Փակուղի՞, թե՞ նոր հորիզոններ

Փակուղի՞, թե՞ նոր հորիզոններ
Այսօր Բրյուսելում, Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կայանալու է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների՝ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի առաջին հանդիպումը: Կմասնակցի նաեւ ԵԱՀԿ նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Սա, կարելի է ասել, կողմերի առաջին հանդիպումն է, որը կայանալու է Ադրբեջանի նախագահի ընտրությունից եւ Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո, եւ այն նաեւ վճռորոշ է բանակցությունների շարունակելիության առումով։ Եթե դատենք ադրբեջանական հայտարարություններից, ապա դրանցում թեեւ առկա է բանակցելու ֆորմալ ցանկություն, բայց այն ոչ մի կերպ չի համադրվում ռազմաշունչ հայտարարությունների եւ մասշտաբային զորաշարժերի հետ։



Հիշենք՝ մարտի սկզբին Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը հայտարարեց, թե կողմերը որոշել են Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո ավելի եռանդուն շարունակել քննարկումները հայկական կողմի հետ։ Իլհամ Ալիեւն էլ հայտարարեց, թե նախկինում Հայաստանում իշխում էր «կրիմինալ ռեժիմը», «խունտան», եւ ինքը հույս ունի, որ «ՀՀ նոր կառավարությունը չի կրկնի նախկին կրիմինալ կառավարության սխալները եւ կառուցողական դիրք կգրավի ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, ու խնդիրը կլուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնմամբ»:



Բայց հնչել են նաեւ Նիկոլ Փաշինյանի խոսքերը․ «Երբ Ադրբեջանը սպառնում է վերացնել հայկական պետականությունը, փոխզիջման մասին խոսելը մի փոքր տարօրինակ է» եւ «որպես երկրի ղեկավար՝ ես կարող եմ բանակցել միայն Հայաստանի Հանրապետության անունից, իսկ Արցախի անունից պետք է բանակցի պաշտոնական Ստեփանակերտը»։ Արդյոք գործ ունենք փակուղո՞ւ հետ, եւ բանակցությունների շարունակումը հեռու սարերի ետեւո՞ւմ է, թերեւս, կերեւա այսօր՝ Բրյուսելում։