Հեղափոխությունից հետո մեծ հույս կար․ դա էր, որ առաջ տարավ իրանական կինոն

Հեղափոխությունից հետո մեծ հույս կար․ դա էր, որ առաջ տարավ իրանական կինոն
«Ես չեմ դատում իմ հերոսներին, բայց դա դեռ չի նշանակում, որ չեմ ցանկանում նրանց դատել կամ էլ չեմ մտնում այդ գործընթացի մեջ։ Ես տալիս եմ ազատություն, որ մարդիկ իրենց սեփական դատողություններն անեն։ Եթե մենք ապրում ենք մի հասարակությունում, որտեղ անհատի եւ հասարակության խիղճը նույնական է, ապա մենք ունենք միայն մի չափանիշ։ Բայց դուք ինքներդ պետք է ձեզ հարց տաք՝ ո՞րն է մեր չափանիշը՝ կրոնը, սոցիալական կանոնակարգերը, խի՞ղճը, թե՞ հանրային խիղճը»,-ասում է կրկնակի օսկարակիր, Բեռլինի միջազգային կինոփառատոնի մրցանակակիր իրանցի հայտնի ռեժիսոր Ասղար Ֆարհադին, որն այս տարի գլխավորում է նաեւ «Ոսկե ծիրանի» ժյուրին:



Ֆիլմը կարող է տալ ե՛ւ հարցեր, ե՛ւ պատասխաններ, բայց Ֆարհադիի համար առավել կարեւոր է ֆիլմից հետո մարդկանց մոտ հարցեր առաջացնելը։ «Երբ մենք ստանում ենք պատասխաններ, արագ մոռանում ենք այդ ֆիլմի մասին, իսկ ես ուզում եմ, որ դուք անեք ձեր սեփական դատողությունները, մտածեք ու գտնեք ձեր պատասխանները»,- ասում է ռեժիսորն ու ընդգծում, որ թատրոնից սովորել է դրաման, իսկ կինոյից՝ սովորական կյանքը, հիմա փորձում է իր ֆիլմերում այդ երկուսը խառնել իրար։



Ռեժիսորը խոստովանում է, որ շատ հաճախ ամբողջական սցենարը թաքցնում է դերասաններից, որովհետեւ ցանկանում է, որ դերասանները դառնան այն կերպարի պաշտպանը, որը խաղում են, իսկ դա ժամանակ է պահանջում։ «Յուրաքանչյուր սցենարիստ ունի իր սեփական գրելաձեւը, բայց կարծում եմ՝ բոլոր դրամատուրգները, որ իրենց սրտի խորքից են գրում, դեռ մանկությունից են գրում։ Իմ սցենարներն իմ մանկական հիշողություններն են, այն ամենը, որ լսել եմ այդ օրերին։ Ես ֆիլմեր եմ նկարում ընտանիքների մասին․ դա ենթագիտակցաբար է ստացվում։ Հենց սկսում եմ սցենար գրել, հանկարծ հայտնվում է մի ընտանիք։ Սա մի բան է, որ օգնում է ինձ արտացոլել հասարակության խնդիրները եւ անել դա ընտանիքի օրինակի վրա։ Դրանք ավելի շատ սոցիալական ֆիլմեր են, քան ընտանիքի մասին։ Իմ ենթագիտակցական մասը գալիս է ընտանիքից, ովքեր ինձ ձեւավորել են, իմ մայրն ինձ վրա ավելի մեծ ազդեցություն է ունեցել, քան որեւէ հանրահայտ մարդ»։



Ֆարհադին անկեղծանում է՝ ֆիլմարտադրությունը քո երկրից դուրս շատ դժվար բան է․ «Երբ Իրանից դուրս եմ լինում, զգում եմ, որ ազատ եմ ու միաժամանակ՝ սահմանափակ, որովհետեւ չեմ կարողանում այնպես աշխատել, ինչպես ուզում եմ»։



Իրանցի ռեժիսորը հիմա որոնում է այնպիսի բաներ, որոնք մարտահրավեր եւ վտանգ են պարունակում, հետեւաբար, այսօր չի ցանկանում նկարել այնպիսի ֆիլմեր, որոնք հաջողություն կունենան, այլ այնպիսիք, որ իրենց մեջ ռիսկեր կպարունակեն․ «Ես չեմ ուզում պիտակավորված լինել, որպես հաջողակ ռեժիսոր՝ այդպես ճնշում ես զգում ուսերիդ, իսկ եթե ճնշում ես զգում, ուրեմն չունես ազատություն։ Ես չեմ ուզում նաեւ իմ հանդիսատեսի սպասելիքները միշտ բավարարել»։



Իր վերջին ֆիլմերում Ֆարհադին շատ քիչ է օգտագործում սաունդթրեքներ, այն էլ՝ միայն ֆիլմի վերջում։ «Երբ դուք օգտագործում եք երաժշտություն, փոխում եք կանոնները, իմ բոլոր ջանքերն ուղղված են նրան, որ դուք այդ կադրերի հետեւում չտեսնեք ռեժիսորին, սցենարիստին, օպերատորին, այլ տեսնեք, որ սրանք իսկական մարդիկ են եւ ոչ թե դերասաններ։ Երաժշտությունը միայն վերջում եմ ավելացնում, որովհետեւ ուզում եմ ասել, որ սա, այնուամենայնիվ, ֆիլմ էր, որի շուրջ պետք է մտածել»։



Ֆարհադին չի ընդունում այն տեսակետը, որ իրանական կինոն լավն է, որովհետեւ սահմանափակումներ կան․ «Երբ ասում են, որ սահմանափակումների եւ գրաքննության պատճառով է իրանական կինոն լավը, դա այդպես չէ եւ շատ վտանգավոր գաղափար է։ Դա այն պատճառով է, որ հեղափոխությունից հետո մեծ հույս կար, որն առաջ տարավ։ Երբ ունենում ենք այդ հույսը, արվեստը վերելք է ապրում»։