Հուլիսի մեկից բանկերը ներում են անհույսներին, իսկ պետությունը՝ բանկերին

Հուլիսի մեկից բանկերը ներում են անհույսներին, իսկ պետությունը՝ բանկերին
Վարկային ներումների մասին մարդիկ երազում էին դեռ «Քայլի» հեղափոխության օրերից՝ սկսած այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ունեցած իր ծրագրային ելույթում ասաց․ «Բազմաթիվ վարկային կազմակերպություններ, օգտվելով մարդկանց չիմացությունից եւ նեղ վիճակից, աներեւակայելի բարձր տոկոսներով վարկեր են բեռնել քաղաքացիների վրա»։ Այդ պահից սկսած՝ հայ ազգի մոտ էյֆորիա սկսվեց։ Բոլոր նրանք, ովքեր տարիներով կուտակված պարտքեր ունեին բանկերին, «սեւ ցուցակներում» էին կամ «փախած» էին, ովքեր բանկային պարտականություններից խուսափելու նպատակով գրանցումից դուրս էին եկել, ունեցվածքն էին վերաձեւակերպել հարազատների անուններով, ովքեր ռուսաստաններ էին փախել՝ հույսով, որ գումար կաշխատեն ու պարտքերը կվերադարձնեն, աշխուժացան եւ հույս փայփայեցին, որ իրենց պարտքերը «ջրվելու» են։ Շուտով, սակայն, պարզվեց, որ մայր գումարները ենթակա են վճարման, իսկ վարկային համաներումը տարածվելու է միայն տույժ ու տուգանքների վրա։ Դրանց համաներման հարցն ԱԺ-ն շոշափեց հունիսի 17-ին «Հարկային օրենսդրության փոփոխությունների մասին» օրինագծի քննարկման ժամանակ։ Փոփոխությունների փաթեթով, որը մշակել է ֆինանսների նախարարությունը եւ որը միտված է գործարար ակտիվության խթանմանն ու հարկային վարչարարության բարելավմանը, նախատեսված է ստեղծել հնարավորություն, որպեսզի առեւտրային բանկերը կարողանան առանց լրա­­ցու­ցիչ հարկային պարտավորություններ կրելու ֆիզիկական անձանց ներել մինչեւ 2018 թ․ մայիսի 31-ը անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժերն ու տուգանք­ները: Օրենսդրական փոփոխությունը գործում է հուլիսի 1-ից եւ վերաբերում է բոլոր տեսակի վարկերին։



