Հին Հայաստանի հուղարկավորությունը

Հին Հայաստանի հուղարկավորությունը
«Քոչարյանին ե՞րբ են դատելու»,- հարցնում է ինձ ծանոթ լրագրավաճառը, որը ոգեւորված է ապրիլյան հեղափոխությունից հետո սկսված ձերբակալություններով, նոր իշխանությունների կողմից օրինականության հաստատմանը նպատակաուղղված գործունեությամբ։ Նախկին քաղբանտարկյալներից մեկն էլ Ռոբերտ Քոչարյանին ծանուցագիր ուղարկելու մասին լուրն առնելուն պես զանգահարել եւ հետաքրքրվում էր, թե ինչ մեխանիզմներով են երկրորդ նախագահին կանչելու պատասխանատվության, եթե նա չներկայանա իրավապահ մարմիններին։ Իսկ ահա սոցցանցերում էլ հնչում են կարծիքներ, որ նոր Հայաստանում ԱԱԾ-ն ու իրավապահ մարմիններն են վարչապետի գլխավորությամբ ակտիվ աշխատում, իսկ մյուս նախարարների հեռահար ծրագրերն առայժմ տեսանելի չեն։



Մշակութային գործիչները ակնկալում են մշակութային քաղաքականության հետ կապված կոնկրետ ծրագրեր ու անելիքներ, տնտեսական, բնապահպանական, մյուս ոլորտներում նախորդ իշխանություններից մնացած «ժառանգությունը» թույլ չի տալիս նոր իշխանություններին «շունչ քաշել» եւ մտածել հրատապ լուծումների մասին։ Իսկ մամուլն ու լրատվական կայքերը վերածվել են քրեական քրոնիկոնի, որոնք օրվա ընթացքում պարբերաբար տեղեկացնում են, թե որ օրինախախտին, կոռումպացված նախկին պաշտոնյային են ձերբակալել, բերման ենթարկել կամ կալանավորել, ինչ մեղադրանքներ են առաջադրել նրանց, ինչ հիմքերով են ազատ արձակել, ում են հետախուզում կամ ում են ծանուցագիր ուղարկել։



Այս ամենն, անշուշտ, գոհացնում է հասարակության մի ստվար հատվածին, որը ծարավ է արդարադատության, որը 2008թ․ ստորագրահավաք էր կազմակերպել երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Հաագայի միջազգային քրեական դատարան հանձնելու համար։ ԱԱԾ-ի բացահայտումներն առայժմ կարծես թե ստվերում են թողել մյուս ոլորտներում կատարվող, խմորվող գործընթացները, կադրային քաղաքականության այս կամ այն վրիպումը, պետական ապարատի ծախսերի արդյունավետությունը կամ նպատակահարմարությունը։



Ըստ էության, հետհեղափոխական կառավարությանն առայժմ հաջողվում է իրականացնել հասարակության ակնկալիքները՝ նախկին կոռումպացված պաշտոնյաներին հայտնաբերելու, օրենքի առջեւ հավասարություն ստեղծելու հարցում։ Հաջողվում է բացահայտել, թե նժդեհական գաղափարների, ուռա հայրենասիրության, «Իսկ դու ի՞նչ ես արել Արցախի համար» բարձրագոչ հայտարարությունների կողքին ինչպես են մսխվել տարբեր ոլորտներին հատկացված գումարները, ինչպիսի բարեկեցություն են ապահովել առանձին արտոնյալ պաշտոնյաներն ու նրանց մերձավորները թերսնված երեխաների, գործազրկության, աղքատության ֆոնին։ Իսկ այդպիսի կառավարությանը մեծ հաշվով քննադատելը դարձել է նախկին իշխանությունների, ՀՀԿ-ականների եւ նրանց համախոհների զբաղմունքը, որոնք վերադարձի շանս այլեւս չունեն։



Հեղափոխության, երկրում բարեփոխումների համար շուրջ երկու տասնամյակ պայքարած ո՞ր մի անհատի մտքով կանցնի այս օրերին քննադատել այսպիսի կառավարությանը բացահայտումների, երկրում օրինականություն հաստատելու ջանքերի համար։ Եվ փույթ չէ, որ այդ օրինականությունը փորձում են հաստատել երբեմն՝ շտապողականությամբ, երբեմն՝ վրիպումներով, երբեմն՝ կառավարման փորձի պակասով։ Պետական համակարգի արդիականացման պահանջը, «ռեստարտը», սակայն, թույլ չեն տալու հապաղել։ Արեւմտյան կրթություն ստացած, արեւմուտքի կառավարման չափանիշներին ծանոթ նորօրյա պաշտոնյաները ստիպված են լինելու հաշվի նստել իրենց ընտրող հասարակության պահանջների հետ, հրաժեշտ տալ հին Հայաստանին ոչ թե լոկ խոսքերի, հայտարարությունների մակարդակով, այլեւ՝ գործնական քայլեր անելով։ Սոցիալական ցանցերում «լայվ» մտնելը, հերթական աղմկահարույց չարաշահման մասին բարձրաձայնելը որքան էլ նոր տեխնոլոգիաների դարում տպավորիչ են, այնուամենայնիվ, միշտ չէ, որ տալիս են հանրությանը հուզող հարցերի պատասխանները։



**Թագուհի Հակոբյան**