Օսիպյանից առաջին թուղթն է եկել

Օսիպյանից առաջին թուղթն է եկել
Նոր իշխանությունների հետ իմ առաջին շփումը, ինչպես և սպասում էի, տեղի ունեցավ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հարթակում: Վալերի Օսիպյանից թուղթ եկավ, թե Մյասնիկյան պողոտայում 9 հազար դրամի չափով խախտել ես արագությունը: Այդ հատվածում թույլատրելի արագությունը 70 է, իսկ ես, ըստ արագաչափի, երթևեկել եմ 89 կմ/ժ: Հիրավի նոր Հայաստանի քաղաքացուն ոչ վայել արարք: Այնպես եմ զայրացել, այնպես եմ զայրացել, որ էլ չասելու: Մի ինքնաքննադատություն, մի բան… Արդեն քանի օր է Օսիպյանի դեմքն աչքիս առաջից չի հեռանում: Նա ինձ ամեն օր խիստ տոնով հարցնում է` վճարեցի՞ր, տես հա… Ու մատը թափ է տալիս:



Սպասում եմ` աշխատավարձ ստանամ, տանեմ այդ տուգանքը վճարեմ և այս կոշմարից ազատվեմ վերջապես: Բանն այն է, որ հեղափոխության օրերին ես որևէ խախտում չեմ արել` ճանապարհ չեմ փակել, մայթեր չեմ բարձրացել, սիգնալ չեմ տվել, կանգառն արգելող նշանների տակ չեմ կանգնել և հույս չունեմ, որ հեղափոխության մասնակից վարորդների նման ինձ էլ կներեն: Մյուս կողմից էլ միշտ եմ պարտաճանաչ վճարել խախտումների համար և ոչ մի համաներման տակ չեմ ընկել, ինչպես համաներվեցին նախկին իշխանությունների օրոք մինչև 2018թ. հունվարը խախտում կատարած և տուգանք չվճարած վարորդները: Ինչևէ:



Ինքնախարազանումից բացի ինձ պատել էր նաև մի ուրիշ զգացում, որ ունեցա ՃՈ-ի ակտը դիտելիս: Նայում եմ` համարներն իմ մեքենայի համարներն են, կարծես ամեն ինչ ճիշտ է, բայց, գրողը տանի, մեքենան իմը չէ, կամ էլ չեմ կարողանում ճանաչել: Նկարն իմ մեքենայից ավելի սև է, այնքան սև, որ թվում է գիշերը, չլուսավորվող ճանապարհին է արված: Բայց ակտում նշված է, որ ես այդ խախտումը կատարել եմ հունիսի 8-ին, ժամը 07.10-ին, երբ արևը բավականին բարձրացած է լինում: Դա են վկայում նաև մեքենայի չմիացված լապտերները, բայց միևնույն է, ոստիկանությունում որոշել են, որ այդ նկարն էլ բավական է, որ ինձ նման պարտաճանաչ քաղաքացին տանի և արագ վճարի տուգանքը: Խնդիր չկա, կվճարեմ, բայց կուզենայի նաև իմանալ` բոլորը, այդ թվում և Օսիպյանի հեղափոխական ծանոթնե՞րն են վճարում նման ակտերով, թե՞ դարձյալ ես եմ «կրայնին»:



**Էդիկ Անդրեասյան**