Դատավորի քննությունից կտրված կնոջն ուզում են միանգամից վերաքննիչ տանել

Դատավորի քննությունից կտրված կնոջն ուզում են միանգամից վերաքննիչ տանել
Հուլիսի 6-ին Բարձրագույն դատական խորհուրդն իր հերթական նիստում կազմել եւ հաստատել է վճռաբեկ դատարանում եւ վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը, ապա կատարել ընտրություն: Խորհուրդը զրույցի է հրավիրել 3 ցուցակներում ընդգրկված դատավորի 40 թեկնածուի: Եվ եթե վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուներից ոչ մեկը չհավաքեց անհրաժեշտ ձայներ, ապա ՀՀ վերաքննիչ դատարանների թափուր տեղերի համալրման համար կայացած գաղտնի քվեարկության արդյունքում խորհրդի կողմից անհրաժեշտ ձայներ ստացան 4 հոգի, 3-ը՝ քաղաքացիական մասնագիտացմամբ, 1-ը՝ քրեական: Քրեական մասնագիտացմամբ ԲԴԽ-ի կողմից առավել ձայներ ստացած անձը Լուսինե Հովհաննիսյանն է՝ Կենտրոնի նախկին դատախազ Կարեն Բատիկյանի կինը:



Կարեն Բատիկյանին աշխատանքից ազատել էր Գեւորգ Կոստանյանը, նա համարվում էր նախկին դատախազ Հրաչ Բադալյանի թիմի ներկայացուցիչ, պաշտոնանկությունից հետո զբաղվում է փաստաբանությամբ: Դատական համակարգում ապշած են այս առաջխաղացումից, քանի որ Լուսինե Հովհաննիսյանը նախ գործող դատավոր չէ, եւ հետո՝ ավելի վաղ կտրվել էր դատավորների որակավորման գրավոր քննությունից եւ չէր անցել հարցազրույցի փուլ: Հարց է առաջանում, թե ինչպես է միանգամից հայտնվել վերաքննիչ քրեական դատավորների առաջխաղացման ցուցակում:



Նշենք, որ համացանցային որոնման արդյունքում հայտնաբերեցինք 2017թ․ նոյեմբերի մի փաստաթուղթ, որից պարզ էր, որ Լուսինե Հովհաննիսյանը բողոքարկել էր անցկացված որակավորման գրավոր քննության արդյունքը, հնարավոր 100 միավորից նախնական նա ստացել էր 51,5 միավոր, բողոքարկման արդյունքում մեկ միավոր ավելացվել էր՝ 52,5: Հայտնաբերեցինք նաեւ 2017թ․ նոյեմբերին անցկացված քննության ամբողջական արդյունքները, ըստ որի՝ քրեական մասնագիտացմամբ ամենաբարձր հանրագումարային միավորներ հավաքած առաջին 10 հավակնորդը հարցազրույցի փուլ է անցնում: Այդ ցուցակով իր հավաքած միավորներով Լուսինե Հովհաննիսյանն ընդամենը 12-13-րդն է: Հետաքրքիր է՝ ինչ սկզբունքով է նման ցուցանիշ արձանագրած անձը ԲԴԽ-ի կողմից ընդգրկվել վերաքննիչ քրեական դատավորների առաջխաղացման ցուցակում:



Հավելենք, որ իրավական տեսանկյունից դրսից արգելք չկա՝ որեւէ մեկը կարող է միանգամից նշանակվել վերաքննիչում դատավոր, եթե վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 8 տարի կատարել է գիտական աշխատանք կամ գիտամանկավարժական գործունեություն եւ առնվազն գիտությունների թեկնածու է։ Ընդ որում՝ կարող է առաջադրվել նաեւ վճռաբեկ դատարանի դատավոր, եթե դոկտոր է եւ ունի 10 տարվա փորձություն, նաեւ 40 տարին լրացած է: Սակայն իրականում վերաքննիչում հայտնվելու համար մարդիկ տարիներով աշխատում են առաջին ատյանում, ցուցանիշներ արձանագրում եւ եթե չունեն ծանոթ-բարեկամ, այդպես էլ անհույս սպասում են առաջխաղացման իրենց հերթին:



Ի դեպ, Լուսինե Հովհաննիսյանն աշխատում է Հեղինե Բիշարյանի ղեկավարած Եվրոպական ակադեմիայում:



**Ինգա ՄԱՐՏԻՆՅԱՆ**