Ո՞ր իրավախախտումների վրա չի տարածվի համաներումը

Ո՞ր իրավախախտումների վրա չի տարածվի համաներումը
Ազգային ժողովում քննարկվում է մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին օրինագիծը, որը ԱԺ արտահերթ նստաշրջան է բերել կառավարությունը։ Նախագծի զեկուցող, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց, որ օրինագծով նախատեսել են իրավախախտում կատարած անձանց շրջանակները։ «Վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար վարչական ակտով նախատեսված գումարի կամ դրա չվճարված մասը վճարելու պարտականությունից՝ բացառությամբ, երբ այդ պարտավորությունը կապված է անձանց կողմից հանցագործություն կատարելու այնպիսի ոչ իրավաչափ վարքագծի հետ, ինչն առերևույթ հանցագործության հատկանիշներ է պարունակել և հարուցվել է քրեական գործ»,-ասաց Արտակ Զեյնալյանը։



Ըստ նրա՝ նախագծի ընդունմամբ կներվի շուրջ 13.7 միլիարդ դրամի չափով գումար։ Վարչական պատասխանատվությունից կազատվեն շուրջ 150 հազար անձինք։ Այնուհետև նախարարը նշեց այն իրավախախտումները, որոնց մասով բացառություն է արված, այսինքն՝ դրանց տուգանքները համաներման տակ չեն ընկնի և չեն ներվի․ «Առանց համապատասխան թույլտվության տրանսպորտային միջոցի վրա կարմիր և կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ կամ հատուկ ձայնային ազդանշանով սարքեր տեղադրելը, առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխարինված համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելը, տրանսպորտային միջոցը տնօրինողի կողմից հաշվառման համարանիշը այլ անձի հանձնելը, դեղին հիմնագույնի հաշվառման համարանիշերը ուղևորափոխադրողների իրականացման երթուղին սպասարկման ժամկետի ավարտից հետո չվերադարձնելը, հարբած կամ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցը վարելը, ոստիկանի «կա՛նգ առ» ազդանշանին չենթարկվելը, առանց ԱՊՊԱ կտրոնի փակցնելու երթևեկելը»,-թվարկեց Զեյնալյանը։



Նա նաև նշեց, որ մարդիկ, որոնք 2012-թվականից ի վեր չեն վճարել տուգանքները, նրանց հաշիվների վրա կալանք է կիրառված, և այս համաներումը, ըստ նախարարի, բավականին կբարելավի մեր քաղաքացիների սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական վիճակը։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**