ՀՀԿ-ի նահանջն առանց երգի

ՀՀԿ-ի նահանջն առանց երգի
Իշխանափոխությունից հետո Հանրապետական կուսակցության հաստատած մենաշնորհը ջարդվում է աստիճանաբար։ Հրաժարականներ տվեցին Հայաստանի մի քանի խոշոր քաղաքների քաղաքապետերը։ Սկզբում գեներալ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի պահեստում ԱԱԾ կատարած բացահայտումներից հետո հրաժարական տվեց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, որը գեներալի որդին է։



Հունիսի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էջմիածնի քաղաքապետ նշանակվեց Դիանա Գասպարյանը։ Հետո հրաժարական տվեց տարբեր սկանդալային պատմությունների մեջ հայտնված Հրազդանի ՀՀԿ-ական քաղաքապետ Արամ Դանիելյանը, որի հրաժարականի մասին ժամանակ առ ժամանակ մամուլում շրջանառվում էին տեղեկություններ։ Չնայած Արամ Դանիելյանը մի քանի օր է, ինչ հրաժարական է տվել, հուլիսի 10-ին էլ վարչապետի որոշմամբ Հրազդան համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Լիլիթ Ստեփանյանը, սակայն քաղաքապետարանի կայքում դեռեւս պահպանվում է Արամ Դանիելյանի մեծադիր լուսանկարը՝ հարգարժան այցելուներին ուղղված ողջույնի խոսքով։ Անցյալ շաբաթ Նիկոլ Փաշինյանի կատարած այցը Սյունիքի մարզ ճակատագրական դարձավ Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի համար․ Կապանում, վարչապետի հետ հանդիպման ժամանակ, ներկաները սուլել են, երբ քաղաքապետը ցանկացել է ելույթ ունենալ, խափանել հանդիպումը, ինչին էլ հաջորդեց նրա հրաժարականը։



Ըստ Կապանի քաղաքապետարանի կայքի, սակայն, Հայրապետյանը շարունակում է մնալ որպես համայնքի ղեկավար։ Օրերս հրաժարական տվեց նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Դա սպասված հրաժարական էր, քանի որ երկար ժամանակ նրա ընդդիմախոսները պահանջում էին, որ Երեւանի քաղաքապետը հեռանա: ԱԱԾ-ն քրեական գործ հարուցեց «Երեւան» հիմնադրամի դեմ, որի ղեկավարը Տարոն Մարգարյանն է, սակայն մինչեւ հուլիսի 9-ը, չնայած հրաժարականի մասին պարբերաբար տարածվող լուրերին, Տարոն Մարգարյանն անդրդվելի էր։ Երեւանի քաղաքապետարանի կայքում եւս դեռ չեն հասցրել սրբագրել եւ հանել Տարոն Մարգարյանի նկարն ու կենսագրությունը։



Եթե մինչեւ ՀՀԿ-ական քաղաքապետերի հրաժարականները ոչ մի քաղաքական ուժ չէր հանդգնում մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, ապա ակնհայտ է, որ այսուհետ նրանց համար մրցակցության հնարավորություններ են ստեղծվում։ Եվ ժամանակին անկյուն քշված, ֆինանսներից ու անհավասար մրցակցային պայմաններից տրտնջացող քաղաքական ուժերը կարող են հայտ ներկայացնել քաղաքապետերի ընտրություններում։ Մամուլում հրապարակվել է տեղեկություն, որ Երեւանի քաղաքապետի արտահերթ ընտրություններին մասնակցելու է «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորելու է 1992-96թթ․ Երեւանի քաղաքապետ Վահագն Խաչատրյանը։ Փորձեցինք այդ մասին մեկնաբանություն ստանալ Վահագն Խաչատրյանից, սակայն նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։ Չպատասխանեցին նաեւ կուսակցության մյուս առանցքային գործիչները։



Միայն ՀԱԿ արտաքին հարաբերությունների վարչության պատասխանատու Վլադիմիր Կարապետյանն արձագանքեց, որ ինքը տեղյակ չէ, թե ինչ որոշում է կայացրել կուսակցությունը։ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո որոշ կայքերում եւ սոցցանցերում շրջանառվում էր այն լուրը, որ Երեւանի քաղաքապետի թեկնածու կարող է լինել Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության քարտուղար Թեհմինա Վարդանյանը։ Որպես նրա առավելություն՝ նշվում էր, որ Թեհմինան գեղեցկուհի է։ Ինքը՝ Թեհմինա Վարդանյանը, ավելի ուշ նշեց, որ ինքը Երեւանի քաղաքապետ ընտրվելու հավակնություն չունի, իր տարիքը չի համապատասխանում այդ պատասխանատու պաշտոնին հավակնելու համար։



Նշել էր նաեւ, որ իրեն Երեւանի քաղաքապետի պաշտոնում տեսնելու մասին լուրեր տարածում են իր համակիրները, ինչն, ինչ խոսք, հաճելի է։ Շրջանառվում է նաեւ «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ, Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի անունը, որն անցյալ տարի, մայիսի 14-ին կայացած Երեւանի ավագանու ընտրություններին էր հավակնում դառնալ քաղաքապետ։ Սակայն նա չստացավ բավարար ձայներ, Երեւանի ավագանիում չկազմեց մեծամասնություն եւ բավարարվեց միայն իր խոստումը կատարելով՝ Տարոն Մարգարյանի կյանքը դժոխքի վերածելով։ Ինչ-ինչ, բայց այսօր կարելի է պնդել, որ հենց Զարուհին հող նախապատրաստեց Տարոն Մարգարյանի հրաժարականի համար՝ իր կուսակիցների հետ կոյուղաջրի տարաները ավագանու նիստին քաղաքապետի սեղանին դնելով եւ Նուբարաշենի բնակիչների բողոքն այդ կերպ տեղ հասցնելով։ Իսկ Երեւանի քաղաքապետի ընտրության ստույգ օրը կիմանանք հուլիսի 12-ին։



**Թագուհի Հակոբյան**