Դիմացինը միաբջիջ մի մարդ ա, որ ինձ փորձի վարկաբեկի, իմ ամբողջ տարիների վաստակը նսեմացնի․ Ալիկ Սարգսյան (տեսանյութ)

Դիմացինը միաբջիջ մի մարդ ա, որ ինձ փորձի վարկաբեկի, իմ ամբողջ տարիների վաստակը նսեմացնի․ Ալիկ Սարգսյան (տեսանյութ)
Արարատի նախկին մարզպետ ու նախկին ոստիկանապետ Ալիկ Սարսգյանը, ինչպես հայտնի է, ՀՔԾ-ում հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Արարատի մեկ այլ նախկին մարզպետի դեմ։ Սկզբում կասկածներ կային, թե խոսքը Հովիկ Աբրահամյանի մասին է, բայց պարզվեց՝ Վարդգես Հովակիմյանի մասին է, որը պաշտոնավարել է Սարգսյանից հետո։



Ալիկ Սարգսյանն այսօր ԱԺ արտահերթ նիստից առաջ լագրողների հետ զրույցում հաստատեց այս փաստը՝ նշելով․ «Դե անունն արդեն պարզ ա ձեզ, ես չեմ ուզում էդ անունը նորից վերարտադրել, իմ համար բավականին տհաճ ա։ Բայց, ամեն դեպքում, գիտեք՝ ում մասին ա խոսքը․․․ թերթ կարդացեք, Արարատի նախկին մարզպետի, այո»։



Սարգսյանը նորից հիշեցրեց, որ ինքը արժանավայել կյանքով է ապրել, և իր ամբողջ աշխատանքային ուղին անցել է շատ մաքուր, անբիծ․ «Ես զբաղվել եմ իմ գործով, ուրիշ ոչ մի չարաշահում չեմ արել, դրա համար խիղճս հանգիստ ա։ Իսկ էս բոլոր տեսակի զրպարտությունները, էս փորձերը՝ իրանց բերել-դնել, համադրել մի մարդու կողքին, որի արժանիքը իրենք չունեն»։



**Hraparak.am**-ի դիտարկմանը, թե ինքն էլ հսկայական կարողություն ունի՝ պաշտոնյա լինելով հանդերձ, Ալիկ Սարգսյանն ասաց․ «Ես ինչ կարողություն ունեմ, դրա համար ունեմ համապատասխան բացատրություն և արդարացում»։



**-Պետական պաշտոն զբաղեցնելով՝ ինչպե՞ս եք ձեռք բերել այդ կարողությունը։**



-Ցանկացած մարդ, Հայաստանի քաղաքացի իրավունք ունի ունենալ սեփականություն։ Սահմանադրությունը կարդացեք։



**-Հնարավորությունն է խնդիրը, այդ հնարավորությունն ինչպե՞ս եք ձեռք բերել։**



-Ես ասացի՝ ես կխոսեմ սեփականություն ունենալու տեսանկյունից և կհիմնավորեմ։



**-Այդ լցակայանները, բիզնեսները․․․ չունե՞ք։**



-Դե, ասում եմ, հերյուրանքներ են բոլորը, ո՞նց բացատրեմ։ Ժողովուրդ, ես մաքուր մարդ եմ և մաքուր եմ ապրել, և իմ խիղճը հանգիստ ա։ Միշտ հիշեք, որևիցե օրենքի առջև պատասխան տալու խնդիր չունեմ և չեմ էլ ունենալու, որովհետև մաքուր եմ ապրել։ Ու ոչ մեկը թող չփորձի իր անունը բերի համադրի իմ հետ։



Մանրամասն՝ **Hraparak.am**-ի տեսանյութում։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**