ամբողջապես հակառակ իմաստն էին վկայում։ Այնպես որ, մեզ համար էլ անակնկալ էր, ցավալի է»։



Մայր Աթոռի տարբեր հոգևորականների կողմից շարժումը որակվեց որպես աղանդ։ Արշակ սրբազանից հետաքրքրվեցինք, թե ինքը ի՞նչ կարծիք ունի, ի՞նչ չափորոշիչներով է որոշվում աղանդ լինելն ու չլինելը․



«Ես գնահատականներ չէի ցանկանա տալ, քանի որ Մայր Աթոռի կողմից պաշտոնական գնահատական չի տրվել իրենց գործողություններին, բայց առանձին մեր եկեղեցականներ, հավատացյալներ իրենց գործողությունների մեջ տեսել են այդ բաղադրիչը, իրենք իրենց հրապարակային հայտարարությունների մեջ դա գնահատել են որպես այդպիսին, և դրանք էլ հիմք են ծառայել կարգապահական հանձնախմբի կողմից նման գնահատականների և եզրակացության։ Բայց, նորից եմ ասում, վեհափառ հայրապետի կողմից այս ամենով հանդերձ իրենց հնարավորություն է տրվել ՝ վերատեսության ենթարկելու իրենց ընթացքը, դրա համար ես զերծ կմնայի վերջնական գնահատական տալուց»։



Հայր Կորյունի հետ կապ հաստատել չհաջողվեց, սակայն ժամանակին մեր այն հարցին, թե ի՞նչ է անելու, եթե իրեն կարգալույծ անեն, նա պատասխանել է, որ կարգապահական հանձնախմբի կարգալուծությունը իր համար որևէ արժեք չունի, թող փորձեն․



«Ասելու եմ ճշմարտությունը, չեմ վախենում, չեմ երկմտում և որևէ կանոնական խնդիր չունեմ, որ ինձ կարողանան կարգալույծ անեն։ Դիվանապետը չարաչար սխալվում է։ Եթե կարգալույծի հարց դնենք, առաջինն իրեն, կաթողիկոսին և մի քանիսին, որոնք իրոք հիմքեր ունեն, և այդ հիմքերը ես ունեմ, իրենք ոչինչ չունեն։ Իմը խոսքի ազատությունն է, դրա համա՞ր պետք է կարգալույծ անեն։ Թող փորձեն։ Ինձ համար առժեք չունի, շարունակելու եմ ծառայել և հենց հաջորդ օրն էլ կպատարագեմ՝ իրենց ապացուցելու համար, որ իրենց կարգալուծությունը ինձ համար որևէ առժեք չունի»։



Հավելենք նաև, որ վերջերս «Նոր Հայարստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները նստացույց էին իրականացրել Մայր Աթոռի դիվանատանը, սակայն նստացույցի 4-րդ օրը ոստիկանությունը նրանց ուժով դուրս էր բերել, և արգելել էր մուտք գործել եկեղեցու տարածք։ Նախաձեռնության անդամ Կարեն Պետրոսյանից հետաքրքրվեցինք, թե ոստիականները էլի շարունակո՞ւմ են հսկել եկեղեցու մուտքերը, նա ասաց, որ իրենց մարտավարությունը փոխել են, նոր մարտավարություն են մշակում, բայց թե կոնկրետ ի՞նչ մարտավարության մասին է խոսքը՝ չմանրամասնեց։



**Կորյուն Սիմոնյան**