Լիքը աղբամաններ, անտանելի գարշահոտություն. Հրազդանում աղբահանություն չի կատարվում

Լիքը աղբամաններ, անտանելի գարշահոտություն. Հրազդանում աղբահանություն չի կատարվում
Արդեն մի քանի օր է, ինչ Հրազդան քաղաքի տարբեր թաղամասի բնակիչներ ահազանգում են, որ քաղաքի որոշ թաղամասերում աղբահանություն չի կատավում: Բնակիչների խոսքով՝ աղբամանները արդեն 3 օր է լիքն են, իսկ ամռան շոգին գարշահոտություն է ամենուր. «Եթե աղբամանը դրված է մայթից քիչ հեռավորության վրա, ապա այդ տեղով քայլել անհնար է: Աղբը մի կողմից, շները, ագռավները, կովերն էլ մյուս կողմից, ողջ աղբը ցրիվ են տալիս: Մեր քաղաքը միշտ էլ կեղտոտ է եղել: Տպավորությունն այնպիսին է, որ քաղաքապետի հրաժարականից հետո դիտավորյալ աղբը չեն տեղափոխում», -բողոքում են հրազդանցիները:



Հրազդանի քաղաքապետարանի ենթակայության տակ 3 ՀՈԱԿ-ներ են գործում, բայց արի ու տես այս օրերին քաղաքում աղբահանությունը օրերով չի կատարվում: «Աղբահանություն եւ սանմաքրում» բյուջետային հիմնարկի տնօրեն՝ Մաքսիմ Հարությանյանը այս վիճակը պատճառաբանեց աղբատար մեքենաների անսարքությամբ. «Մեր մեքենաները խարաբ են եղել, դրանից էլ ուշ-ուշ են աղբը տանում: Կներեք, ես էլ ռուլին եմ, չեմ կարող խոսել»:



Ի դեպ նշենք, որ մեր զանգից հետո Միկրոշրջանի 54 շենքի տարածքի աղբը մաքրել են, իսկ մնացած թաղամասերում դեռ աղբամանները լիքն են:



**Նելլի Կարապետյան**