**Բանկերի մեծ մասը շահագրգռված է ներելու վարկային պարտավորությունները**



Բանկերը նախկինում էլ, մինչեւ այս օրինագծի ուժի մեջ մտնելը, կարող էին, անվճարունակ վարկառուների հետ բանակցելով, վարկի մարման մեղմ գրաֆիկ սահմանել, «ջնջել» տոկոսները եւ պարտքի մարումը սկսել զրոյից։ Տարբերությունն այն է, որ այս օրինագծի ուժի մեջ մտնելով՝ ոչ միայն քաղաքացին է «համաներվում», ազատվելով տույժ-տուգանքից, այլեւ բանկը, որին պետությունը հարկային պարտավորության մի մասն է ներում։ Եկա­մուտ­ների քաղաքականության եւ վարչարարության մեթոդաբանության վարչության պետ **Օրի Ալավերդյանը** պարզաբանում է․ «Միտքը հետեւյալն է․ բանկերը շատ հաճախ չէին ներում ֆիզիկական անձանց տույժերն ու տուգանքները, որովհետեւ հարկային հետեւանքներ էին ունենում դրա արդյունքում։ Ներելուց բացի, իրենք նաեւ հարկեր պետք է վճարեին, իսկ այս փոփոխությամբ ֆիքսվեց, որ այն դեպքում, երբ որ բանկը կների քաղաքացու վարկային պարտավորության մաս կազմող տույժերն ու տուգանքները, այդ գումարի մասով բանկը հարկային պարտավորություններ չի կրելու։ Այն, որ օրենսդրությամբ սահմանվել է, որ բանկերը կարող են առանց հետեւանքների ներել պարտավորությունները, դա դեռ չի նշանակում, որ նրանք պարտավորված են այդ քայլն անել։ Սա ընդամենը բանկերի հնարավորությունն է՝ առանց հարկային հետեւանքների ներել այդ գումարները։ Մեծ հաջողությամբ նրանք կարող են նաեւ հրաժարվել այդ հնարավորությունից»։ Ըստ Ալավերդյանի, անհուսալի են համարվում մոտ 10-12 հազար գյուղատնտեսական վարկեր, որոնց հաշվարկված տույժերը կազմում են 4-6 մլրդ դրամ։ Ինչպե՞ս կարող են քաղաքացիները ծանոթանալ անհույս վարկերի ցուցակների հետ, իմանալ՝ «ներվա՞ծ» են, թե՞ ոչ։ «Չկա հատուկ ցուցակ, որը կհրապարակվի, կամ սահմանված ընթացակարգ։ Յուրաքանչյուր բանկ ինքը կարող է ասել՝ անհուսալի՞ է, թե՞ չէ։ Ընդհանուր կանոնը հետեւյալն է․ վարկային պարտավորությունն անհուսալի է ճանաչվում իր առաջին կատարման ժամկետը բաց թողնելուց մեկ տարվա ընթացքում։ Այսինքն՝ եթե բանկային պարտավորությունը պետք է վճարվեր, օրինակ, հուլիսի 10-ին եւ չի վճարվել ու հաջորդ մեկ տարվա ընթացքում եւս չի վճարվում, ապա հաջորդ հուլիսի 10-ին այն համարվում է անհուսալի։ Սա սահմանված է ֆինանսների նախարարության եւ ԿԲ-ի համատեղ հրամանով։ Քաղաքացին պետք է դիմի բանկին, քանի որ բանկի իրավունքն է՝ օգտվել օրենսդրական հնարավորությունից։ Նա պետք է փոխհամաձայնության գա վարկատու բանկի հետ առկա տույժերը ներելու մասով, իսկ բանկը պետք է ասի՝ թո՞ւյլ է տալիս, թե՞ ոչ»,- ասաց Ալավերդյանը։ Օրենսդրական փաթեթի մշակմանն առեւտրային բանկերը մասնակցե՞լ են։ «Կարող եմ ասել, որ բանկերի մեծ մասը շահագրգռված է ներելու վարկային պարտավորությունները»,- ասաց ֆիննախի պատասխանատուն։



**Պատկերացրեք՝ եթե մարդիկ որոշեն դառնալ «անհուսալի»**



Այնուամենայնիվ` որքանո՞վ է նոր օրենքը բանկերի «սրտով»։ «Յունիբանկ» ԲԲԸ խորհրդի անդամ **Վարդան Աթայանը** պատասխանեց․ «Պատկերացրեք՝ ես Ձեզ պարտք եմ։ Ձեր պարտքը չեմ մուծում, տոկոսները չեմ մուծում, դրանց վրա գալիս են տույժ ու տուգանք, Դուք ասում եք՝ գոնե իմ մայր գումարը տուր։ Սա բանկը միշտ էլ անում էր։ Ուղղակի այն ժամանակ առաջանում էր հարկային պարտավորություն 20 տոկոսի չափով, հիմա չի առաջանում այդ պարտավորությունը։ Սա առողջ բան է։ Որեւէ բանկ երբեք չի պլանավորում տույժ ու տուգանք։ Եթե մարդիկ մտածում են, որ տուգանքը բանկը դնում է, որ պարտքը մեծացնի, սխալվում են։ Տուգանքը դրվում է, որ վարկը ժամանակին մուծվի, ու բանկը կարողանա ավանդատուին ժամանակին մուծի նրա գումարը։ Անհուսալի վարկերի ժամանակ բանկին ձեռնտու է ստանալ մայր գումարը՝ տոկոսով, մնացածը ջրել։ Սա նորմալ է։ Բայց մտավախություն կա, որ այսօր մարդիկ մտածեն, թե ավելի լավ է չմուծեմ, մեկ է՝ վերջում տույժ ու տուգանքները ջրելու են։ Պատկերացրեք՝ եթե մարդիկ որոշեն դառնալ «անհուսալի», հետագա զարգացումները լավ չեն լինի համակարգի համար։ Ես հիմա թվերին լավ չեմ տիրապետում, թե ինչ է կատարվել այդ որոշումից հետո, բայց հնարավոր է, որ այսպիսի զարգացում լինի»։ Ակբա կրեդիտ ագրիկոլ բանկը տարեսկզբից մոտ 300 մլն դրամի չափով ներում է կատարել՝ ասաց բանկի հասարակության հետ կապերի պատասխանատու **Նարեկ Ասատրյանը**․ «Երբ որ հաճախորդն ունենում է պրոբլեմ, դա նաեւ մեր պրոբլեմն է, հակառակ դեպքում մենք վնասներ ենք կրում։ Օրինակ, Արմավիրի կարկուտից հետո մարդկանց մոտ այնպիսի վիճակ էր, որ մենք պետք է օգնեինք նրանց՝ հաճախորդի առողջացումը մեզ է պետք»։



