«Սասնա ծռերը» ժողովրդի ընտրած թեկնածուին պաշտպանելու են․ Մխիթար Ավետիսյան (տեսանյութ)

«Սասնա ծռերը» ժողովրդի ընտրած թեկնածուին պաշտպանելու են․ Մխիթար Ավետիսյան (տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր «Սասնա ծռերի» 10 անդամի գործով դատական նիստին փոխվեց խմբի անդամ Մխիթար Ավետիսյանի խափանման միջոց կալանավորումը։



Ազատ արձակվելուց հետո Ավետիսյանը պատասխանեց **«Հրապարակ»**-ի մի քանի հարցերին։



**-Պարոն Ավետիսյան, Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել էր, որ ՀԽ-ն եւ «Սասնա ծռերը» մասնակցելու են ընտրություններին, դուք եւս մասնակցելո՞ւ եք, տեսնո՞ւմ եք Ձեզ խորհրդարանում։**



-Ընտրությունների ակտիվ պրոցեսին մասնակցելում եմ, բայց ոչ որպես թեկնածու։



**-«Սասնա ծռերի» մյուս անդամներին տեսնո՞ւմ եք ԱԺ-ում։**



-Անպայման, բայց այդ մասին ես չեմ ցանկանում խոսել։



**-ՊՊԾ-ն գրավված օրերին «Ծռերը» անվայել բառեր էին արտահայտել Նիկոլ Փաշինյանի հասցեին, իսկ այժմ միայն գովեստի խոսքեր են հնչում։ Ինչո՞վ է պայմանավորված այս փոփոխությունը, դուք սխալվե՞լ էիք նախկինում։**



-Կարծում եմ, որ բոլորն էլ հստակ տեսնում են փոփոխությունը, այն ժամանակ այլ իրավիճակ էր, այսօր ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քայլ արեց, հասավ մեծ հաջողության։ «Սասնա ծռերը» ժողովրդի ընտրած թեկնածուին պաշտպանելու են։



**-Դուք ազատամարտիկ եք, վերջերս ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի յուրացումների վերաբերյալ բացահայտումներ եղան, ինչպե՞ս եք դրան վերաբերվում․․․**



-Ինչպես ամեն մի նորմալ մարդ, ինչպես դուք եք վերաբերվում․․․ Վստահ եմ, որ պատասխան կտան, ոչ միայն բանակից գողացողը, գողացողը ամեն տեղ էլ կգողանա։



**-Զինված ապստամբության էջը փակվա՞ծ է Հայաստանում։**



-Իմ կարծիքով հա, գոնե մեր կողմից փակված է։ Մենք չենք տեսնում այն համակարգը, ոչ հիմա ոչ էլ առաջիկայում, որ այնպիսի համակարգ ստեղծվի, ինչպիսին եղել է, այդ հանցավոր բանդան։ Ես չեմ տեսնում այդպիսի հնարավորություն, որ ինչ-որ մեկը կարողանա այդպիսի ռեժիմ ստեղծի, որ նորից ստիպված լինենք ապսատմաբության գնալ։



Հիշեցնենք, որ «Սասնա ծռերը» 2016 թվականի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ են պահել ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Զինված խմբի անդամները չեն ընդունում մեղքը՝ պնդելով, որ ապստամբություն են արել։



**Աննա Պապիկյան**