Ռուսական օրագիր. «Մունդիալ 2018»

Ռուսական օրագիր. «Մունդիալ 2018»
Ֆրանսիան եզրափակչում է: Պատմության մեջ երրորդ անգամ Ֆրանսիայի հավաքականը դուրս է գալիս ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ՝ հուսալով, որ երկրորդ անգամ կհաջողի վերցնել իտալացի դիզայներ, ոսկերիչ Սիլվիո Գազանիգայի պատրաստած գավաթը, որ կշռում է 4 կգ 970 գրամ: Ֆրանսիայի հավաքականում կա մի մարդ, ում մեկ անգամ բախտ է վիճակվել իր գլխավերեւում բարձրացնել այդ ցանկալի գավաթը՝ հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը: Ահա՝ որպես հմուտ ու խելացի նավավար, Դեշամը կարողացավ իր թիմին առաջնորդել, բերել հասցնել մինչեւ եզրափակիչ՝ խլացնելով իր հասցեին հնչող քննադատությունների բարձրագոչ ձայները:



Եվ իսկապես՝ այս առաջնությունում Ֆրանսիան արժանի ու պատվաբեր խաղ է ցուցադրում, ես կասեի՝ ընդգծված թիմային խաղ, որը, իհարկե, կազմակերպվում, շարժման մեջ է դրվում Պոլ Պոգբայի, Անտուան Գրիզմանի, Ումտիտիի նման հիանալի վարպետների տքնաջան աշխատանքով, սակայն հենց թիմային համակարգված խաղի կազմակերպումը, մարզչական շտաբի առաջադրանքների հետեւողական իրացումն են ներկայիս Ֆրանսիայի գլխավոր ուժն ու հաղթաթուղթը:



Ֆրանսիան հաղթեց Բելգիային հենց այս հատկանիշների շնորհիվ: Իսկ բելգիացիներին կրկին անգամ չհերիքեց նման հանդիպումների համար կենսականորեն անհրաժեշտ պատշաճ լրջությունը, վերջնական, կայուն հասունությունը, չհերիքեց նաեւ անհնարինն անելու մղումը: Եթե կարճ ձեւակերպենք՝ չեմպիոնական բնավորություն Բելգիան չուներ: Անխոս, Տիբո Կուրտուան, Էդեն Ազարը, Քեւին դե Բրույնեն, Ռոմելու Լուկակուն եւ մյուսները ֆուտբոլային մեծ աստղեր են՝ օժտված հսկայական ներուժով ու տաղանդավոր, սակայն, ինչպես գիտենք, ֆուտբոլում դա քիչ է, ու շատ ժամանակ հաջողության սլաքը թեքվում է նրանց կողմը, ովքեր լավ իմաստով ավելի խորամանկ են, ունակ իրենց ուժերը ճշգրտորեն գնահատել, ապա տեղաբաշխել եւ ծախսել այնքան, որքան հարկավոր է տվյալ խաղում անհրաժեշտ արդյունք գրանցելու համար: Հաշվարկ եւ իմաստնություն, ահա՝ այս զենքերով էլ Ֆրանսիան վերջակետ դրեց բելգիական «միֆերին ու հեքիաթներին»՝ շարժվելով դեպի իր երազանքը:



Ինչ խոսք, Ֆրանսիա-Բելգիա հանդիպումն այս առաջնության դիտարժան հանդիպումներից մեկը չէր, սակայն, ըստ էության, ամենաօրինակելին էր, քանզի ֆուտբոլում գրեթե միշտ կրկնվում են եւ գործում գրված ու չգրված օրենքները, գերտաղանդավոր կազմեր ունեցող թիմերը հանկարծ ծնկի են գալիս թվացյալ ետնապահների, թվացյալ թույլ հավաքականների առջեւ: Սակայն այս մեծ խաղի հավերժական դասն է՝ ֆուտբոլում թվացյալ ոչինչ չի լինում:



**Զավեն ՄԽԻԹԱՐՅԱՆ**