**Պետության հաջորդ քայլը լինելու է «սեվ ցուցակները» վերացնելը**



Հուլիսի 3-ին վարկային պատմության բարելավում է հայտարարել վարկային բյուրոն, որը հավաքում է ամբողջական տեղեկատվություն բոլոր վարկառուների մասին, այսպես կոչված՝ «սեւ ցուցակներ» ստեղծող կամ վարկեր դասակարգող կազմակերպությունը։ Նրան հարցում անելով՝ բանկը տպավորություն է կազմում տվյալ հաճախորդի վերաբերյալ, որոշում՝ արժե՞ նրան վարկավորել։ Օրերս բյուրոն հայտարարեց, որ առեւտրային բանկերի եւ վարկային կազմակերպությունների հետ համատեղ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել բարելավել մանր վարկեր ունեցող ֆիզիկական անձանց վարկային պատմությունները։ «2018 թ․ հուլիսի 1-ից ֆիզիկական անձ հանդիսացող վարկառուների, վերջիններիս համավարկառուների եւ երաշխավորների վերաբերյալ տրամադրվող վարկային զեկույցներում չի ներառվելու մինչեւ 2018 թ․ մայիսի 1-ը ներառյալ ժամկետանց դարձած այն վարկերի մասին տեղեկատվությունը, որոնց պայմանագրային մայր գումարը (պայմանագրի կնքման պահին) չի գերազանցում 50 հազար դրամը։ Սա մեկանգամյա գործընթաց է եւ չի վերաբերելու նշված ժամանակահատվածից հետո խնդրահարույց դարձած վարկերին։ Oրինակ՝ եթե ֆիզիկական անձին 02.09.2017թ. տրամադրվել է վարկ, որի պայմանագրով սահմանված մայր գումարը 43 հազար դրամի չափ է, եւ 31.01.2018թ. վարկը դասակարգվել է, ապա 2018թ. հուլիսի 1-ից այն այլեւս չի արտացոլվի վարկային զեկույցում»,- հաղորդում է վարկային բյուրոն։ Քաղաքացիներին այս «լավությունը» վարկային բյուրոն արել է վարկառուների չնչին խմբի համար։



Հիշեցնենք՝ Հայաստանի առեւտրային բանկերի կողմից տրված վարկերի թվում, այսպես կոչված՝ անհույս կամ, ինչպես բանկային մասնագետներն են ասում՝ չաշխատող վարկերի ծավալը 2015 թ․ տարեսկզբի դրությամբ կազմել է 7.2% կամ շուրջ 172 մլրդ դրամ, որի մեջ ամենաբարձր տեսակարար կշիռն ունեն ֆիզիկական անձանց վարկերը, 2016 թ․ տարեսկզբին՝ շուրջ 6,9 %-ը կամ 167,5 մլրդ դրամ, 2017 թ․ տարեսկզբին այդ ցուցանիշը եղել է շուրջ 6,3 %-ը կամ 174,6 մլրդ դրամ, իսկ 2018 թ․ առաջին եռամսյակի վերջի դրությամբ՝ շուրջ 5 %-ը կամ 150,9 մլրդ դրամ:



**Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ**