Միլիտոնյանի միակ ընդդիմախոսը երգիծաբան էր

Միլիտոնյանի միակ ընդդիմախոսը երգիծաբան էր
Երեկ ՀԳՄ-ում տեղի ունեցավ Գրողների միության 19-րդ համագումարը, որի գլխավոր օրակարգը նախագահի ընտրությունն էր։ Մինչ համագումարի մեկնարկը միության անդամ գրողներին բաժանվել էր «Գրական թերթի» 20 էջանոց հատուկ թողարկումը՝ նվիրված ՀԳՄ 19-րդ համագումարին։ Թերթի առաջին մի քանի էջերին ամանորյա ուղերձ հիշեցնող վերնագրով՝ «Բոլորիս հույս, հավատ մեր գալիք գործերում», ներկայացված էր Միլիտոնյանի զեկույցը, որտեղ նշված էր, որ իր վերընտրվելուց ի վեր, վերջին 5 տարիներին ՀԳՄ հանդիպումների, միջոցառումների թիվը եղել է մոտավորապես 700։



Հաշվետու ժամանակաշրջանում 95 գրող ֆինանսական հաշվետվություն է ստացել։ Կազմակերպվել են գործողումներ Հայաստանում, որից օգտվել է 43 գրող։ «Տնտեսական առումով կարող եմ ասել, որ երբ ընտրվել եմ նախագահ, ՀԳՄ-ն ունեցել է գույքահարկի եւ եկամտահարկի մասով 8 մլն 700 հազար պարտք։ Բյուջեում ունեցել է 63 հազար դրամ, 1 մլն էլ ունեցել է գրական հիմնադրամը։ 2018թ․ հուլիսի 1-ի դրությամբ ՀԳՄ-ի հաշվեհամարին ունենք 5 մլն 200 հազար դրամ, իսկ գրական հիմնադրամում՝ 4 մլն-ից ավելի գումար։ Սա ես ասում եմ ի գիտություն նրանց, ովքեր կարող են մտածել, թե ՀԳՄ-ն մեծ ժառանգություն է ստացել»,- իր խոսքում շեշտեց Էդվարդ Միլիտոնյանը։



Նախընտրական համար հիշեցնող «Գրական թերթում» ներկայացված են նաեւ ՀԳՄ մասնաճյուղերի նախագահների եւ միության անդամներից մի քանիսի խոսքը, 2014-18 թթ․ գրական մրցանակների, պարգեւների, կոչումների արժանացած գրողների անունները, ինչպես նաեւ գրական միջոցառումների ցանկը՝ հիշատակման օրերից, հոբելյաններից մինչեւ գրական հանդիպումներ, շնորհանդեսներ։



Միլիտոնյանի զեկույցից հետո աջակցության խոսք հնչեց նաեւ Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանի կողմից, որից հետո սկսվեցին ելույթներն ու զեկույցները։ Օրինակ՝ Աելիտա Դոլուխանյանն իր ելույթում նշեց, որ թեեւ միությունից ո՛չ նյութական օժանդակություն է ստացել, ո՛չ էլ մրցանակ, բայց կարծում է, որ պետք է գուրգուրենք միությունը։ Ավելին՝ զգացել է Միլիտոնյանի հոգատարությունը գրական կյանքում, ուստի խնդրում է նրան եռանդը չպակասեցնել։



Արտեմ Հարությունյանի կարծիքով էլ Միլիտոնյանի շնորհիվ էր ամեն տեսակ կռիվների, թայֆաների վերացումը։ Ապա նա հիշեց Էլիոթին, որից հետո նորից անցում կատարեց Միլիտոնյանին, նշեց, որ գոհ է նրանից եւ դրական է գնահատում նրա աշխատանքը՝ կոչ անելով իրենց ձայնը տալ Միլիտոնյանին։ «Ռեգլամենտ, սահմանեք ռեգլամենտ»,- ամեն ելույթից հետո գոռում էին դահլիճից։



ՀԳՄ մարզային մասնաճյուղի ղեկավարներից մեկին դահլիճից հորդորեցին միայն զեկույցի վերջին նախադասությունը կարդալ, քանի որ շոգ է։ Այս ռեպլիկին դահլիճն արձագանքեց ծիծաղով։ Իսկ նախագահության անդամ, համագումարը վարող Դավիթ Մուրադյանն էլ բեմից խնդրեց գրողներին, որ այլեւս երբեք իրենց համագումարը հուլիսին չանեն։



Թեպետ դահլիճից պարբերաբար հորդորում էին սահմանափակել ելույթներն ու զեկույցները, որովհետեւ այլեւս չեն դիմանում, բայց ելույթ ունեցողները քիչ չէին։ Գրողները բարձրաձայնում էին ամենատարբեր հարցեր՝ իրենց գրքերի պետպատվերից մինչեւ սոցիալ-քաղաքական հարցեր։ Ռուբեն Մարուխյանը, օրինակ, իր խոսքում նշեց հեռուստատեսության դերի մասին՝ նկատելով, որ հեռուստատեսությունը պետք է գոնե շաբաթը մեկ հայ գրողի ներկայացնի, պրոպագանդի, որը դահլիճի կողմից ընդունվեց ծափահարություններով։ Չնայած ծափահարություններից պարոն Մարուխյանը ոգեւորվել էր, բայց Դավիթ Մուրադյանը կանխեց նրան․ «Հիանալի ֆինալ էր»՝ ակնարկելով, որ ժամանակն է իջնելու։



Լիլիթ Արզումանյանի խոսքն էլ ուղղված էր ավելի շատ նոր՝ թավշա ղեկավարությանը։ «Հայ գրողն այսօր ավելի շատ վերաբերմունքի կարիք ունի, քան էստրադային աստղը»,- ասաց նա ու հավելեց, որ մեզ ավելի քան անհրաժեշտ են այնպիսի ղեկավարներ, ովքեր կհանրայնացնեն մեր գրական ժառանգությունը․ «Սա այն եզակի կառույցն է, որին օլիգարխները դեռ շնչահեղձ չեն արել»։ Օլիգարխները շնչահեղձ չարեցին, բայց տոթն ու շոգը միության անդամներին շնչահեղձ արեցին։ Ով ձեռքի տակ թղթի ինչ կտոր ուներ, թափահարում էր, ու գուցե դա էր պատճառը, որ նախագահի միակ թեկնածու Էդվարդ Միլիտոնյանի ընտրության հարցում որոշեցին բաց քվեարկել՝ իրենց կարմիր անդամատոմսերով, բայց այստեղ երգիծաբան Վլադիմիր Հայրապետյանն ընդդիմացավ ու նշեց, որ դա կանոնադրությանը դեմ է, ապա առաջադրեց իր թեկնածությունը։ Սակայն ջերմային ալիքից վատացած գրողները համաձայնեցին այդ պարագայում էլ կատարել բաց քվեարկություն։ Արդյունքում ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընտրվեց Էդվարդ Միլիտոնյանը, իսկ Հայրապետյանը, «ամոթ է, ամոթ» վանկարկելով, հեռացավ դահլիճից։



Ամֆիթատրոնից գրողներից մեկը գոռաց՝ հասկացանք միաձայն, բայց քանի՞ ձայնով է ընտրվել, թող հանձնաժողովը ֆիքսի դա, ինչին ի պատասխան ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը նշեց, որ եթե դեմ չկա, ուրեմն ներկաները կողմ են։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**