Սամվել Բաբայանն այցելել է Արցախ

Սամվել Բաբայանն այցելել է Արցախ
«Ելք» եւ «Ծառուկյան դաշինք» խմբակցությունների պատգամավորների երաշխավորությամբ կալանքից ազատ արձակվելուց հետո Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ իր Արցախ գնալը կախված է ՀՀ իշխանությունների որոշումից, եւ եթե որոշեն, որ ինքը պետք է լինի այնտեղ, կգնա։ Սամվել Բաբայանը նաեւ նշել էր, թե Ղարաբաղը շատ վտանգավոր կետ է, եւ չի կարելի այնտեղ խաղալ։ «Թողեք մինչեւ 20 թիվը խաղաղ ապրի Ղարաբաղը, եթե ապրի»,- ասել էր նա։ Փաստորեն՝ իշխանությունները դեմ չեն եղել, եւ Բաբայանը 2 օր է՝ Արցախում է: Նրան ուղեկցում է 7or.am-ի խմբագիր, քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը։ Եթե նախորդ անգամ այցի կազմակերպման աշխատանքներն իր վրա էր վերցրել ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը, ապա այժմ այդ հարցերով զբաղվել են բարեկամները, ընկերները, Բաբայանն էլ մնացել է Ստեփանակերտում գտնվող իր տանը:



Արցախում նա հանդիպել է նախագահ Բակո Սահակյանի հետ, քննարկել հիմնականում առաջնագծի հետ կապված հարցեր, իրավիճակից է հետաքրքրվել: Թեեւ մինչ նրա այցը կողմնակիցները պնդում էին, որ Սամվել Բաբայանի նպատակը նախագահ դառնալն է, անգամ սոցիալական ցանցերում համապատասխան էջեր էին բացել, լոբբինգով էին զբաղվում, բայց Բաբայանը վստահեցրել է, որ քաղաքական նպատակներ, հավակնություններ չունի, եթե անգամ խնդրեն, նախագահ չի ուզում դառնալ եւ այլն: Մենք տեղեկացանք, որ այցի նպատակը նաեւ անձնական է եղել, նրա՝ անազատության մեջ գտնվելու ժամանակ որդին ամուսնացել էր, եւ Բաբայանը մեկնել է խնամիների հետ ծանոթանալու: Բաբայանի կողմնակիցներն ի սկզբանե որոշել էին, որ մեծ հանրահավաք կանեն, նախատեսել էին սկզբից գնալ եղբայրական գերեզմանատուն, դրանից հետո Ստեփանակերտի կենտրոնում հանրահավաք անցկացնել: Սակայն քանի որ նախատեսվածից քիչ մարդ է հավաքվել, ուստի հենց եղբայրական գերեզմանատանն էլ մինի հավաք են արել:



Բաբայանը հայտարարել է, որ Արցախում գրասենյակ կբացի, որը կհամակարգի Ազգային ժողովի պատգամավորներից մեկը: Գրասենյակի ղեկավարի պաշտոնում նա բացառել է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանի եւ վերջերս անկախ պատգամավոր դարձած Ռուսլան Իսրայելյանի թեկնածությունները: Հիշեցնենք, որ Բաբայանի եւ Խանումյանի միջով սեւ կատու անցավ, երբ պատգամավորը հայտարարություններ արեց Բաբայանի անունից, որոնք վերջինս հերքեց: Գրասենյակը բացելու նպատակը, Արցախի մեր աղբյուրների պնդմամբ, այն է, որ այդտեղ միանգամից հավաքեն բոլոր ահազանգերը, խնդիրները եւ իրեն համակարգված տեղեկացնեն: Ուշագրավ է նաեւ, որ Բաբայանի Արցախ այցը խանդի տեսարաններ է առաջացրել մյուս պայքարող խմբերի մոտ: Նախկին ՊԲ ղեկավարը հայտարարել է, թե ծիծաղելի է, երբ մարդիկ 20-30 հոգով հավաքվում են, ու ամեն մեկն ուզում է նախագահ դառնալ։ Սա զայրացրել է Վահան Բադասյանին, Հայկ Խանումյանին, ովքեր առանձին, փոքր խմբերով հավաքներ են անում:



**Ինգա ՄԱՐՏԻՆՅԱՆ**