Սահմանապահ Դովեղ գյուղում գործարկվել է ոռոգման ջրի համակարգ

Սահմանապահ Դովեղ գյուղում գործարկվել է ոռոգման ջրի համակարգ
Տավուշի մարզի Դովեղ գյուղն արեւելյան մասով շուրջ 15 կմ սահման ունի հարեւան երկրի հետ: ԽՍՀՄ-ի փլուզմանը հաջորդած տարիներին ենթակառուցվածքների սրված խնդիրը չի շրջանցել նաեւ այս բնակավայրում ապրողներին: Անտառից եկող ինքնահոս ոռոգման ջրով տարիներ առաջ սնուցել են սահմանի գրեթե փեշին գտնվող հողերը, սակայն ուղիղ գծով հրետակոծության տակ գտնվելու վտանգը պատճառ է դարձել բնակավայրի այդ հատվածում գյուղատնտեսական աշխատանքները դադարեցնելու համար:



Բնակիչների անվտանգությունն ապահովելու միակ լուծումը եղել է տնամերձ հողամասերը ոռոգելի դարձնելը, որի համար պահանջվող ֆինանսական միջոցների ապահովումը եւ ոռոգման նոր համակարգի ստեղծումը լուրջ խնդիր են եղել համայնքի համար: Սահմանին ապրող գյուղացիների խնդրով մտահոգ անհատների աջակցությամբ, 30 տարի հետո, խնդիրը լուծվել է: Ներդրվել է 19.5 միլիոն դրամ՝ բնակավայրի տնամերձ հողատարածքների ոռոգման ցանցի կառուցման համար: Կառուցապատման աշխատանքներն իրականացրել է «Դովեղ» հիմնադրամը:



Նոր համակարգով անտառից եկող ինքնահոս ջուրը, փակ եղանակով անհրաժեշտ ճնշում ապահովելու միջոցով, հասցվել է պոմպակայան: Այդ նպատակով կառուցվել է շուրջ 850 մ ջրագիծ: Հաջորդ 3 փուլով ստեղծվել է տնամերձ հողամասերի ոռոգելի ներքին ցանցը, ինչի համար կառուցվել է շուրջ 5 կմ երկարությամբ ջրագիծ: Լուծվել է 2 խնդիր. գյուղացու համար ստեղծվել են գյուղատնտեսական աշխատանքներն անվտանգ պայմաններում իրականացնելու եւ տնամերձ հողամասից օգուտ քաղելու հնարավորություններ: Կա եւս մեկ արդյունք. ստեղծվել է երկու աշխատատեղ՝ պոմպակայանում:



Ոռոգման նոր համակարգի բացմանը մասնակցել են ծրագրի ֆինանսական կողմն ապահովող անհատները, «Դովեղ» հիմնադրամի գլխավոր տնօրեն Նաիրի Սարգսյանը, Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, Դովեղ բնակավայրի վարչական տարածքի ղեկավար Սամվել Գորգինյանը ու բնակիչներ:



«Ուրախությամբ կարող եմ արձանագրել, որ Դովեղում իրավիճակը փոխվել է. համայնքների զարգացումը կարեւոր առաջնահերթություն համարող մարդկանց՝ Ռալֆ Յիրիկյանի, Ռոբերտ Նազարյանի, Սուրեն Սահակյանի, Վաչիկ Քոքոբելյանի եւ Ֆրեդ Նազարյանի ներդրման արդյունքում տարիների խնդիրը լուծվել է: Հատկապես սահմանապահ գյուղերում ենթակառուցվածքները կարեւոր են մի քանի տեսանկյունից. գյուղացին հոգում է իր ապրուստի խնդիրը, չի լքում գյուղը, եւ լուծվում է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս նրա անվտանգության հարցը»,- ասել է Դովեղ բնակավայրի վարչական տարածքի ղեկավար Սամվել Գորգինյանը:



Դովեղում իրականացված ծրագիրն արժեւորվում է երկարաժամկետ արդյունքով: