Բրյուսելից հետո

Բրյուսելից հետո
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հաջիեւն անդրադարձել է նախօրեին Բրյուսելում կայացած՝ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններին: Նա ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ այդ հանդիպումը տեւել է շուրջ չորս ժամ: Քննարկվել է «ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը եւ ընդգծվել բանակցությունների գոյություն ունեցող ձեւաչափի շարունակումը, դրանից բացի տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, թե ինչպես առաջ տանել բանակցային [գործընթացը](https://minval.az/news/123807071 )»:



Այսպիսով, թերեւս, հաստատվել է փորձագետներից մեկի ենթադրությունը, որ Մնացականյան-Մամեդյարով առաջին հանդիպումը կլինի բանակցություն՝ բանակցությունների մասին: Ուշագրավ է, որ արտգործնախարարները հանդիպել են այն ժամանակ, երբ Բրյուսելում էին Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը: Հատկապես կարեւոր է, որ Մնացականյան-Մամեդյարով բանակցությունների մասին տեղեկատվությանը զուգահեռ տարածվել է ՆԱՏՕ գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարությունը, որտեղ դաշինքն աջակցություն է հայտնում Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, իսկ առկա հակամարտության կարգավորման համար հորդորում առաջնորդվել դիվանագիտական միջոցներով՝ հենվելով ՄԱԿ խարտիայի եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա:



Ադրբեջանում շտապեցին ձեւակերպել, թե ՆԱՏՕ-ն «պաշտպանում է տարածքային ամբողջականությունը եւ չի շեշտում ինքնորոշման իրավունքը», բայց Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա հղումը ցույվ է տալիս, որ ԼՂ կարգավորման հարցում դաշինքը սատարում է ԵԱՀԿ հովանու ներքո միջազգային միջնորդության մշակած հայեցակարգին, որը ներառնում է նաեւ ժողովուրդների հավասարության եւ ինքնորոշման սկզբունքը: Դատելով ադրբեջանական մամուլի հրապարակումներից, Բաքվում շարունակում են հուսալ, որ Ռուսաստանը կփոխի ԼՂ հարցում մոտեցումները: «Ռուսաստանի հարավի անալիտիկա» հանդեսի խմբագիր Եվգենի Միխայլովը, մասնավորապես, կարծում է, որ Ադրբեջանի համար Ռուսաստանից աջակցություն ունենալու հնարավորությունը մեծացել է:



Փորձագետի հայացքով՝ թեեւ վարչապետ Փաշինյանը բացահայտ քայլեր չի անում, բայց նրա գլխավորած կառավարությունում որոշ առանցքային պաշտոնյաների, ինչպես օրինակ՝ կրթության նախարարի եւ պետական վերահսկողության պետի, որոնք նախկին «ռուսաֆոբությամբ են աչքի ընկել, նշանակումը [խորհրդանշական է](https://haqqin.az/news/132271)»:



Միխայլովը համարում է, որ Ադրբեջանը միջազգային քաղաքականության բոլոր հարցերում պաշտպանում է Ռուսաստանի դիրքորոշումը եւ «ավելի հավասարակշռված է, քան Հայաստանը»: Ադրբեջանական կողմը վերջին շրջանում առանձնակի հատեւողականություն է ցուցաբերում այս կարգի տեսակետներ գեներացնելու հարցում, ինչից կարելի է միայն մի հետեւության հանգել՝ Բաքվում ակնկալում են ռուս-հայկական հարաբերությունների ճեղքվածք:



Այդ դեպքում, ինչպես կարելի է հասկանալ արվող շեշտադրումների ենթատեքստից, Ադրբեջանը կստանա ԼՂ-ում ռազմական գործողությունները վերսկսելու քարտ-բլանշ: Որքանո՞վ է իրատեսական Բաքվի սպասումը՝ այլ հարց է: Հետաքրքրական է, որ Բրյուսել գործուղելով արտաքին գործերի նախարարին, Ալիեւը փաստացի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցություններից որեւէ ակնկալիք չի ցուցաբերում: Կարգավորման նրա պատկերացումները դուրս են առաջարկված հայեցակարգի տրամաբանությունից:



Այս նկատառմամբ ի՞նչ է հետեւելու Մնացականյան-Մամեդյարով առաջին հանդիպմանը: Կա՞ բանակցությունների դինամիկան պահպանելու եւ զարգացնելու հնարավորություն: Ըստ երեւույթին՝ ոչ, քանի դեռ Ադրբեջանում հույս են պահում, որ ռուս-հայկական հարաբերություններում կառաջանա ֆորս-մաժոր: Օգոստոսի 30-ին անոնսավորված է Պուտին-Ալիեւ հանդիպում: Միայն դրանից հետո հնարավոր կլինի ԼՂ կարգավորման բանակցային գործընթացից որեւէ կանխատեսում անել:



**Վահրամ Աթանեսյան**